«

»

Jan 18 2012

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ

Աղբյուր` Accountant.am

Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի:

2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների:

Փոփոխություններ “Հարկերի մասին” օրենքում

Հիմնական փոփոխություններն են` ամբողջությամբ վերանայվել է օրենքի հոդված 26, որը վերաբերում է ապօրինի գործունեությանը: Այժմ ապօրինի գործունեությամբ զբաղվելու համար առաջին անգամ խախտումը արձանագրելու դեպքում տուգանքը սահմանված է իրացման շրջանառության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազ. դրամից, 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ արձանագրվելու դեպքում տուգանքը սահմանված է իրացման շրջանառության 100 տոկոսի չափով, իսկ նվազագույն տուգանքը դառնում է 500 հազ. դրամ:

Լիցենզավորման ենթակա գործունեությամբ առանց լիցենզիայի զբաղվելը չի որակվում որպես ապօրինի գործունեություն, և դրա համար նախատեսված տուգանքը այլ է` լիցենզիայի կամ թույլտվության տրման համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից, երկրորդ անգամ արձանագրվելու դեպքում` պետական տուրքի դրույքաչափի քսանապատիկի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից: Խախտում արձանագրվելու դեպքում գանձվում է նաև լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Արմատական փոփոխությունների է ենթարկվել հոդված 28-ը, որն այլևս դադարում է ստուգման հոդված լինելուց (միայն որևէ կոնկրետ գործարքի գծով կարող է իրականացվել առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքի ստուգում, “Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, ՀՕ-310-Ն, 07.12.2011), խախտումները արձանագրվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելով: Հասույթի գիրքը այլևս չի կիրառվում, իսկ առաքման գիրքը փոխարինվում է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքով, որում գրանցվում են տեղափոխվող ապրանքները (արտադրանքները) ուղեկցող փաստաթղթերը: Ընդ որում, հարկ է նշել, որ դրա վարումը պարտադիր է և ԱԱՀ վճարող չհամարվողների, և ԱԱՀ վճարող համարվողների համար, սակայն հարկային հաշիվների գրանցումը գրքում պարտադիր չէ (ՀՀ-ում առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և գրանցման (հաշվառման) կարգի 13-րդ կետ):

Կարգի խախտման համար սահմանված է ավելի խիստ պատասխանատվություն` անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքների տեղափոխման կամ առաքման կամ առաքվող կամ տեղափոխվող ապրանքն ուղեկցող փաստաթուղթը սահմանված կարգով չգրանցելու դեպքում խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով գանձվում է տուգանք անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, մեկ տարվա ընթացքում խախտումը երկրորդ անգամ արձանագրվելու դեպքում` անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, երրորդ անգամ` 200 տոկոսի չափով:

Հաջորդ հիմնական փոփոխությունը “Հարկերի մասին” օրենքում վերաբերում է գերավճարների հաշվանցման և վերադարձման հարցերի կարգավորմանը:

ՀՀ օրենքը “Հարկերի մասին” օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, ՀՕ-308-Ն, ընդունվել է 07.12.2011

Փոփոխություններ “Շահութահարկի մասին” օրենքում

Հիմնական փոփոխությունն է` փոխվել է շահութահարկի կանխավճարի դրույքաչափը: Նախկին մեկ վեցերորդի փոխարեն այժմ հարկատուները եռամսյակային կտրվածքով պետք է վճարեն նախորդ տարվա փաստացի շահութահարկի նկատմամբ հաշվարկված 18.75 % շահութահարկի կանխավճար, որը տարեկան կկազմի նախորդ տարվա շահութահարկի 75 % (75 / 4 = 18.75):

ՀՀ օրենքը “Շահութահարկի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՕ-301-Ն, ընդունվել է 29.11.2011

Փոփոխություններ “Եկամտահարկի մասին” օրենքում

Փոփոխության է ենթարկվել եկամտահարկի հաշվարկման սանդղակը: Այժմ 2 մլն-ից ավել եկամուտ ունեցող անձինք կվճարեն 392 հազ. դրամին գումարած 2 մլն. գերազանցող գումարի 25 տոկոսը (սոց. վճարը, որը ԱՎՈՒՄ-ի` 2 մլն. գերազանցելու դեպքում հավասար կլինի 60 հազ. գումարած 2 մլն. դրամը գերազանցող գումարի 8 տոկոս, և այլ նվազեցումները կատարելուց հետո):

Ինչպես շահութահարկի դեպքում, այստեղ նույնպես փոխվել է կանխավճարների հաշվարկման դրույքաչափը` նախկին մեկ վեցերորդի փոխարեն 18.75 %:

ՀՀ օրենքը “Եկամտահարկի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՕ-293-Ն, ընդունվել է 29.11.2011

ՀՀ օրենքը “Եկամտահարկի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՕ-299-Ն, ընդունվել է 29.11.2011

Փոփոխություններ “Ակցիզային հարկի մասին” օրենքում

ՀՀ օրենքը “Ակցիզային հարկի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՕ-317-Ն, ընդունվել է 06.12.2011

Փոփոխություններ “Ավելացված արժեքի հարկի մասին” օրենքում

Հիմնական փոփոխություններ` որոշ ապրանքների համար բարձրացել է մաքսատուրքը: Փոփոխության է ենթարկվել օրենքի 6.1 հոդվածը, մասնավորապես` հանվել է կրեդիտների հաշվին հետաձգված ԱԱՀ-ն մարելու հնարավորությունը: Դրա փոխարեն հարկ վճարողը կարող է իր հայեցողությամբ ներմուծման պահին կամ հետագայում հրաժարվել հետաձգման հնարավորությունից ինչպես ամբողջ գումարի չափով, այնպես էլ մասնակիորեն: Դա կիրառելի կարող է լինել այն դեպքերում, երբ, օրինակ, հարկ վճարողին հայտնի է, որ ներմուծված ապրանքը օտարվելու է, կամ օտարվելու է դրա մի մասը:

Փոխվել է մոտեցումը կոմիսիայի և գործակալության հիմունքներով իրացումների նկատմամբ:

Անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրացման դեպքում ԱԱՀ-ով հարկման շրջանառություն է համարվում գործարքի իրական արժեքի 80 %-ը:

Խստացվել է մոտեցումը անմիջական ներմուծող և անմիջական արտադրող հանդիսացող սուբյեկտների համար, որոնց շրջանառությունը առանց ԱԱՀ հաշվետու ամսվա կտրվածքով գերազանցում է 100 մլն. դրամը, եթե հաշվետու ժամանակաշրջանը ամիս է, և 300 մլն. դրամը, եթե հաշվետու ժամանակաշրջանը եռամսյակ է: Եթե նշված սուբյեկտների` առանց հարկային հաշիվների կամ ուղեկցող փաստաթղթերի (որի նկատմամբ պահանջները սահմանվում են նույն` օրենքի 8-րդ հոդվածի 12-րդ կետով) շրջանառությունը գերազանցում է ընդհանուր շրջանառության 10 %-ը, ապա այդ շրջանառությունը ավելացվում է 20 %-ով, ապա նոր հարկվում ԱԱՀ-ով:

ՀՀ օրենքը “Ավելացված արժեքի հարկի մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՕ-334-Ն, ընդունվել է 06.12.2011

Փոփոխություններ “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” օրենքում

Վարձու աշխատողները սոցիալական վճարումները 2012թ. հունվարի 1-ից հետո հաշվարկված ԱՎՈՒՄ-ի համար կկատարեն հետևյալ դրույքաչափերով` 3 % մինչև 2 մլն. ԱՎՈՒՄ-ի դեպքում, իսկ գերազանցող գումարի մասով` 60 հազ. գումարած գերազանցող գումարի 8 %:

Խստացվել է չգրանցված աշխատողներ ունենալու համար պատասխանատվությունը:

ՀՀ օրենքը “Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
ՀՕ-303-Ն, ընդունվել է 29.11.2011

Փոփոխություններ “Հաստատագրված վճարների մասին” և “Արտոնագրային վճարների մասին” օրենքներում օրենքում

2012թ. հունվարի 1-ից հաստատագրված վճարով հարկվող հետևյալ գործունեությունները հարկվում են ընդհանուր կարգով.
– բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի գործունեություն
– արդյունագործական ձկնորսության գործունեություն
– համակարգչային խաղերի կազմակերպում
– բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպում

2012թ. ապրիլի 1-ից հաստատագրված վճարով հարկվող հետևյալ գործունեությունների համար պետք է վճարել արտոնագրային վճար և ստանալ արտոնագիր.
– հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն
– հյուրանոցային տնտեսության օբյեկտների գործունեություն
– վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն
– ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն
– ավտոկանգառների գործունեություն
– թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում
– բիլիարդ խաղի կազմակերպում

ՀՀ օրենքը “Հաստատագրված վճարների մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,ՀՕ-148-Ն, ընդունվել է 11.05.2011

ՀՀ օրենքը “Հաստատագրված վճարների մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՕ-313-Ն, ընդունվել է 07.12.2011

ՀՀ օրենքը “Արտոնագրային վճարների մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՕ-314-Ն, ընդունվել է 07.12.2011

Փոփոխություններ “Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին” օրենքում

ՀՀ օրենքը “Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՕ-300-Ն, ընդունվել է 29.11.2011

Փոփոխություններ “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքում

ՀՀ օրենքը “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ՀՕ-329-Ն, ընդունվել է 07.12.2011

Աղբյուր` Accountant.am

7 կարծիք

Skip to կարծիք form

  1. David

    Կարո՞ղ է որևէ մեկը պատասխանել իմ 1 հարցի. եթե սուպերմարկետը ինքնուրույնաբար կատարել է ներմուծում և իր ցանցի միջոցով մանրածախ առևտուր է կատարում, մի՞թե դա ապօրինի է, և մի՞թե այս օրենքի փոփոխությունը ուղղակի ԱԱՀ դրույքաչափի բարձրացում չէ 20-ից 24 %:

    1. David Isakhanyan

      Անմիջական ներմուծողի կամ անմիջական արտադրողի կողմից մանրածախ առևտրի դեպքում ընդհանուր հասույթի մեջ մանրածախ շրջանառության 10 տոկոսը գերազանցելու դեպքում հասույթը ավելացվում է 20 տոկոսով այն դեպքում, երբ ապրանքների ձեռք բերման հարկային հաշիվ կամ ուղեկցող փաստաթուղթ: Նշված խնդրից խուսափելու համար ապրանքները մանրածախ առևտրի ցանց մուտքագրելու ժամանակա լրացրեք ուղեկցող փաստաթուղթ, որտեղ բացի այլ տվյալներից պարտադիր նշեք ապրանքի արժեքը և առանձնացված ԱԱՀ-ն:

  2. David

    Խնդրում եմ բոլորից բուռն քննարկել այս փոփոխությունները, քանի դեռ շատ ուշ չէ:

  3. Դավիթ Ասատրյան

    Դրամարկղային գործառնությունների մասին օրենքում 50000 դրամ տուգանքը տաս անգամ ավելացել է մինչև 500000 դրամը, հետաքրքիր է` էդ ով որոշեց, որ տաս անգամ, ինչու՞ քսան կամ քառասուն անգամ չի ավելացնում, ո՞նց կարելի ա վերցնել ու տաս անգամ բարձրացնել: Հետաքրքիր է, որ դրամարկղի գիրք չվարելու տուգանքը մնացել է նույնը` 50000 դրամ: Կարծես, թե օրենք գրողը օրենքը գրելուց քեֆը լավ էր, стрелять так стрелять…
    Հետո, ստացվում է, որ ես չեմ կարող մտնել Երևան Սիթի և 3 000 001 դրամի առևտուր անեմ, բայց 3 000 000 դրամի կարող եմ: Չեմ կարող մտնեմ սրահ և կանխիկով մեքենա գնեմ: Մի խոսքով, կան երևույթներ, որոնք ոչ մի լավ բան չեն բերում բիզնեսին, ինչպես ամեն օր լսում ենք պետական մարմիններից…

    Դե նոր տեսակի առաքման գիրքն ու ապրանքների ուղեկցող փաստաթղթերն էլ վերջն ա… Հետաքրքիր է` ինչպե՞ս են այս նորությունները աջակցում ՓՄՁ-ին և պայքարում ստվերի դեմ: Կարծում եմ` նպատակը պետ. բյուջեի պլանավորած մուտքերի ապահովումն է, ուրիշ ոչինչ:

    1. Eva

      Ամբողջովին համամիտ եմ Ձեզ հետ …

  4. Գևորգ Գրիգորյան

    Ներկա փուլում կատարվող կամ կատարված փոփոխությունները ընդամենը վնասում են ՓՄՁ-ին, ուրիշ ոչինչ: Հաստատագրված վճարողների մասնակի տեղափոխումը արտոնագրված վճարների դաշտ մեծ մասամբ ուղղակի թալան է քաղաքավարի ձևով: Հետաքրքիր է` ինչ է մտածում ՓՄՁ և ՀՀ ԿԱ հարկային տեսչությունը այս կարգի փոփոխություններ անելիս: Միայն թե չասեն` ի օգուտ մանր և միջին բիզնեսին:

  5. ՅՈՒՐԻ

    21.4 գործակցո՞վ:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: