«

»

Jan 25 2010

Օրենսդրական փոփոխություններ

Հարկեր

Այս թեմայում կփորձենք անդրադառնալ այն բոլոր հիմնական օրենսդրական փոփոխություններին, որոնք կատարվել են վերջերս:

Հարկերի մասին օրենք

2010թ.-ից հարկային մարմիններին հաշվետվություններ ներկայացնել հնարավոր կլինի հետևյալ երեք եղանակներից մեկով.

1. Առձեռն
2. Փոստով
3. Էլեկտրոնային եղանակով

Որոշ կազմակերպությունների համար էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնելու տարբերակը պարտադիր կլինի («Հարկերի մասին օրենք», հոդված 15.1): Այս եղանակը ենթադրում է հաշվետվությանը կից էլեկտրոնային ստորագրության առկայություն: Նախատեսվում է կիրառել ինչպես մեկ, այնպես էլ մեկից ավելի էլեկտրոնային ստորագրություններով հաշվետվությունների ներկայացման կարգ:

«Հարկերի մասին օրենքում» ավելացվել է 17.1 հոդվածը, որը ենթադրում է հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակել հարկ վճարողի մոտ հետևյալ հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում.

ա) հարկ վճարողի նախորդ տարվա ապրանքների, արտադրանքի, ծառայությունների ինչպես նաև հարկ վճարողի ակտիվների իրացումից ստացվող հասույթը (զուտ հասույթը` առանց անուղղակի հարկերի) գերազանցել է 4 միլիարդ դրամը, կամ

բ) հաշվետու տարվա որևէ պահին նախորդող երեք ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցել է 500 միլիոն դրամը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված այն հարկ վճարողների, որոնց ներդրումային ծրագրերի շրջանակներում «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների համար մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը օրենքով սահմանված կարգով հետաձգվել է, կամ

գ) ԱԱՀ վճարողի մոտ հաշվետու տարվա ընթացքում սույն օրենքի 22.1 հոդվածով սահմանված չափագրումների արդյունքում արձանագրվել է հարկ վճարողի ներկայացված հաշվետվությունների տվյալների և չափագրումների արդյունքների միջև 100 միլիոն դրամ և ավելի չափով շեղում (տարբերություն), կամ

դ) հարկ վճարողը ներկայացրել է գրավոր դիմում:

ԱԱՀ-ի մասին օրենք

Այս տարվա հուլիսի 1-ից գործելու է հարկային հաշիվների դուրս գրման հատուկ կարգ: Այն նախատեսում է ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային կրիչներով հարկային հաշիվների դուրս գրում:

Էլեկտրոնային տարբերակի դեպքում անհրաժեշտ կլինի ինտերնետ միացում: Այսպիսի փաստաթղթերի վրա կդրվի էլեկտրոնային ստորագրություն: Այս տարբերակը թեստավորում կանցնի այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին: Հարկ է նշել նաև, որ այս եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելիս կարիք չի լինի տեղեկություններ ներկայացնել ստացված և դուրս գրված հաշիվերի վերաբերյալ:

Տնտեսվարող սուբյեկտը կկարողանա ընտրել նաև թղթային կրիչով հարկային հաշիվ դուրս գրելու տարբերակը` ձեռք բերելով հատուկ հաշվառված հարկային հաշիվներ: Այս կարգը խախտելու կամ ապօրինի ձեռք բերված կամ պատճենահանված ձևերի լրացմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը կվճարի տուգանք` հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 մլն դրամից:

Հարկ է նշել նաև, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կիրառել հարկային հաշիվ դուրս գրելու այս երկու տարբերակները միաժամանակ, այսինքն` մեկ գործարքի համար հնարավոր կլինի ընտրել այս կամ այն տարբերակը: Այս դեպքում ստացված և դուրս գրված հաշիվների մասին տեղեկություններ հարկային մարմիններին կներկայացվեն միայն թղթային կրիչների մասով:

Շահութահարկի մասին օրենք

Անցյալ տարի ՀՀ տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով, որոնց համար հարկային մարմիններին ներկայացվել են տեղեկություններ, տնտեսվարող սուբյեկտները կարող էին նվազեցնել իրենց համախառն եկամուտը: Սակայն այս կետի գործողությունների ժամկետը կասեցվել է մինչև 2012թ. հունվարի 1-ը: Այժմ փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի համար, եթե դրանց միանվագ գործարքը չի գերազանցում 300,0 հազար դրամը, իսկ ամսվա կտրվածքով` 3,0 մլն դրամը, հարկ կլինի վճարել 11 % եկամտահարկ:

Այս տարի չի գործելու շահութահարկի/եկամտահարկի վճարման նվազագույն 2 տոկոս և առավելագույնը 10 տոկոս դրույքաչափը, որը, ըստ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի, կառավարության կողմից տրված արտոնություն էր մանր ձեռնարկատիրությանը, ինչի արդյունքում տնտեսվարողները խնայել են մոտ 30 մլրդ դրամ։

Ակցիզային հարկի մասին օրենք

Այս օրենքի հիմնական փոփոխությունը «Ակցիզային պահեստ» ռեժիմի ընդունումն է, որը ենթադրում է, որ ենթաակցիզային ապրանք արտադրողները` հիմնականում ալկոհոլային խմիչք և ծխախոտ արտադրող-ներմուծողները, այսուհետ իրենց առաքումները պետք է իրականացնեն հարկային մարմնի հսկողությամբ:

Ինչ վերաբերում է ալկոհոլային խմիչքներին, ապա ներմուծվող և վաճառվող օղու նկատմամբ կիրառվելու է նվազագույն գին հասկացությունը` 3500 դրամ 100 %-անոց սպիրտի նկատմամբ, կամ ավելի պարզ ասած` 0, 5 լ օղին պետք է արժենա 700 դրամից ոչ պակաս: Ավելի էժան վաճառելու դեպքում օրինախախտները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով` 300 հազար դրամով:

Այս և մնացած օրենսդրական փոփոխություններին ավելի մանրամասն հնարավոր կլինի ծանոթանալ “Պաշտոնական տեղեկագրում”, որը լույս կտեսնի մոտ օրերս:

Աղբյուր` accountant.am

Facebook մեկնաբանություններ

7 կարծիք

Skip to կարծիք form

  1. Դիանա

    Հարգելի կոլեգաներ, ըստ վերը շարադրված շ/հ-կ մասին օրենքում կատարված փոփխությունների` “այս տարի չի գործելու շահութահարկի/եկամտահարկի վճարման նվազագույն 2 տոկոս և առավելագույնը 10 տոկոս դրույքաչափը”: Խնդրում եմ ինձ հուշեք` փոխարենը ինչպես պետք է վարվենք (ՀԴՄ-ով աշխատող ԱՁ):
    Կանխավ շնորհակալ եմ

  2. Accountant.am

    Հարգելի Դիանա,
    Ուղղակի Ձեր շահութահարկը/եկամտահարկը հաշվարկելիս դրա նկատմամբ 2-10 % չեք կիրառելու:

  3. Դիանա

    Հարգելի Արտ, ես ճիշտ հասկացա, որ շահութահարկի կանխավճար տարվա ընթացքում չեմ կատարելու և միայն տարվա վերջում կիրառելու եմ 20%???

    Շնորհակալություն

  4. Accountant.am

    Հարգելի Դիանա,
    Ա/Ձ – ն շահութահարկ չի վճարում, այլ վճարում է եկամտահարկ: Իսկ Ձեր շահութահարկի/եկամտահարկի կանխավճարը նախկինում ինչպե՞ս էիք հաշվարկում:

  5. Դիանա

    Հարգելի Արտ, ես ի նկատի ունեմ ՀԴՄ կտրոններով ամսական շրջանառության նվազագույն 2% վճարումները (կանխավճարները)

  6. Accountant.am

    ՀՀ օրենքը եկամտահարկի մասին.
    Հոդված 29. Եկամտահարկի կանխավճարները
    1. Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկերի կանխավճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով:

    2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա տասնհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ: Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու և օրենքով սահմանված այլ դեպքում հարկային տեսչության մարմիններն այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

    3. Ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն կարող է եկամտահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմիններ:

    4. Այն հարկատուն, որը նախորդ տարում ունեցել է վնաս, կամ որի նախորդ տարվա եկամտահարկի գումարը չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող կարող է եկամտահարկի հաշվարկ ներկայացնելուց հետո կանխավճարներ չվճարել: Մինչև նախորդ տարվա փաստացի եկամտահարկի գումարի հաշվարկումը հարկատուն եկամտահարկի կանխավճարները առաջին անգամ (մինչև մարտի 15-ը) կատարում է նախորդ տարվա վերջին` կանխավճարի չափից ոչ պակաս:

    5. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող պակասը նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն: Կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի եկամտահարկի երկու երրորդից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի եկամտահարկի մեկ վեցերորդի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (եկամուտների հաշվարկման) օրը:

    6. Հարկատուն հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, հաշվարկում է եկամտահարկի գումարը` դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար վճարված կանխավճարների գումարները:

    7. Եթե հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հաշվարկ ներկայացնելու) օրը. բայց մայիսի 1-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:

    8. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի եկամտահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն եկամտահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային տեսչության մարմնին փաստացի եկամտահարկի գումարը հայտնի դառնալու (հաշվարկ ներկայացնելու) օրը: Եկամտահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկը սկսվում է մայիսի 1-ից` եկամտահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

    (29-րդ հոդվածը փոփ. 07.07.06 ՀՕ-165-Ն, լրաց., փոփ. 21.08.08 ՀՕ-148-Ն)

    Հոդված 29.1. Եկամտահարկի նվազագույն գումարը

    1. Սույն օրենքի 29 հոդվածով սահմանված կարգով որոշված եկամտահարկի կանխավճարի գումարը յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում սույն հոդվածի երրորդ մասով սահմանված մեծության մեկ տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն պարտավոր է կատարել նվազագույն եկամտահարկի եռամսյակային վճարումներ:

    2. Նվազագույն եկամտահարկը վճարվում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծությունից մեկ տոկոս դրույքաչափով:

    3. Նվազագույն եկամտահարկը հաշվարկվում է նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների (բացառությամբ հիմնական միջոցների, ինչպես նաև արժեթղթերի և ֆոնդային ապրանքների), արտադրանքի (բացառությամբ սույն օրենքի 11 հոդվածով սահմանված) իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամտի (որը չի ներառում նշված եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը) և նույն ժամանակահատվածում այդ եկամտի 50 տոկոսը չգերազանցող մասով` հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերության նկատմամբ, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի: Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն եկամտահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:

    Հոդված 31.2. Առանձին հարկ վճարողների 2008 և 2009 թվականների եկամտահարկը

    2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա եկամտահարկը չեն կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից և ավելի` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար եկամտահարկի վերջնական գումարներ:

  7. Դիանա

    Հարգելի Արտ,
    Շնորհակալ եմ մատչելի պատասխանի համար 🙂

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *

Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից:
Loading...