Հարկերի մասին
Հարկերի պատմությունը սկսվում է հնագույն ժամանակներից: Համենայն դեպս, դրանց գոյության ապացույցները 2500 տարվա պատմություն ունեն: Օրինակ, Հին Եգիպտոսում, որտեղ իշխանությունը պատկանում էր հզոր բյուրոկրատիային, այդպիսի պետական ապարատ պահելու համար փողի պահանջը այնքան մեծ էր դարձել, որ առաջացրել էր բազմաթիվ ամենատարբեր հարկեր: Հարկային պետական պաշտոնյաները (նրանց ֆունկցիաները այն ժամանակներում կատարում էին գրիչները` հասարակության ամենակիրթ անդամները) ուղեկցում էին եգիպտացիներին նույնիսկ հանդերձյալ կյանք. փարավոնների դամբարաններում ծառաների արձանիկների հետ միասին, որոնք կոչված էին ուղեկցելու փարավոնին նրա մահվանից հետո, հայտնաբերվում են նաև հարկերով զբաղվող գրիչների արձանիկներ: Նրանք պետք է այն աշխարհում էլ օգնեին փարավոնին լցնել պետական գանձարանը:
Հիմնական խնդիրները, որոնք որոշում էին հարկման եղանակների զարգացումը, կարելի է ձևակերպել երկու պարզ հարցերի տեսքով` ո՞վ պետք է վճարի հարկեր և ի՞նչը պետք է հանդիսանա հարկման օբյեկտ:
Առաջին հարցի պատասխանը մարդկության` մեզ հայտնի պատմության մեծ մասի ընթացքում նույնն է եղել, այն է` հարկերը պետք է վճարի հիմնական բնակչությունը, այսինքն` գյուղացիները, արհեստավորները, առևտրականները, գաղութների բնակիչները: Դա նրանց պարտականությունն է, քանի որ իրենց փողերով նրանք պետք է ապահովեն իրենց երկրի գանձարանի եկամուտները: Հարկման` որպես երկրի ազատ քաղաքացու պարտականության գաղափարը առաջացել է համեմատաբար վերջերս այն բանից հետո, երբ Անգլիայում, ԱՄՆ-ում, իսկ հետո նաև Արևմտյան Եվրոպայի երկրներում առաջացան սահմանադրություններ և դեմոկրատական պետական մեխանիզմներ:
Ընդ որում, հարկման մեխանիզմի ժամանակակից ըմբռնմանը մարդկությունը մոտեցել է ոչ միանգամից: Սկզբում գերիշխում էր “պարգևի” գաղափարը. քաղաքացին տիրակալին նվեր էր մատուցում որպես շնորհակալություն թշնամիներից պաշտպանելու համար: Հետո դրան փոխարինեց պետության խոնարհ խնդրանքը ժողովրդին` ազգի ընդհանուր խնդիրների լուծման համար աջակցություն ցուցաբերելու համար: Այս գաղափարը սահուն կերպով վերածվեց պետությանը քաղաքացիների կողմից դրամական միջոցներով օգնություն ցույց տալու անհրաժեշտությանը: Չորրորդ քայլը դեպի ժամանակակից հարկերը եղավ զոհաբերության գաղափարը, որը քաղաքացիները կատարում էին իրենց պետության շահերի համար: Հինգերորդը` պետության առջև քաղաքացու պարտքի տեսությունը:
Հարկման գաղափարի զարգացման վեցերորդ մակարդակը` երկրի ընդհանուր շահերի համար պետության` բնակչությունից հարկեր գանձելու իրավունքը: Եվ վերջապես, յոթերորդը` հարկերի` որպես քաղաքակիրթ հասարակությունում ապրելու համար անհրաժեշտ վճարի ըմբռնում:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, թե ի՞նչն արդյոք պետք է հանդիսանա հարկման օբյեկտ, ապա դրա պատասխանը մարդկությունը փնտրում էր շատ երկար ժամանակ: Հռոմեական հարկման համակարգի օրինակը այս պատասխանը փնտրելու փուլերից մեկն է: Հռոմեական Կայսրության տարբեր գավառների քաղաքացիներից գանձվում էին հետևյալ հարկերը և տուրքերը.
- Գանձում շուկայի հսկողությունը կազմակերպելու համար
- Նավահանգստում բեռնման և բեռնաթափման տուրքեր
- Ճանապարհի տուրք
- Գործարքի տուրք (վաճառքի տուրք)
- Ավանակների համար պիտակի տուրք
- Ժառանգության հարկ
- Փողի փոխանակման տուրք
- Հարկի վճարման ժամանակ անդորրագրի դուրս գրման և կնքման համար տուրք
- Անասունի համար գանձվող տուրք
- Ստրուկ ունենալու հարկ
- Մայրաքաղաքի մթերային ֆոնդ վճարվող հարկ
- Հողի հարկ
- Հատուկ հարկեր բանջարանոցներից
- Գինու հարկ
- Ցորենի հարկ
- Վարունգի հարկ
- Բնակարանային վճարից գանձում
- Գանձում ձուկ վաճառողներից
- Գանձում բեռնասայլորդներից
- Գանձում բաղնեպաններից
- Գանձում մարմնավաճառներից
- Մեկ շնչի համար տուրք
- Արմավից ստացված եկամտի հարկ
- Շինության տակ գտնվող հողից ստացվող եկամտի հարկ
- Արձաններ կանգնեցնելու հարկ
- Չունևորներին կերակրելու համար հարկ
- Բնակարանային հարկ
- Մաքսատուրք գինուց
- Բաղնիքներ պահելու համար տուրք
- Մեծանուն հյուրերի խնամակալման համար տուրք
- Գետի պահակախումբ պահելու համար տուրք
- Ապառքապարտերի համար բանտ պահելու տուրք
- Կայազոր պահելու համար տուրք
- Պահակադիտանոցներ պահելու համար տուրք
- Ոսկե պսակի համար տուրք` որպես վերին իշխանության ներկայացուցչի նկատմամբ հավատարմության զգացմունքների արտահայտություն
- Ոստիկանության ռոճիկի համար գանձվող տուրք
- Ամբարտակների պահպանման և նորոգման համար տուրք
- Հարկ հավաքողներին պահելու տուրք
- Պետական հաստատությունների համար գրենական պիտույքներ ձեռք բերելու տուրք
- Ներկայացումների կազմակերպման համար տուրք
- Շրջանի պետի համար տուրք
- Բարեգործությունների համար տուրք
- Առևտրի շրջանառության հարկ
- Օճառի հարկ
- Ներմուծման և արտահանման մաքսատուրքեր
- Մաքսատուրք դարպասը անցնելու համար
Աղբյուր` accountant.am

