Category: Աշխատավարձ, կադրեր

Աշխատողի աշխատավարձը փոփոխվել է

Հայկ․

Բարև ձեզ: Աշխատողի աշխատավարձը փոփոխվել է փետրվարի 11-ից՝ կապված աշխ. պայմանների փոփոխության հետ: Այս դեպքում ճի՞շտ է փետրվար ամսվա աշխատավարձի հետևյալ հաշվարկը. մինչև փետրվարի 11-ը աշխատած օրերի համար՝ հին աշխատավարձը բաժանել փետրվարի աշխ. օրերի վրա և բազմապատկել աշխատած օրերի քանակ: Իսկ փետրվարի 11-ից հետո նույն կերպ հաշվել նոր աշխատավարձով: Եվ գումարել իրար։

Հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում

Տաթևիկ․

Բարև Ձեզ: Ըստ ՀՀ ԱՕ 129-րդ հոդվածի 1-Ին մասի՝ «1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ`…….»:

Հարցս հետևյալն է․ եթե պետական ՀՈԱԿ-ի աշխատակիցների հաստիքը 1 դրույքից փոփոխվել է 0.75-ի, 0.25-ի, արդյո՞ք դա համարվում է հաստիքի կրճատում և/կամ աշխատանքի էական պայմանների փոփոխում, ըստ վերը նշված հոդվածների հիմքերի (113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ, 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ ), և արդյո՞ք արձակման նպաստ տրամադրվում է աշխատակիցներին, թե՞ ոչ: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Դրոշմանիշային վճար

Տաթևիկ․

Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը աշխատում է ժամավճարով՝ 1 ժամը 1 000 դրամ (ներառյալ հարկերը), ու՞մից պետք պահվի դրոշմանիշային վճարը։

Տաբելի լրացման վերաբերյալ

Աննա․

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատակիցը ստացել է ծանուցագիր վարժական հավաքներին մասնակցելու վերաբերյալ՝ 25 օրացուցային օր: Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում (տաբելում) բացակա՞ է դրվելու, թե՞ ոչ, քանի որ նա պետք է վարձատրվի օրենքով սահմանված կարգով: Կանխավ շնորհակալություն:

Նպաստի վճարում լուծարման դեպքում

Դիանա․

Բարի երեկո։ Եթե անձը ֆիզ. արձակուրդում է, կազմակերպությունը լուծարվում է.

1) Երեխայի խնամքի նպաստը դադարեցնու՞մ են փոխանցել

2) Եվ եթե մյուս աշխատակցի վճարվող արձակուրդն ավարտվել է (2 տարին), 1 տարի հետո պետք է վերադառնար աշխատանքի, վերջնահաշվարկ ունի՞ ստանալու

Շնորհակալ եմ։

Չվճարվող արձակուրդ

Էմմա․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերվում է ՀՀ ԱՕ 176-րդ հոդվածին: Կարո՞ղ եմ աշխատողին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ առանց 176-րդ հոդվածի 1-ին մասում նշված հիմքերի: Կանխավ շնորհակալություն:

Գրանցման հայտը չի ներկայացվել

Տաթև․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ եթե քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակցի պայմանագիրը մինչև 29/12/2023թ․ է գործել, բայց գրանցման հայտը չի ներկայացվել, ի՞նչ կարելի է անել։ Եթե հայտը հիմա ներկայացնեմ, ի՞նչ կարող է լինել։

Աշխատավարձի ավանսի ձևակերպումներ

Նելլի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ տալ աշխատավարձի ավանսի ճիշտ ձևակերպումները։

Աշխատավարձի փոխանցում բիզնես քարտին

Սուսաննա․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցիս: ՍՊԸ-ն բացելիս բանկում 2 հաշվեհամար են տվել, որից մեկը ընթացիկ հաշիվ, որը բացված է տնօրենի անունով, ու տվել են տնօրենին այդ հաշվեհամարի բիզնես քարտը: Հիմա կարո՞ղ եմ այդ հաշվեհամարին տնօրենի աշխատավարձը փոխանցել, թե՞ դա ՍՊԸ-ինն է, և տնօրենը պետք է իր համար առանձին հաշվեհամար բացի։

Փոխառության տրամադրում ՍՊԸ-ին

Էդուարդ․

Ողջույն։ Նորաբաց ՍՊԸ է, գրանցման ամսաթիվ 20.02.24, կանոնադրական կապիտալ 3դր: Միակ հիմնադիրն ու գործադիր տնօրենը ես եմ, տնօրենի աշխատանքային գրանցումը 21.02.24, շաբաթական աշխատաժամանակը 6 ժամ: Գործունեություն և եկամուտ դեռևս չկա: Փետրվարի համար պետք է տամ ինձ 9 օրվա աշխատավարձ, աշխատավարձը պետք է տամ` ՍՊԸ-ին փոխառություն տալով: Օգնեք հասկանալ ողջ գործընթացը:

Հարց 1․ ո՞նց եմ իրականացնելու փոխառությունը
Հարց 2․ ո՞նց և նվազագույնը ինչքա՞ն գումար կարող եմ փոխանցել ինձ որպես աշխատավարձ Հարց 3․ ո՞նց և ե՞րբ եմ կատարելու փոխանցված աշխատավարձի համար հարկերի վճարումը (եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար)

Երեխայի խնամքի արձակուրդը լրանում է

Դիանա․

Հարգելի հաշվապահներ, շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։ Եթե ֆիզ. արձակուրդից ֆիզ. եմ գնացել և մի քանի ամսից ավարտվում է արձակուրդը․
1) առանց գրավոր ծանուցելու չեն կարող ազատել աշխատանքից, այդ դեպքում որո՞նք են իմ անելիքները (բանավոր ուղղակի ասել են, որ առայժմ աշխատողի կարիք չունեն)
2) եթե ժամկետը լրանա, ու ինձ չընդունեն աշխատանքի, ես վերջնահաշվարկ ունե՞մ ստանալու, եթե ֆիզից ֆիզ եմ գնացել ու այդ ընթացքում չեմ աշխատել
3) ինչպե՞ս կարող եմ իմանալ՝ արձակուրդային չօգտագործված օրեր ունե՞մ

Կանխավ շնորհակալ եմ։

Ազատում աշխատանքից

Էմմա․

Բարև բոլորին։ Մի էսպիսի հարց ունեմ․ եթե Աշխատողը դիմում է ներկայացրել 26.02-ին, որ 01.03-ից ցանկանում է ազատվել աշխատանքից, և Գործատուն չի առարկում: Կարող եմ չէ՞ իրեն ազատել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2.1. մասով: Կանխավ շնորհակալություն:

Աշխատաժամանակի ամրագրում պայմանագրում

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի՛ ոլորտի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե մասնավոր պահնորդական ծառայության անվտագության աշխատակիցը աշխատում է 21:00-09:00 մեկ օր հանգստյան օր, կամ 2 օր իրար հաջորդող 21:00-09:00 և 2 օր հանգստյան օրեր ընդհանուր յուրաքանչյուր հերթափոխային օր 12 ժամ և ընդմիջումը ներառյալ վճարվում է, ամսվա կտրվածքով լինում է 15 կամ 16 օր, և ընդհանուր 168 կամ 192 ժամ, ուստի այս աշխատաժամանակը աշխատանքային պայմանագրում ո՞ր ռեժիմի տակ պետք է ամրագրել, արդյո՞ք համարվում է աշխատաժամանակի գումարային հաշվարկ: Նախապես շնորհակալություն։

Նպաստի արտացոլում հաշվետվությունում

Սոնա․

Բարև Ձեզ։ Արդյո՞ք հիվանդության նպաստը հաշվետվության մեջ լրացվում է ըստ ամիսների, թե՞ անաշխատունակության ժամանակահատվածը լրացվում է ամբողջովին, իսկ հետո հետպահում արվում։

Կանխավ շնորհակալ եմ։

Տնօրեն համատեղությամբ

Տիգրան․

Բարև ձեզ, կարո՞ղ է X ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը լինել Y ՍՊԸ-ում գրանցված աշխատող: Եթե այո, դա նորմալ ընթացքով է լինում, թե՞ որոշալի այլ գործողություններ է պետք, որ գրանցվենք այդպես։

Հիմնադրամի տնօրենի համար գրանցման հայտ չի ներկայացվել

Իլոնա․

Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ, հարցս վերաբերվում է հիմնադրամներին: Հիմնադրամը գրանցվել է 2023թ նոյեմբերին, գործնեություն չի ծավալել, աշխատող չի ունեցել։ Միայն տնօրենը պետ. ռեգիստրում նշված էր 22.11.2024թ: Փաստացի գործնեությունը սկսել է հունվարից 2024թ., ոչ մի հաշվետվություն դեռ չկա հանձնված: Կասե՞ք՝ որտեղի՞ց սկսել , և արդյո՞ք տնօրենի համար աշխատողի հայտ չներկայացնելը խնդիր է լինելու: Նշեմ նաև, որ այդ ամիսների համար աշխատավարձ չի ստացել տնօրենը ու չի ստանալու:

Աշխատանքային պայմանների փոփոխություն

Մայիս․

Բարև Ձեզ:

1․ Ընկերությունն ունի աշխատակից, ով այս պահին ծնողական արձակուրդում է (2 տարի), ով նախատեսում է վերականգնվել սեպտեմբերի 1-ին: Նրա վերջին պայմանագրով ամբողջ դրույքի համար իր աշխատավարձը եղել է 250 000 ՀՀ դրամ: Վերջին տարվա ընթացքում Ընկերության աշխատավարձերի սանդղակը փոփոխվել է, և իր դիպլոմի և փորձի պայմաններում աշխատավարձը նոր հաշվարկով պետք է նվազի: Արդյո՞ք կարող է աշխատակցին առաջարկվել ավելի վատ աշխատանքային պայմաններ, ծնողական արձակուրդից վերադառնալու պարագայում, եթե աշխատանքային օրենսգրքով պահանջվում է պահպանել հաստիքը և նույն պայմանները:

2․ Ո՞ր դեպքերում Գործատուն կարող Աշխատողին ազատել աշխատանքից Աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի հիմքով։

Աշխատանքից ազատում ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով

Հայկ․

Բարև Ձեզ: Գործատուն ցանկանում է աշխատողին ազատել ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, այսինքն աշխատանքային պարտականությունները թերի կատարելու համար:

Հարց 1. Ծանուցումը քանի՞ օր առաջ պետք է ուղարկել:

Հարց 2. եթե աշխատողը հրաժարվում է առձեռն ստորագրել ծանուցումը, ապա փոստային առաքումով ուղարկելը բավարար հի՞մք է ազատելու համար:

Հարց 3. եթե աշխատողը այլևս չի ներկայանում աշխատանքի, ապա այդ օրերի համար աշխատավարձի հաշվարկ չի՞ կատարվում:

Բացակայություններ աշխատանքից

Վազգեն․

Մեկ տարվա մեջ աշխատակիցը քանի՞ ժամ կարող է օրինական բացակայել աշխատանքից:

3 000 դրամ սոցիալական վճար

Քնարիկ․

Բարև ձեզ, եթե հունվարին հայտ ենք ներկայացրել մինչև երեք տարեկան երեխայի նպաստի արձակուրդի, հունվարի եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույց չե՞մ տալու 3 000 դրամը, տողը ակտիվ չէ, ինքն էլ ինքնաշխատ չի լրացվում, ինչը ՞ կարող է խնդիր լինել։

Տնօրենը օտարերկրացի է

Եվա․

Կասե՞ք՝ եթե կազմակերպության տնօրենը Վրաստանի քաղաքացի է, ինչպե՞ս պետք է գրանցել, և ի՞նչ հարկեր է վճարելու։

Արդյո՞ք մայրը կզրկվի նպաստից

Նարե․

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել ճիշտ կողմնորոշվելու այսպիսի իրավիճակում․

Երեխան 2023թ-ի ծնունդ է։ Մայրը վարձու աշխատող է՝ գտնվում է խնամքի արձակուրդում, ստանում է նպաստ 31 600 դրամ։ Մայրը ցանկանում է իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, այսինքն դուրս գալ վարձու աշխատողի կարգավիճակից։ Այնուհետև պետռեգիստրում գրանցվի որպես անհատ ձեռներեց և հաշվառման կանգնի ՊԵԿ-ում։ Աշխատելու է, գործունեություն է ծավալելու հարկման շրջհարկի դաշտում և համաձայն օրենքի վճարելու է ամսական սոցվճար։ Խնդրում եմ պատասխանել ճի՞շտ եմ մտածում՝

1․ Մայրը այս պարագայում չի՞ զրկվի նպաստից

2․ Նպաստ կստանա 37 500 դրամ՝ որպես աշխատող նպաստառու։

3․ Վերոգրյալի դրական պատասխանի դեպքում, արդյոք կա՞ լրացուցիչ թղթերի ներկայացման անհրաժեշտություն։ Եթե այո, ապա խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել online տարբերակով և որտե՞ղ։

Կանխավ շնորհակալություն պատասխանի համար։

Աշխատակիցն ազատվել է աշխատանքից

Սոնա․

Բարև Ձեզ։ Վեցօրյա գրաֆիկով աշխատող աշխատակիցն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2024թ․ հունվարի 31-ին։ Նախորդ տարիներից չի ունեցել չօգտագործած արձակուրդային օրեր։ Կատարվել է աշխատակցի հետ վերջնահավարկ, վճարվել է աշխատած օրերի համար և հունվար ամսին կուտակած 2 օր արձակուրդային։ Արդյո՞ք ճիշտ են կատարված գործողությունները, և այս դեպքում արձակման նպաստ գործատուն պե՞տք է վճարի, թե՞ ոչ։

Արձակուրդային գումարի վերադարձ

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ աշխատողը 2020 թվականից ստացել է իր արձակուրդայինները, 2023 թվականի դեկտեմբերին դիմում է գրել արձակուրդի, որը տրամադրվել է 2024 թվականի հունվարի 3-ից, արձակուրդից հետո դիմում է գրվել աշխատանքից ազատվելու, և դուրս է եկել աշխատանքից (նախօրոք դեկտեմբերին տեղեկացրել է, որ դուրս է գալու )։ Հիմա քանի որ տրամադրել են արձակուրդային, հետ են պահանջում՝ նշելով, որ 6 ամիս 2024 թվականին չի աշխատել։ Իրավացի՞ են արդյոք գումարը հետ պահանջեն, (վերջնահաշվարկը վաղը պետք է փոխանցեն, բայց չգիտենք ինչքան, բոլոր արձակուրդներից օգտվել է)։

Արդյո՞ք աշխատակիցն ունի լրացուցիչ արձակուրդի իրավունք

Սոնա․

Բարև Ձեզ, խնդրում եմ կնշե՞ք՝ ապահովագրական ընկերության բժիշկ հաստիքում աշխատող մասնագետը համարվու՞մ է լրացուցիչ արձակուրդ ունեցող անձ: Լրացուցիչ արձակուրդների վերաբերյալ Կառավարության որոշման մեջ միայն մասնագիտություն հատվածում նշված է Բժիշկ: Բայց ապահովագրականի բժիշկը պրակտիկ բժշկությամբ չի զբաղվում:

Կուտակային կենսաթոշակ ՌԴ քաղաքացու համար

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե անձը ՌԴ քաղաքացի է, սակայն ունի Հանրային Ծառայությունների Համարանիշ ՀՀ-ում, արդյո՞ք նրանից պահված սոցիալական վճարը հետագայում մասնակցում է նրա կուտակային կենսաթոշակի հաշվարկին։ Շնորհակալություն։

Կամավոր սոցիալական վճար

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս կարող է սոցիալական վճար չվճարող աշխատակիցն իր կամքով սկսի վճարել սոցիալական վճար։

Աշխատանքային գրքույկների թվայնացում

Ինեսսա․

Բարև Ձեզ, խնդրեմ կտեղեկացնե՞ք՝ աշխատանքային գրքույկների ներկայացման ժամանակահատվածը մինչև ե՞րբ է երկարացվել։

Փոխարինող աշխատողի աշխատավարձ

Մայիս․

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակ. Անձը բուժաշխատող է և յուրաքանչյուր ամիս վերցնում է 8 հերթափոխ: Անհրաժեշտություն է առաջացել բացակայող ցերեկային աշխատողին փոխարինելու և, Աշխատողը իր 8 հերթափոխի փոխարեն վերցնում է 4 հերթափոխ և 1 ամիս փոխարինում է ցերեկային աշխատողին: Սակայն երբ գալիս է աշխատավարձ ստանալու ժամանակը, Աշխատողին հայտնում են, որ նա ստանալու է աշխատավարձ միայն 4 հերթափոխի համար, իսկ փոխարինելու համար աշխատավարձ չի տրամադրվում: Հարց՝ ո՞ր նորմով է կարգավորվում արձակուրդ գնացած աշխատողի փոխարեն վերջինիս փոխարինող աշխատողի աշխատավարձ ստանալու կարգը:

Դրոշմանիշային վճարի վերադարձ

Միքայել․

Բարև Ձեզ։ Հարցս վերաբերվում է դրոշմանիշային վճարին։ Զինվորս զորացրվել է15.01.2024թ-ին։ Ուզում եմ իմանալ՝ մեզ հասանելի՞ է ետ վերադարձը, շնորհակալություն։

Աշխատակիցը ունենում է ուշացումներ

Սոնա․

Բարև բոլորին։ Խնդրում եմ օգնեք։ Ինչպե՞ս կարող եմ վարվել աշխատանքից պարբերաբար ուշացող աշխատակցի հետ, որպես կարգի հրավիրելու մեթոդ կարո՞ղ եմ պահում անել աշխատավարձից, և դա ինչպե՞ս պետք է կազմակերպեմ օրենքով։

Դրոշմանիշային վճար

Ժասմեն․

Ժամավճարով աշխատող դասախոսի դեկտեմբերի աշխատավարձը կազմում է 655 դրամ: Ո՞վ է վճարելու դրոշմանիշային վճարը:

Տնօրենի ազատում աշխատանքից

Աննա․

Բարև ձեզ։

Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ի՞նչ անել, եթե տնօրենն եմ և ուզում եմ ազատվել աշխատանքից, իսկ հիմնադիր տնօրենը չի ստորագրում իմ դիմումի տակ և նոր տնօրեն չի բերում։

Գիտեմ, որ հարկավոր է պետռեգիստրից հանել և նորին գրանցել հիմնադիրի հրամանի համաձայն, կատարել վերջնահաշվարկ և հարկայինից հանում։ Սակայն հիմնադիրը չի տալիս հրաման, և բացի դատարան դիմելուց ինչպե՞ս կարող եմ ես ազատվել աշխատանքից։

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Հայկ․

Հարգելի կոլեգաներ, ընկերությունը ներքին հրամանով աշխատանքային տարվա և օրվա սկիզբ է համարել 2024թ հունվարի 8-ը, աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ՝ 02․01․2024-08․01․2024 ժամանակահարվածի համար։ Հարցս հետևյալն է՝ վճարելու՞ են արդյոք այդ օրերի համար, քանի որ կառավորության որոշումով աշխատանքային օրերի սկիզբ է մարվում ամսի 8-ը։

Հերթափոխով աշխատող պահակ

Լիլի․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․

Հանրակրթական դպրոցում հերթափոխով աշխատող պահակը տոնական օրերին արդյո՞ք կրկնակի պետք է վարձատրվի, և եթե այո, ապա հաշվարկն ինչպե՞ս է արվում։ Տոնական ժամերի մեջ կան նաև գիշերային ժամեր, որի համար 30 տոկոս է տրվում հավելում: Շնորհակալություն:

Ազատման գրանցման հայտը չի ներկայացվել

Նարեկ․

Բարև Ձեզ։ Ընկերության աշխատակիցը դուրս է եկել աշխատանքից 3 ամիս առաջ, բայց աշխատանքի ազատման հայտ չենք ներկայացրել։ Կասե՞ք՝ ի՞նչ անել, որ մինիմալ ռիսկային լինել։ Ազատման հայտ ուղարկեմ 3 օր հետին ամսաթվով և ճշգրտեմ եկամտային հարկի հաշվետվությունները աշխատակցի աշխատավարձը զրո գրելով, թե՞ երեք ամիս հետին ամսաթվով ազատեմ աշխատակցին՝ ճշգրտելով նաև եկամտային հարկի հաշվետվությունները՝ աշխատակցի աշխատավարձը զրո գրելով։

Հավելավճարները հաշվի առնվու՞մ են արձակուրդային հաշվարկելիս

Կարեն․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք նախկինում ամեն ամիս ստացված հավելավճարները հաշվի են առնվում արձակուրդայինի գումարը հաշվարկելիս։

Հավելավճար գիտական աստիճանի համար

Արմեն․

Գիտական աստիճանի համար տրվող հավելավճարը արդյո՞ք հարկվում է, եթե այո, ապա ի՞նչ կարգով։

Եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Արեգա․

Բարև Ձեզ, Խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք։

Ունեմ այսպիսի հարց․ ընկերությունը զբաղվում է արտադրանքի վերամշակմամբ և միայն պատրաստի արտադրանքի արտահանմամբ: Դեկտեմբեր ամսին ընկերությունը արտահանում չի ունեցել, հետևաբար արտադրամասի աշխատողները չեն աշխատել:

Հարց 1. կարո՞ղ եմ եկամտային հարկի հաշվետվության մեջ արտադրամասի աշխատողներից յուրաքանչյուրի Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ [1.6] տողում գրել -0, իսկ Փաստացի աշխատած ժամեր [1.15] տողում՝ գրել-0:

Եթե ոչ, ապա ինչպե՞ս վարվեմ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: Կանխավ շնորհակալություն։

Օտարեկրացին ծառայություն է մատուցել կազմակերպությանը

Սերգեյ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:

Հայկական ՍՊԸ-ն տեսահոլովակ է պատրաստում և պատվիրում է նկարչական ծառայություններ քաղաքացիաիրավական պայմանագրով այդ տեսահոլովակի համար օտարերկրյա (ոչ ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ երկրի) քաղաքացի հանդիսացող ֆիզю անձին, որը չունի ՀՀ կացություն:

1. Կարո՞ղ է հայկական ՍՊԸ-ն վճարել գումար օտարերկրյա քաղաքացուն: Եթե այո, ապա ո՞նց է հարկվում:

2. Եթե չի կարող, ապա ի՞նչ հնարավոր ձևեր կա էդ մարդուն կցել նախագծի աշխատանքներին: Նա պետք է ծառայություն մատուցի և ստանա վճար, սա աշխատավարձ չէ:

Կանխավ շնորհակալություն:

Տնօրենի ընդունում ոչ լրիվ աշխատաժամանակով

Սուսաննա․

Բարև ձեզ: Հնարավո՞ր է ՍՊԸ-ի տնօրենին ոչ լրիվ աշխատաժամանակով ընդունել աշխատանքի:

ՍՊԸ հիմնադիրների գործուղում

Վահե․

Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրում եմ՝ ՍՊԸ-ի հիմնադիրները կարո՞ղ են արդյոք մեկնել գործուղման և ծախսերը կարո՞ղ են ծախսագրվել։

Արձակուրդային գումար 2024 համար

Մանուշակ․

Բարև Ձեզ, կխնդրեի հարցիս պատասխանել, եթե հնարավոր է։ Աշխատողը աշխատում է 01.12.2009թ-ից։ Աշխատողը 2013-ին գնացել է արձակուրդ երեխայի խնամքի հետ կապված 2 ամիս, դրանից հետո ամեն տարի իրեն տրվել է ամենամյա վճարվող արձակուրդ, 2024 դուրս գալուց աշխատանքից վերջնահաշվարկի ժամանակ չեն տալիս 2024 հասանելիք արձակուրդի գումարը, դա օրենքի սահմաններու՞մ է։

Աշխատանքային գրքույկի վերականգնում

Աշխեն․

2002-2015թթ համար աշխատանքային գրքույկը կորել է։ Խնդրեմ նշեք՝ որտե՞ղ դիմել վերականգնելու համար։

Չվճարվող արձակուրդ

Աննա․

Բարև Ձեզ, չվճարվող արձակուրդի 60 օրացույցային օրը հաշվարկվում է 1 տարվա համար, թե՞ աշխատանքային պայմանագրի սկզբի օրվանից 1 տարվա ընթացքում։

Արձակման նպա՞ստ, թե՞ վերջնահաշվարկ

Կիմա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցչին աշխատանքից ազատվելու դեպքում պետք է վճարել արձակման նպա՞ստ, թե՞ վերջնահաշվարկ։ Շնորհակալություն։

Ուսանողական արձակուրդ

Աննա․

Բարև Ձեզ: Ունենք աշխատող, որը ուսանող է։ Քանի որ սկսվում են քննությունները, նրան պետք է տրամադրենք ուսանողական արձակուրդ իր տեղեկանքի հիման վրա: Այս դեպքում պե՞տք է ուղարկել հարկային հայտ չվճարվող արձակուրդի վերաբերյալ, և տաբելում բացակա՞ է դրվելու, թե՞ չվճարվող արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:

Մասնագիտական ուսուցում անցնող անձի գրանցման հայտ

Մարի․

Բարև, բոլորին, շնորհավոր Ամանոր։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը մասնագիտական ուսուցում է կազմակերպում անձի հետ, հետագայում աշխատանքային պայմանագիր կնքելու նպատակով, 5 ամիս տևողությամբ։ Անձը կազմակերպությանը վճարում է ուսման վարձ, որի համար ֆիզ․ անձի անունով դուրս է գրվում հարկային հաշիվ։ Աշխատանքային օրենսգրքի 201․1 հոդվածով Գործատուն նախքան անձին աշխատանքի ընդունելը կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ այլ կազմակերպությունում) կազմակերպել աշխատանքի ընդունվող անձի (այսուհետ՝ աշակերտ) մասնագիտական ուսուցումը մինչև հինգ ամիս տևողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով վարձատրություն՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով։

Իսկ մեր դեպքում ոչ թե կազմակերպությունն է վճարում անձին, այլ անձն է վճարում կազմակերպությանը մասնագիտական ուսուցում անցնելու համար, այսինքն մատուցում է ծառայություն։

2023 թ-ի դեկտեմբերի 1-ից մասնագիտական ուսուցում անցնող անձանց համար պետք է ներկայացնել գրանցման հայտ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կոնկրետ տվյալ դեպքում անձի համար պետք է ներկայացվի գրանցման հայտ, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։