Պասկալի գումարող մեքենան
Ֆրանսիացի Բլեզ Պասկալը սկսեց գումարող մեքենայի`”Պասկալինայի” ստեղծումը 1642 թ-ին 19 տարեկան հասակում` տեսնելով, թե ինչպես է աշխատում իր հայրը, ով հարկեր հավաքող էր և հաճախ ստիպված էր երկար ու ձանձրալի հաշվարկներ կատարել:
Պասկալի մեքենան իրենից ներկայացնում էր մեխանիկական մի սարք արկղիկի տեսքով, որի մեջ տեղադրված էին միմյանց հետ կապված բազմաթիվ ատամնանիվներ: Գումարվող թվերը ներմուծվում էին մեքենայի մեջ անվակների համապատասխան պտույտի օգնությամբ: Այդ անվակներից յուրաքանչյուրը բաղկացած էր մասերից, որոնցնշանակված էին 0-ից 9 թվերը: Որևէ թվի ներմուծման դեպքում անվակները պտտեցվում էին մինչև համապատասխան թվանշանը: Կատարելով լրիվ պտույտ` 9 թվանշանը գերազանցող ավելցուկը անվակը տեղափոխում էր հաջորդ կարգ` պտտեցնելով հարևան անվակը 1 պտույտ:
“Պասկալինայի” առաջին տարբերակները ունեին հինգ ատամնանիվ, հետագայում դրանց թիվը հասավ վեցի և ութի, ինչը թույլ էր տալիս աշխատել ավելի մեծ թվերի հետ` ընդհուպ մինչև 9’999’999: Պատասխանը հայտնվում էր մետաղյա տուփի վերին մասում:
Անիվների պտտեցումը հնարավոր էր միայն մեկ ուղղությամբ, ինչը բացառում էր բացասական թվերով գործողությունների կատարումը: Այնուամենայնիվ, Պասկալի մեքենան թույլ էր տալիս կատարել ոչ միայն գումարում, այլ նաև այլ գործողություններ, չնայած այդ դեպքում կիրառվում էր կրկնակի գումարումների բավական անհարմար ընթացակարգ:
Չնայած ավտոմատ հաշվարկների առավելություններին, այսպիսի մեքենայի կիրառումը ֆինանսական հաշվարկներ կատարելու ժամանակ բավական դժվար էր այն ժամանակներում Ֆրանսիայում գործող դրամական համակարգի շրջանակներում: Այնուամենայնիվ, մոտ 10 տարվա ընթացքում Պասկալը պատրաստեց մոտավորապես 50 մեքենա, և նրան նույնիսկ հաջողվեց վաճառել դրանցից մի քանիսը:
Չնայած այն հիացմունքին, որն առաջացնում էր “Պասկալինան” բոլորի մոտ, մեքենան հարստություն չբերեց իր ստեղծողին: Այնուամենայնիվ, “Պասկալինայի” հիմքում դրված փոխադարձաբար կապված անիվների սկզբունքը գրեթե երեք հարյուրամյակ ընկած էր ստեղծվող հաշվարկող սարքերի մեծ մասի հիմքում:
Աղբյուր` accountant.am


[...] ինչպես մեկ այլ գիտնական – գյուտարարի` ֆրանսիացի Բլեզ Պասկալի սարքով` “Պասկալինայով”: Մեքենայի կառուցվածքում առկա [...]