Կայացել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը

Այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով»՝ Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն, «Հարկատու-3»-ը ենթադրում է էլեկտրոնային տարբերակով հարկային հաշվետվությունների ընդունման ավտոմատ կառավարման համակարգ: ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը շնորհանդեսի մասնակիցներին` բարձրաստիճան պաշտոնյաներին և գործարարներին, ներկայացրել է «Հարկատու-3»-ի առավելությունները: Համակարգը հնարավորություն է տալիս կոմիտեի ղեկավարությանը իրենց համակարգիչներից հետևել տարածքային հարկային տեսչությունների աշխատանքին:

Տեղեկատվության համաձայն, այն ունակ է էլեկտրոնային եղանակով ընդունել բոլոր տեսակի հարկային հաշվետվությունները: «Հարկատու-3»-ում առաջին անգամ հարկ վճարողները կունենան հարկային անձնագրեր, որտեղ կարտացոլվեն նրանց հարկային «պատմությունները»: Նորացված ծրագրի միջոցով կգործի ռիսկային չափանիշների վրա հիմնված ստուգման ենթակա հարկ վճարողի ընտրության ավտոմատ համակարգ: Արդյունքում, հարկատու-հարկահավաք հարաբերությունը բերվում է որակապես նոր դաշտ:

Համակարգը շահեկան է նաև պետության համար՝ հանրապետության ամբողջ տարածքից տվյալների անմիջական և միաժամանակյա մուտքագրում ՊԵԿ էլեկտրոնային շտեմարաններ` հարկատուների հետ շփման արագ և վստահելի միջավայրի ձևավորում, թղթային կրիչներով ներկայացվող հաշվետվությունների քանակի կրճատում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն իր հերթին շնորհանդեսին ներկայացրել է, որ Ֆինանսների, Էկոնոմիկայի, Սփյուռքի, Արտաքին գործերի և Տարածքային կառավարման նախարարությունների, Կոտայքի մարզպետարանի և Կառավարության աշխատակազմի միջև փաստաթղթաշրջանառությունն արդեն իսկ էլեկտրոնային եղանակով է կատարվում:

Նշենք, որ համաշխարհային բանկի աջակցությամբ, Կառավարության աշխատակազմը ձևավորել և ներդրել է էլեկտրոնային ստորագրությունը: Էլեկտրոնային ստորագրության կիրառմամբ «Հարկատու 3»-ը նույնպես ծանուցումներ կտպագրի, պաշտոնական նամակներ կուղարկի այն հարկ վճարողներին ովքեր կունենան չվճարված պարտավորություններ: 5 տարվա ընթացքում միասնական համակարգին կմիանան մյուս նախարարություններն ու մարզպետարանները:

Քանի-որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջին ընկերությունն է, որ Էլեկտրոնային եղանակով է ներկայացրել հարկային հայտարարագիրը, նրան տրվել է հավաստագիր`ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի կողմից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը և գլխավոր հաշվապահը էլեկտրոնային եղանակով ներկայացրել են կազմակերպության հունիս ամսվա ԱԱՀ-ի հաշվարկը, ընդ որում` Ռալֆ Յիրիկյանն իր էլեկտրոնային ստորագրությունը դրել և ուղարկել է` Ինտերնետ մուտք գործելով իր բջջային հեռախոսի միջոցով:

«Նոր համակարգի առավելությունը կայանում է նրանում, որ արտերկրում գործուղման կամ ճանապարհորդության մեջ գտնվող գործարարը կարող է մուտք գործել, ստուգել, ստորագրել և հարկային մարմին ուղարկել իր ղեկավարած հիմնարկության հարկային հաշվետվությունները օնլայն եղանակով», – ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Աղբյուր` panorama.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները