Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն առնչվում է չմարած հարկային պարտավորություններին: “Արմենպրես”-ի փոխանցմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 107 կողմ ձայն:

Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս:

Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Նախագծով առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ:

Նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, լրացումներ: Կառավարության առաջարկով փոփոխություն է կատարվել նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: ՊԵԿ նախագահը հայտնել էր, որ սոցիալական վճարներն ու եկամտային հարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար, եթե եկամտային հարկի տույժն իջեցվում է, ապա նույն կերպ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը:

ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկով քննարկվել է նաև, որ տույժերը, որոնք պետք է հաշվարկվեն 0,04 տոկոսի չափով, արտակարգ դրության ընթացքում չհաշվարկվեն, այլ գնան սառեցման ճանապարհով: Այդ հարցը սակայն հանձնաժողովում մերժվել է:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկ էր հնչել, որ տույժերի տոկոսադրույքը 0.075-ից 0.04 իջեցումը կիրառվի ոչ թե ապրիլի 21-ից, այլ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից: Նրա խոսքով՝ սակայն այդ դեպքում իրագործելիության խնդիր կլինի:

Աղբյուր՝ Armenpress.am

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը

  1. Դե գոնե էլի լավ է, թե չէ խեղճ ժողովուրդը հազիվ է հասցնում իր ծախսերը, կամ բիզնեսը հազիվ է գոյատևում, դա էլ էլի գոնե կօգնի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *