Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի վերաբերյալ

Ողջույն, հարգելի փորձագետներ։
Կարո՞ղ ենք արդյոք ծառայությունների վճարովի մատուցման պայամանգիրը կնքել անորոշ ժամկետով: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծելու դեպքում՝ կարո՞ղ ենք արդյոք բավարար հիմք համարել կատարողի էլ. հասցեին (կամ այլ տարբերակով օր` viber) լուծման վերաբերյալ ծանուցման ուղարկումը: Կարո՞ղ ենք նմանատիպ կետ ավելացնել ծառայությունների մատուցման պայմանագրում, որպես պայմանագրի միակողմանի լուծման բավարար հիմք:
Կանխավ շնորհակալություն

Կիսվել՝

5 մեկնաբանություն - “Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի վերաբերյալ

  1. Պայմանագիրը պետք է բնականաբար կնքեք ըստ փոխհամաձայնեցված դրույթների: Այո, ներկա ժամանակներում բավարար հիմք կարող է համարվել կատարողի էլ. հասցեին (կամ այլ տարբերակով օր` viber) լուծման վերաբերյալ ծանուցման ուղարկումը: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի օրինակելի ձև կա կայքում, օգտվեք ու Ձեզ հարմար դրույթներով կազմեք:

  2. ՀՀ ՔԱՂՕՐԵՆՍԳՐՔԻ Գ Լ ՈՒ Խ 39
    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ
    Հոդված 777. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր
    1. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով` կատարողը պարտավորվում է պատվիրատուի առաջադրանքով ծառայություններ մատուցել (կատարել որոշակի գործողություններ կամ իրականացնել որոշակի գործունեություն), իսկ պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
    2. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կնքվում է գրավոր:
    3. Սույն գլխի կանոնները կիրառվում են կապի, բժշկական, անասնաբուժական, աուդիտորական, խորհրդատվական, տեղեկատվական, ուսուցման, զբոսաշրջիկության և այլ ծառայությունների պայմանագրերի նկատմամբ:
    Հոդված 778. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կատարումը
    Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել անձամբ, եթե այլ բան նախատեսված չէ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:
    Հոդված 779. Ծառայությունների համար վճարելը
    1. Պատվիրատուն պարտավոր է իրեն մատուցված ծառայությունների համար վճարել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրում նշված ժամկետներում և կարգով:
    2. Կատարման անհնարինության դեպքում, որը ծագել է պատվիրատուի մեղքով, ծառայությունները վճարվում են լրիվ ծավալով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:
    3. Այն դեպքում, երբ կատարման անհնարինությունը ծագել է այնպիսի հանգամանքներից, որոնց համար կողմերից որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, պատվիրատուն կատարողին հատուցում է նրա կատարած փաստացի ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով:
    Հոդված 780. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց միակողմանի հրաժարվելը
    1. Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` կատարողի փաստացի կատարած ծախսերը վճարելու պայմանով:
    2. Կատարողն իրավունք ունի հրաժարվել ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը կատարելուց` պատվիրատուի վնասները լրիվ հատուցելու պայմանով:
    Հոդված 780.1. Էլեկտրոնային առևտրային հարթակի տրամադրման ծառայությունների առանձնահատկությունները
    1. Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողը պարտավոր չէ հսկել հարթակի օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության օրինականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ էլեկտրոնային առևտրային հարթակի շահագործողն իմացել է կամ պետք է իմանար օգտատերերի կողմից ներկայացվող բովանդակության ակնհայտ անօրինական, ակնհայտ ոչ հավաստի լինելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ակնհայտ չհամապատասխանելու մասին:
    2. Էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողը պարտավոր է ցուցադրել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի) վերաբերյալ օրենքով սահմանված պարտադիր տեղեկատվությունը և պահպանել վաճառողի (աշխատանքներ կատարողի, ծառայություններ մատուցողի)` հարթակում գրանցված լինելու ամբողջ ժամանակահատվածում և դրա ավարտից հետո՝ առնվազն 1 տարի, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ էլեկտրոնային առևտրային հարթակ շահագործողի հետ կնքված պայմանագրով:
    (780.1-ին հոդվածը լրաց. 17.06.16 ՀՕ-115-Ն)
    Հոդված 781. Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի իրավական կարգավորումը
    Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի նկատմամբ կիրառվում են կապալի մասին ընդհանուր դրույթները (հոդվածներ 700-727) և կենցաղային կապալի մասին դրույթները (հոդվածներ 728-737), եթե դա չի հակասում սույն օրենսգրքի 777-780 հոդվածներին, ինչպես նաև ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի առանձնահատկություններին:

  3. Ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով որոշակի աշխատանք կատարելու համար։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *