Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Artur.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքը իրականացվում է ենթագործակալության պայմանագրի հիման վրա, իսկ տուր-փաթեթների վաճառքը իրականացվում է դրսի կազմակերպության հետ ինչպես գործակալական պայմանագրերի հիման վրա, այնպես էլ տրամադրում են netto գներ, որոնց վրա ավելացնելով որոշակի գումար` հետո նոր իրականացվում է փաթեթի վաճառքը: Տվյալ պարագայում խնդրում եմ ասեք, թե որն է համարվում հարկվող շրջանառությունը: Արդյո՞ք ավիատոմսերի իրացումից հասույթը կհարկվի ԱԱՀ-ի 0 % -ով, իսկ տուր-փաթեթի վաճառքի դեպքում կհարկվի ԱԱՀ-ով միայն մարժան, մնացածը 0 %-ով, քանի որ ծառայությունը մտուցվելու է ՀՀ տարածքից դուրս: Շնորհակալություն:

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

  1. Հարգելի Արթուր, ավիատոմսերի վաճառքը միջնորդական ծառայություն է, որը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով (Հոդված 16. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը` սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ` հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է`
    5) միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման (ներառյալ աերոնավիգացիոն, թռիչք-վայրեջքի), նորոգման, վերասարքավորման, ինչպես նաև միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման ծառայությունների և փոխադրման ընթացքում ուղևորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ.
    6) այն ծառայությունների (այդ թվում` գործակալական, միջնորդական) հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն հոդվածի 5-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը:

    Ինչ վերաբերվում է տուր փաթեթների վաճառքից ԱԱՀ-ով հարկման կարգին, կասենք հետևյալը` 2013թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումների շնորհիվ ոլորտում շատ հարցեր գտան իրենց պարզաբանումները, մասնավորապես.
    տուր-փաթեթների վաճառքից ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում միջնորդական վճարը (Հոդված 34. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն օրենքի 8 հոդվածին համապատասխան՝ առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից վճարվող գումարի: Օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

    Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով
    Կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրով ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքում, երբ իրականացվող գործարքը ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, այդ թվում` այն դեպքերում, երբ ֆիզիկական անձի գույքի օտարման գործարքը ապրանքի մատակարարում չի համարվում, կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի վարձատրության գումարը (առանց ԱԱՀ-ի):
    Իսկ ինչ վերաբերվում է տուր փաթեթի ընդհանուր արժեքին, այն հարկվող գործարք չէ, քանի որ ծառայության փաստացի մատուցում տեղի է ունեցել օտաերկրյա տարածքում, որի վրա ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքը չի տարածվում:
    Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք այցելել մեր Facebook-յան էջը կամ ինտերնետային կայքը:

    Հարգանքներով` Eternal Partners Թիմ:

    1. Շատ շնորհակալ եմ պատասխանի համար, հարգելի Eternal Partners: Եթե հնարավոր է, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցերին ևս`
      1) տվյալ պարագայում ԱԱՀ-ի հաշվարկի լրացման ժամանակ նշվում է միայն գործակալության հասանելիք վարձատրությա՞ն չափը, թե նաև գումարի այն մասը, որը չի հարկվում և նշվում ԱԱՀ-ի 9 տողում` որպես ԱԱՀ-ի 0 %-ով հարկվող գործարք
      2) ավիատոմսերի վաճառքի դեպքում իրացումից ստացված գումարը նշվում է ԱԱՀ-ի հաշվարկի 9 տողում` որպես ԱԱՀ-ի 0 %-ով հարկվող գործարք և վե՞րջ:
      Նախապես շնորհակալություն:

    2. Հարգելի, Eternal Partners,
      կարո՞ղ եք ինձ ուղարկել այն օրենքը, որը հաստատում է Ձեր հետևյալ բառերը “Իսկ ինչ վերաբերվում է տուր փաթեթի ընդհանուր արժեքին, այն հարկվող գործարք չէ, քանի որ ծառայության փաստացի մատուցում տեղի է ունեցել օտաերկրյա տարածքում, որի վրա ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքը չի տարածվում:”

      Նաև Ձեր նշած 2013 հունվարի 1-ին բարեփոխումների մասին որոշումը, ես չեմ կարողանում գտնել:
      Շնորհակալություն,

      Հարգանքներով,
      Հասմիկ

  2. Հարգելի Eternal Partners, արդյո՞ք տուր փաթեթների վաճառքի ժամանակ չի առաջանում ԱԱՀ մասին օրենքի հոդված 8 կետ 4-ի կիրառման հարց.

    Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված (չհաշվառված) օտարերկրյա անձի կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարք իրականացվելու (ներառյալ` այդ անձի սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծվելու) դեպքերում այդ գործարքների մասով պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող` ԱԱՀ վճարող համարվող կամ ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրող անձինք, բացառությամբ արտոնագրային կամ հաստատագրված վճար կամ շրջանառության հարկ վճարող անձանցից և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից, օտարերկրյա անձանց փոխարեն որպես հարկային գործակալ կրում են ավելացված արժեքի հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով: Սույն կետի կիրառման իմաստով գործարքը համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված, եթե ապրանքի մատակարարման կամ ծառայության մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունում է: Սույն հոդվածին համապատասխան, օտարերկրյա անձի փոխարեն ԱԱՀ-ի պարտավորություն կրելիս ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում:

    Արդյո՞ք այս դեպքում.
    1. օտարերկրյա անձը ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում ՀՀ տարածքում իր հանձնակատարի միջոցով, եթե պայմանագիրը հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագիր է (այս դեպքում կառաջանա ինքնահաշիվ դուրս գրելու հարց)
    2. եթե կոմիսիոների կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագիր է, կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *