Հաշվապահական հաշվառման նպատակները և խնդիրները Գերմանիայում

hamrich

Գերմանիայում հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը կարգավորող հիմնական իրավական ակտը Առևտրային կոդեքսն է (Առևտրային իրավունքը), որը ուժի մեջ է մտել 1900 թ-ից:

Գերմանական հաշվապահական հաշվառման վերակազմավորման մեջ մեծ դեր է ունեցել գերմանացի տնտեսագետ Ուլրիխ Լեֆֆսոնը (1911-1989), ով առևտրային իրավունքում առանձնացրել է հաշվապահական հաշվառման, փաստաթղթավորման և հաշվետվությունների կազմման հիմնական խնդիրները: Միևնույն ժամանակ նա դիտարկում է պարտատերերի իրավունքների պաշտպանությունը որպես հաշվապահական հաշվառման` օրենքով թելադրված հիմնական նպատակ:

Գերմանիայի Առևտրային կոդեքսի ժամանակակից տեքստում հաշվապահական հաշվառում վարելու կարգը նկարագրված է §238 [Հաշվապահական հաշվառում վարելու պարտականությունը]. “Յուրաքանչյուր առևտրական պարտավոր է վարել հաշվապահական գրքեր և արտացոլել դրանց մեջ առևտրային գործարքները և իր սեփականության վերաբերյալ տեղեկատվություն հաշվապահական հաշվառման սկզբունքներին համապատասխան: Հաշվապահական հաշվառումը պետք է վարել այնպես, որպեսզի երրորդ կոմպետենտ անձը պատկերացում կազմի կազմակերպության առևտրային գործարքների և ընդհանուր տնտեսական իրավիճակի վերաբերյալ: Տնտեսական գործառնությունները պետք է արտացոլվեն իրենց ծագման և զարգացման ընթացքում”: Ինչպես տեսնում ենք, այստեղ իրավական մակարդակով է առաջանում հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների կազմման ուղղվածությունը արտաքին օգտագործողներին:

Լեֆֆսոնի կարծիքով, հաշվետվությունները տեղեկատվություն են տրամադրում հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների և օգտագործվող կապիտալի փոփոխության վերաբերյալ: Լեֆֆսոնը նաև տեսնում է կրկնակի գրանցման եղանակի և հաշվետվություններ կազմելու հաշվեկշռային մեթոդի կիրառումը որպես հաշվեկշռի տեղեկատվական նշանակության խնդիրների լուծման երաշխիք:

Լեֆֆսոնի կարծիքով, առևտրային կոդեքսի նպատակներից բխում են հաշվապահական հաշվառման հետևյալ սկզբունքները.
-Ճշգրտություն (§243 Առևտրային կոդեքսի)
-Լիարժեքություն (§246 Առևտրային կոդեքսի)
-Համադրելիություն (§242 Առևտրային կոդեքսի)

Լեֆֆսոնը նաև ուշադրություն է դարձնում այլ սկզբունքների, որոնց շարքում առանձնացնում է շրջահայեցողության սկզբունքը: Դրա հիմքում այն գաղափարն է, որ ձեռնարկատերերը իրենց պետք է համարեն ավելի շուտ աղքատ, քան հարուստ, այլ խոսքերով` առավելապես իջեցվում է ակտիվների արժեքը, իսկ պասիվների արժեքը` բարձրացվում է: Լեֆֆսոնը բացատրում է շրջահայեցողության սկզբունքը որպես ձեռնարկատիրոջ` սխալներից պաշտպանվելու և կազմակերպության գործունեության ֆինանսական արդյունքների գերագնահատումը կանխելու փորձ:

Հայտնի գերմանացի տնտեսագետ Դիտեր Բրյուգեմաննը, վերլուծելով առևտրային իրավունքը հաշվապահական հաշվառման և հաշվեկշռային իրավունքի էության ուսումնասիրության շրջանակներում, դիտարկում է հաշվապահական հաշվառումը` կապված ինքնատեղեկացման պահանջի հետ, սակայն կրկին պարտատերերի շահերի պաշտպանության նպատակով:

Բրյուգեմաննը նշում է, որ ձեռնարկատերը չպետք է վարկ վերցնի, “եթե համոզված չէ, որ մարելու է իր վրա վերցրած պարտավորությունները”: Այդ պատճառով նա ունի հաշվառում վարելու, գույքագրման և հաշվեկշիռ կազմելու իրավական պարտավորություն` “ոչ բարեխիղճ գործունեությունից երրորդ անձանց պաշտպանելու համար”: Բրյուգեմաննը նշում է նաև քրեական պատասխանատվության մասին, որին կարող է ենթարկվել կազմակերպությունը վերոնշյալ պարտավորությունը չկատարելու դեպքում:

Այսպիսով, Գերմանիայում հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվություններ կազմելու նպատակները հիմնված են պարտատերերի շահերի պաշտպանության վրա:

Գերմանիայում այսօր Լեֆֆսոնի գաղափարի պրակտիկ կիրառությունը առաջին հերթին ուղղված է բանկային հատվածի վրա և ենթադրում է ակտիվների գնահատումը` ելնելով բանկի պահանջներից, այսինքն` ակտիվների գնահատումը իրենց նվազագույն արժեքով, իսկ պարտավորություններինը` առավելագույնով:

Վերլուծելով Առևտրային իրավունքը և առաջատար գերմանացի տնտեսագետների կարծիքները` կարելի է ընդգծել Գերմանիայում հաշվապահական հաշվառում վարելու երկու հիմնական նպատակները.

-Պարտատերերի շահերի պաշտպանությունը
-Կազմակերպության ինքնատեղեկացումը ընթացիկ ֆինանսատնտեսական վիճակի և գործընթացների վերաբերյալ` արդյունավետ ղեկավարման և վերահսկման նպատակներով

Աղբյուր` Accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները