Շրջանառության հարկի “փոխզիջումային” տարբերակը

Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած “Շրջանառության հարկի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” օրինագիծը` ձայների 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Համաձայն այս օրինագծի, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կնախընտրեն աշխատել փաստաթղթաշրջանառությամբ, կվճարեն 1,5% շրջանառության հարկ, իսկ փաստաթղթաշրջանառությունից հրաժարվողները՝ 5%: Այսինքն` օրենքի փոփոխված տարբերակը տնտեսվարողին ընտրության հնարավորություն կտա:

Օրենքի փոփոխությունը նախատեսում է նաև շրջանառության հարկի առավելագույն շեմը բարձրացնել մինչև 113,4 մլն դրամ` 58,35 մլն դրամի փոխարեն: Շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն գերազանցող մասը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կողմ է քվեարկել օրինագծին` այն անվանելով “կոնսենսուսային”: Նրա կարծիքով, մատակարարումների չփաստաթղթավորված մասը ընդհանուր շրջանառության մեջ մեծ չի լինի, և 1-1,5 տարվա ընթացքում փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերը կլուծվեն: Հրանտ Բագրատյանը ևս կողմ է քվեարկել օրենքի փոփոխությանը, նշելով. “Այո, 5 տոկոս կդառնա, թե 6, պետք է հասկանան, որ եթե դնում ենք 3 տոկոս, երկու այդքան էլ հարկային տեսուչներն են վերցնում”: Նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ և “Ժառանգություն” խմբակցությունների պատգամավորները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զոհրաբյանի խոսքով` իրենք չեն կարող կողմ քվեարկել մի նախագծի, որը ՓՄՁ-ների որոշ հատվածի համար հարկային դրույքաչափի բարձրացում է նախատեսում, իսկ ՕԵԿ խմբակցությունը քվեարկության ժամանակ մնացել է ձեռնպահ:

Հիշեցնենք նաև, որ “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգվել է մինչև այս տարվա հուլիսի 1-ը:

Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները