Վարչապետ. Եթե ուշացնենք ԱԱՀ-ի վերադարձը, ապա պետությունը կվճարի տուգանքներ

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է ՀՀ-ում կիրառության մեջ դնել որոշակի պաշտպանվածություն ունեցող հարկային հաշիվներ (հաշվարկային փաստաթղթեր), ինչը կնպաստի հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալի կրճատմանը, հարկային հաշիվների, որպես ֆինանսական փաստաթղթերի, կեղծումներից պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը, հարկ վճարողների որոշ խմբի համար հարկային հաշիվների դուրս գրման գործընթացի պարզեցմանը:

«Մենք ստանձնել ենք պարտավորություն, որպեսզի 2010 թ. հունվարի 1-ից հետո, եթե պետությունն ուշացնի ավելացված արժեքի հարկի վերադարձը, դրա համար վճարելու ենք տուգանքներ մասնավոր հատվածին, քանի որ մասնավոր հատվածը կրում է վնասներ»,-ասել է վարչապետը:

Նա նշել է, որ դեռևս հաճախակի են այն դեպքերը, երբ մեզ ներկայացնում են փաստաթղթեր, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, իսկ ավելի ճգրիտ ձևակերպումն այն է, որ կեղծ փաստաթղթեր են ներկայացնում հարկային մարմիններին` ավելացված արժեքի հարկի հետ վերադարձի առումով:

«Հատուկ հարկային հաշիվների այս համակարգը այդ ռիսկը էապես նվազեցնում է, և մենք պետք է հասցնենք այս տարի ավարտել: Իհարկե, ցանկալի է, որ էլեկտրոնային եղանակը աշխատի, որպեսզի մենք 2010թ. հունվարին պատրաստ լինենք ամբողջությամբ անցնել այս նոր ռեժիմին և լրացուցիչ ռիսկեր բյուջեի համար չստեղծենք: Որպեսզի չստացվի այնպես, որ մենք օպերատիվորեն ավելացված արժեքի հարկը վերադարձնենք տնտեսվարող սուբյեկտներին, հետո պարզվի, որ փաստաթղթերը չեն համապատասխանում իրականությանը: Սա բավականին լուրջ միջոցառում է և անհրաժեշտ է, որ նաև մեր ձեռնարկությունները պատրաստ լինեն համագործակցության մեզ հետ` այս լուրջ փոփոխությունը կատարելու առումով: Սա լուրջ քայլ է քաղաքակիրթ հարկային վարչարարության մեխանիզմներ ներդնելու առումով»,-ասել է վարչապետը:

Աղբյուր` Panorama.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները