Ինչպե՞ս կորոնավիրուսի համավարակը կփոխի աշխարհը

Համաշխարհային տնտեսությունը վերջին 30 տարիների ընթացքում մի քանի ճգնաժամ է տեսել, բայց դրանցից ոչ մեկը չի փոխել մեր կյանքն այդքան արագ։ Կորոնավիրուսի համավարակը մեծ արագությամբ քանդում է տրանսպորտային և արտադրական հանգույցները, ստիպում է պետություններին վերադարձնել սահմանները և վերակառուցել հասարակական ինստիտուտները, իսկ դպրոցները և համալսարանները անցնում են հեռավար ուսուցման։ Սա ճանապարհ է դեպի նոր իրականություն, և այս ճանապարհը հեշտ չի լինելու։

Հազարավոր ընկերություններ տեղափոխում են իրենց աշխատակիցներին հեռավար զբաղվածության։ Գրասենյակից դուրս աշխատանքի ընդլայնման միտումները, որոնք դիտվում էին վերջին տարիների ընթացքում, մեկ ակնթարթում դարձան իրականություն միլիոնավոր աշխատողների համար ամբողջ աշխարհում։ Ամենայն հավանականությամբ այս ակամա գլոբալ փորձարկումը հաջողությամբ կպսակվի, ինչը անխուսափելիորեն կբերի աշխատանքի շուկայի մեծ փոփոխությունների։ Աշխատակիցների կրճատման ամենակարևոր հետևանքը լինելու է ծախսերի կրճատումը՝ հնարավոր կլինի կրճատել տարածքի վարձակալության ծախսերը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի քանակը (քարտուղարուհիներ, պահպանության աշխատողներ, վարորդներ)։ Տեղի կունենա բիզնեսի կազմակերպման պարզեցում, խոշոր կազմակերպությունների պարզեցում ընդհանրապես և աշխատակիցների վերահսկողության ծախսերի բավականին լուրջ տնտեսում, քանի որ այլևս այդքան կարևոր չեն լինելու գրասենյակ գալու ժամը, ընդմիջման տևողությունը և դրես-կոդը։ Վերահսկվելու են միայն աշխատանքի արդյունքները։

Անցյալի այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են աշխատանքային շաբաթը և աշխատանքային օրը, այլևս ոչ մեկի չեն հետաքրքրի, քանի որ աշխատանքային հարաբերություններում ամենակարևորը կդառնա վերջնական արդյունքը։ Դրա հետ մեկտեղ կլուծվի նաև այլ հարց՝ երեխայի ծնվելը և խնամքը խոչընդոտ չեն հանդիսանա աշխատողի մասնագիտական կարիերայի աճի համար։ Այս ամենի արդյունքում գրասենյակներ պահելու անհրաժեշտությունը կվերանա, իսկ գրասենյակային աշխատողների քանակը առանձին դեպքերում կարող է կրճատվել մեկ երրորդով։ Կզարգանան այնպիսի երևույթներ, ինչպիսին է, օրինակ, աշխատավայրը կիսելը (coworking), երբ տարբեր ոլորտի աշխատողներ տարբեր ընկերություններից համատեղ են օգտագործում գրասենյակը, շատ դեպքերում նաև՝ համակարգչային տեխնիկան և կոմունալ ծառայությունները, քանի որ ոչ բոլորը, մնալով տանը, կարող են առանձնացնել սենյակ աշխատանքի համար։

Կզարգանան այնպիսի երևույթներ, ինչպիսին է, օրինակ, աշխատավայրը կիսելը (coworking), երբ տարբեր ոլորտի աշխատողներ համատեղ են օգտագործում գրասենյակը

Դեռ երկու տարի առաջ շատ քաղաքներում զբոսնելով առևտրի կենտրոններով՝ չէիր հանդիպի հաճախորդների, բոլորը գնումները կատարում էին առցանց եղանակով։ Ակնհայտ է, որ այս ճգնաժամի արդյունքում առցանց առևտուրն էլ ավելի կաճի, իսկ ավանդական առևտուրը կմնա առանձին դեպքերի համար սահմանափակ քանակությամբ։ Արդյունքում կզարգանան առաքման ծառայությունները։

Իհարկե, կփոխվի նաև պետության դերը։ Մինչ այժմ պետությունները վարում էին զարգացման քաղաքականություն, իսկ հիմա հստակ երևում է կայունության քաղաքականության կարևորությունը։ Պետությունը առաջին հերթին անհրաժեշտ է լինելու որպես կայունության երաշխիք, իսկ մարդկանց մոտ աճելու է պետությանը ենթարկվելու և իրենց իրավունքներից հրաժարվելու պատրաստակամությունը ճգնաժամային իրավիճակներում և ոչ միայն։ Պետության գործառույթներից է լինելու գործազրկության բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև աշխատաժամանակի սահմանափակման միջոցով, օրինակ՝ քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանելով։

Պետության գործառույթներից է լինելու գործազրկության բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև աշխատաժամանակի սահմանափակման միջոցով

Անշուշտ, կարևոր փոփոխություններ կլինեն առողջապահության ոլորտում։ Եթե այսօր զարգացած երկրներում առողջությունը անձնական հարց է, և յուրաքանչյուր ոք ունի անձնական պատասխանատվություն իր առողջության համար, ապա պանդեմիայից հետո կաճի հասարակության պատասխանատվությունը քաղաքացիների կյանքի և առողջության համար։ Թվային տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր դարձած վաղ ախտորոշումը և քրոնիկական հիվանդություններ ունեցող հիվանդների հեռակա հսկողությունը, դեղորայքի անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրումը արդյունքում կփոխեն ապահովագրական և պետական (բարեգործական) առողջապահության հարաբերակցությունը ի օգուտ վերջինի։

Ահռելի փոփոխություններ են տեղի ունենում կրթության ոլորտում։ Մեր աչքերի առջև մի քանի օրվա ընթացքում կրթությունը տեղափոխվեց հեռավար միջավայր, և պետք է նշել, որ այս փոփոխությունը սպասվում էր արդեն մի քանի տարի։ Առցանց դասընթացների բազմազանությունը և դրանց մասնակիցների թվաքանակը վաղուց արդեն համեմատելի էին ԲՈՒՀ-երի կուրսերի և ուսանողների թվաքանակի հետ։ Սակայն եթե նախկինում նոր մեթոդները չէին ընդունվում ավանդական կրթության կողմնակիցների կողմից, ապա ճգնաժամի և մեկուսացման պայմաններում նրանք ստիպված են տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին։ Իսկ ճգնաժամից հետո կրթությունը չի վերադառնա ավանդական ձևին։

Այս և այլ փոփոխությունների արդյունքում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը հաղթահարելուց հետո մեզ շրջապատող աշխարհը բոլորովին այլ է լինելու։

Աղբյուր` Accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Համաձայնվեք՝ գնում ենք փոփոխությունների, փոփոխությունների այդ մեծ ճանապարհին պակաս կարևոր չէ այն հարցը, թե ովքեր, ինչ աշխարհայացքի տեր անձինք են այն առաջնորդելու ժամանակի ու տարածության մեջ:

ArmineMilena

Չգիտեմ, Տեր Աստված, ուր է գնում աշխարհը՝ դեպի լա՞վ, թե՞ վատ, չգիտեմ՝ մեր երեխաների ապագան ինչպես կդասավորվի, մտածելու առիթ է ամեն ինչ: