PepsiCo ընկերության պատմությունը

PepsiCo ընկերության ստեղծման պատմությունը զարմանալիորեն նման է Կոկա-Կոլայի պատմությանը։ Ըմպելիքի բաղադրատոմսը մշակվել է 1898թ-ին Քալեբ Բրեդհեմի կողմից, ով փոքրիկ դեղատուն ուներ Հյուսիսային Կարոլինա նահանգի Նյու-Բերն քաղաքում։ Պատրաստելով վանիլային օշարակ կոլայի ընկույզներով և գազավորված ջրով՝ Բրեդհեմը անվանեց այն Բրեդի ըմպելիք, որը նախատեսված էր մարսողության լավացման և տրամադրության բարձրացման համար։ Որոշ ժամանակ անց անվանումը փոխվեց Պեպսի-Կոլա, քանի որ դրա բաղադրության մեջ առկա էր նաև “պեպսին” մարսողականությունը բարձրացնող նյութը։ 1903թ-ին Բրեդհեմը գրանցեց Պեպսի-Կոլա ապրանքանիշը և սկսեց վաճառել իր ըմպելիքը Հյուսիսային Կարոլինայի դեղատներում և խանութներում։ 1910թ-ին Պեպսին արդեն վաճառվում էր Ամերիկայի 24 նահանգներում։

Ապրանքանիշը զարգացնելու ընթացքում ընկերությունը որոշեց փոխել ռազմավարությունը և սկսեց հրավիրել հայտնի մարդկանց՝ գովազդելու և նոր հաճախորդներ գրավելու համար: 1913թ-ին Pepsi-Cola – ի առաջին գովազդային դեմքը դարձավ մրցարշավորդ Բարնի Օլդֆիլդը, ով նկարագրում էր Պեպսին որպես “թարմացնող և առույգացնող ըմպելիք՝ մրցարշավից առաջ խմելու համար”: Այսպես ձևավորվեց ավանդույթը՝ հրավիրել հայտնի մարդկանց Պեպսին գովազդելու համար, որը պահպանվում է առայսօր:

Կոկա-Կոլայի և Պեպսիի մենամարտը

Հաջողության մի քանի տարիներից հետո ընկերությանը սպասվում էին դժվար ժամանակներ։ 1921թ-ին ճգնաժամ եղավ շաքարի շուկայում, գները բարձրացան, իսկ Բրեդհեմը, փոխարինիչներ օգտագործելու անհաջող փորձերից հետո, շարունակեց շաքարի գնումները, ինչը սնանկության շեմին կանգնեցրեց ընկերությանը։ 1931թ-ին Պեպսի-Կոլան գնեց “Loft Candy Co” ընկերությունը, որի նախագահ Չարլզ Գուտը փորձեց վերականգնել Պեպսիի դիրքերը շուկայում։ Այդ ժամանակ նույնիսկ փորձեր կատարվեցին Պեպսի-Կոլայի բաժնետոմսերը վաճառել Կոկա-Կոլա ընկերությանը, սակայն վերջինիս ներկայացուցիչները հրաժարվեցին այդ գործարքից։ Եթե միայն նրանք իմանային, թե ինչ շանս են բաց թողնում ձեռքերից։

Առաջին սնանկությունից 8 տարի անց ընկերությունը սնանկանում է ևս մեկ անգամ։ Սակայն Մեծ ճգնաժամի տարիներին Պեպսի-Կոլան հաջող գրոհ է կազմակերպում Կոկա-Կոլայի շուկայական դիրքերի վրա։ Պեպսի-Կոլան սկսում է վաճառվել 360 մլ տարողությամբ շշերի մեջ 5 ցենտով։ Կոկա-Կոլայի 180 մլ-ոց շշի գինը նույնպես 5 ցենտ էր։ Ուշագրավը այն է, որ Կոկա-Կոլան չէր կարող իջեցնել գները, քանի-որ առևտրային ավտոմատները ընդունում էին 5 ցենտանոց մետաղադրամներ, բացի դա Կոկա-Կոլան 1 միլիարդ 180 մլ-ոց շշերի պաշար ուներ։ Արդյունքում Պեպսին հաղթում է, և ընկերության վաճառքները մեծ տեմպերով աճում են։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պեպսի-Կոլա ընկերությունը իր լոգոն ներկում է ամերիկյան դրոշի գույներով՝ կարմիր, սպիտակ և կապույտ, ի նշան աջակցության ամերիկացի զինվորներին, և այդ ժամանակվանից ներկայանում է աշխարհին այդ գույներով։ Իսկ պատերազմի պատճառով շաքարի վաճառքի սահմանափակումները այս անգամ չեն խանգարում Պեպսիին, քանի որ նրան էին արդեն պատկանում շաքարեղեգի հսկայական պլանտացիաներ Կուբայում։

Պեպսիի լոգոյի փոփոխությունները 120 տարվա ընթացքում

Իսկ 1960-ական թվականներին Պեպսիի կարգախոսն է դառնում՝ “Պեպսիի նոր սերունդը Դուք եք” արտահայտությունը։ Շուտով ընկերությունը բոլորին զարմացնում է նոր ակցիայով՝ “Ընտրիր ամենահամեղ ըմպելիքը առանց տեսնելու”, որտեղ մասնակիցներին հյուրասիրում էին Կոկա-կոլա և Պեպսի-Կոլա, և ի զարմանս բոլորի, Պեպսին հաղթում է 3։2 հաշվով։

1962թ-ին Պեպսին հանում է անվանումից “Cola” բառը, իսկ 1965թ-ին տեղի է ունենում Frito lay աղի խորտիկներ արտադրող ընկերության հետ միավորումը: Այս միավորման արդյունքում ստեղծված նոր ընկերությունը աշխարհին ներկայանում է PepsiCo անվանումով: Այս պահից սկսած ընկերությունը բացի գազավորված ըմպելիքներ արտադրելուց սկսում է զարգանալ նաև այլ ուղղություններով: Եվ 1970թ-ին PepsiCo ընկերության շրջանառությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:

Այսօր PepsiCo ընկերությանն են պատկանում այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Pepsi, Diet Pepsi, Mirinda և 7Up գազավորված ըմպելիքները, Cheetos, Chester’s, Lay’s չիփսերը, Tropicana հյութերը, Агуша մանկական սննդամթերքը։

Աղբյուր` Accountant.am

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
ArmineMilena

Բայց տեսնես՝ հիմա էլ ունի՞ բուժիչ հատկություն, չգիտեի, որ այն ստեղծվել է որպես բուժող միջոց: Շնորհակալություն նյութի համար: