«

»

Май 22 2020

Ինչպե՞ս ստանալ դեղատան գործունեության լիցենզիա

Կարեն.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս ստանալ դեղատան գործունեության լիցենզիա։ Շնորհակալություն։

0

2 մեկնաբանություն

  1. Аватар
    Hayarpi

    «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան` հանրության առողջության, բարքերի անվտանգության և պաշտպանության նպատակով դեղատնային գործունեության համար սահմանվում են պարտադիր պահանջներ և պայմաններ:
    Դեղատնային գործունեություն կարող են իրականացնել պետական ուսումնական հաստատություն կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված և վերջին 5 տարվա ընթացքում մասնագիտական վերապատրաստում անցած դեղագետներ ու դեղագործներ:
    Դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ:
    Դեղերի պատրաստման համար դեղատունը պետք է ունենա հետևյալ անհրաժեշտ տեխնիկատեխնոլոգիական հագեցվածությունը` ասիստենտական սեղան, չորացման պահարան, թորած ջրի ստացման սարք, հեղուկ դեղորայքի լցաբաժանման սարք, հեղուկների չափիչ ամանեղեն, օդի խոնավությունը որոշող սարք, տաքացուցիչ` ջերմակայունարարով, լաբորատոր ամանեղեն, հավանգ, կշեռքներ և կշռաքարեր` դեղանյութի կշռման համար, տեխնիկական լաբորատոր կշեռք, շտանգլասների հավաքածու, դեղերի և դեղանյութերի պտտարան-պահարաններ, սառնարան, երկաթե պահարան, ջերմաչափեր:
    Դեղատան և դեղատնային կրպակի առևտրի սրահում պետք է լինեն ցուցադրման սեղաններ, ցուցապահարաններ, փակ պահարաններ, վաճառասեղան, սառնարան, ջերմաչափ, հեռախոս, նորմալ լուսավորվածություն` երեկոյան ժամերին աշխատանքը կազմակերպելու համար:
    Դեղատան և դեղատնային կրպակի սպասասրահում պետք է փակցված լինեն առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը, տեղեկատու դեղատների հեռախոսահամարները, սպասարկող դեղագետի կամ դեղագործի անունը, ազգանունը:
    Դեղատան և դեղատնային կրպակի պահեստը պետք է կահավորված լինի փակ պահարաններով, վիրակապական և ռետինե ապրանքների համար պետք է ունենա առանձին պահարաններ ու խոնավաչափ:
    Դեղատան և դեղատնային կրպակի գրասենյակում, հանգստի սենյակում պետք է տեղադրված լինեն գրասեղան, աթոռներ և հագուստի պահարան (անձնական և աշխատանքային հագուստը պետք է միմյանցից մեկուսացված լինեն):
    Դեղատներում և դեղատնային կրպակներում պետք է լինեն դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը, դեղագրքեր և դեղագիտական-տեղեկատվական ձեռնարկներ:
    Դեղատանը և դեղատնային կրպակում դեղերը պետք է պահվեն` ըստ ֆարմակոլոգիական խմբերի` դրանց ուղեկցող փաստաթղթերում սահմանված ջերմային ռեժիմում և համապատասխան լուսավորության ու խոնավության պայմաններում:
    Դեղատունը և դեղատնային կրպակն արտաքին հատվածից ձևավորված է «Դեղատուն» կամ «Դեղատնային կրպակ» վերտառությամբ և կանաչ գույնի խաչի նշանով` տեսանելի վայրում փակցված ցուցանակով:
    Հայաստանի Հանրապետությունում դեղատների և դեղատնային կրպակների տարածքների հետևյալ թույլատրելի նվազագույն չափերն են`

    1) դեղատուն`

    ա. առևտրի սրահ, սպասասրահ` 18 քառ. մետր,

    բ. դեղերի ստերիլիզացման սենյակ` 10 քառ. մետր,

    գ. դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման բաժին` 7 քառ. մետր,

    դ. ասիստենտական սենյակ` 8 քառ. մետր,

    ե. փաթեթավորման սենյակ` լվացարանով` 4 քառ. մետր,

    զ. ստերիլ դեղերի պատրաստման սենյակ` 10 քառ. մետր,

    է. ամանեղենի մանրէազերծման սենյակ` 6 քառ. մետր,

    ը. պահեստ` 15 քառ. մետր,

    թ. շշերի պահպանման սենյակ` 6 քառ. մետր,

    ժ. դեղափոշիների պահպանման սենյակ` 8 քառ. մետր,

    ժա. գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մետր,

    ժբ. տնտեսական ապրանքների պահպանման սենյակ` 2 քառ. մետր,

    ժգ. սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մետր.

    2) եթե հայտատուն լիցենզիա ստանալու մասին հայտում նշում է, որ չի պատրաստելու ստերիլ դեղեր, ապա նշված տարածքներից հանվում են դեղերի ստերիլիզացման և ստերիլ դեղերի պատրաստման սենյակների համար նախատեսված տարածքները.

    3) դեղատնային կրպակ`

    ա. առևտրի սրահ, սպասասրահ` 18 քառ. մետր,

    բ. գրասենյակ, հանգստի սենյակ` 8 քառ. մետր,

    գ. սանհանգույց` լվացարանով` 2 քառ. մետր:
    Բժշկական հաստատությունների, վարչական շենքերի, մետրոների, օդանավակայանների, երկաթուղային և ավտոկայարանների սպասասրահներում տեղադրվող դեղատնային կրպակների համար առանձին սպասասրահ ու սանհանգույց ունենալը պարտադիր չէ, եթե նշված սպասասրահներում կան ընդհանուր օգտագործման սանհանգույց և սպասասրահ: Այս դեպքերում առևտրի սրահի նվազագույն թույլատրելի չափը սահմանվում է 8 քառ. մետր:
    Սույն կարգով նախատեսված դեղատների կամ դեղատնային կրպակների համար հատկացված տարածքները պետք է տեղակայված լինեն միևնույն շինության կամ շենքի տարածքում և ունենան գործառնական կապ: Սույն պահանջը չի տարածվում այն գյուղական համայնքների դեղատների կամ դեղատնային կրպակների վրա, որոնք միացված չեն ջրահեռացման կենտրոնական համակարգին:
    Դեղատների կամ դեղատնային կրպակների առևտրի սրահի սպասասրահի, գրասենյակի տարածքները կարող են տարանջատված լինել շարժական պատերով` բացառությամբ սանհանգույցի:
    Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիա ստացած կազմակերպությունը դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի պատճենները փակցնում է իր գտնվելու և գործունեության իրականացման վայրերի տեսանելի հատվածում, իսկ անհատ ձեռնարկատերը` իր գործունեության իրականացման վայրի տեսանելի հատվածում:
    Դեղատնային գործունեության համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների փոփոխման դեպքում (ներառյալ համապատասխան որակավորում ունեցող դեղագետի կամ դեղագործի, գործունեության իրականացման վայրի, հագեցվածության փոփոխման) լիցենզավորված անձը 15-օրյա ժամկետում լիազոր մարմնին հայտնում է իրականացված փոփոխության մասին` կցելով համապատասխան փաստաթղթերը:

    0

  2. Tigran
    Tigran

    Պետք է դիմեք առողջապահության նախարարություն, ներկայացնեք լիցենզավորման կարգով պահանջվող փաստաթղթերը ու ունենալ դեղագետ կամ դեղագործ մասնագետ: Նայեք այս հղումով:

    0

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...