Category: Հարկեր, տուրքեր, վճարներ
Ավելացված արժեքի հարկի մասին օրենքի 27 հոդվածի հետ կապված
Արթուր.
Հարգելի գործընկերներ, ենթադրենք կազմակերպությունը ունի 100 միավոր իրացման շրջանառություն, որից 5 միավորը, այսինքն` 5 տոկոսը, բաժին է ընկնում ԱԱՀ-ից ազատված գործարքներին: Տվյալ հաշվետու ժամանակաշրջանում առաջացել է նաև 23 միավոր ԱԱՀ դեբետ: Համաձայն ԱԱՀ մասին օրենքի 27 հոդվածի եթե հնարավոր չէ վարել ուղղակի հաշվառում, պետք է վարել հաշվառում տեսակարար կշռով: Տվյալ օրինակում 23 միավոր ԱԱՀ դեբետից հաշվանցման ենթակա չէ 5 տոկոսը, այսինքն` 1,15-ը: Սակայն 5 միավոր ազատված շրջանառության 20 տոկոսը 1 միավոր է, որը փոքր է 1,15-ից: Ստացվում է, որ 0,15-ով քիչ է հաշվանցվող գումարը: Այս դեպքում պակասեցման ենթակա է 1,15 միավորը, թե՞ 1 միավորը:
Եկամտային հարկի հաշվեհամարների վերաբերյալ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի և աշխատանքային պայմանագրով աշխատողների համար փոխանցվող եկամտային հարկի գումարները փոխանցելու հաշվի համարները տարբե՞ր են, և հաշվարկում քաղ. իրավականը պետք է ներառվի 1.7 տողում, իսկ աշխ. պայմանագրով` 1.6 տողում, արդյո՞ք ես ճիշտ եմ: Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Ընկերությունը ներկայացրել է հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ
Արամ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հիմնավոր պատասխանեք հետևյալ հարցին.
ընկերությունը 10.06.2013թ-ին էլեկտրոնային եղանակով ներկայացրել է հայտարարություն ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ, սակայն հայտարարության մեջ “Կազմակերպությունը իրեն համարում է ԱԱՀ վճարող” տողում սխալմամբ նշել է 31.12.13թ: Արդյունքում զրոյանում է կազմակերպության 14.06.13թ-ի կատարած ներմուծման մոտ 2 200 000 դեբետ և առաջանում է 25.06.2013թ-ին դուրս գրված հաշիվներից մոտ 470 000 դրամի կրեդիտ: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվել այս դեպքում:
Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց
Արթուր.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:
ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում
Անահիտ.
ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում:
Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու անհատ ձեռնարկատերը
Արսեն.
Բարև ձեզ:
Գրանցվել եմ որպես ԱՁ և պատրաստվում եմ 35մ2 սեփական տարածքում կազմակերպել մի քանի տեսակի գործունեություն՝
1. Ինտերնետ ակումբ առանց խաղերի
2. Համակարգիչների վերանորոգում
3. Փաստաթղթերի պատճենահանում
4. Գրենական պիտույքների վաճառք
Ունենալու եմ մեկ վարձու աշխատող:
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Գույքահարկի հաշվարկ
Սասուն.
Բարև ձեզ: Ինչպե՞ս հաշվարկեմ 2006թ., 1999թ. 110 ու 100 ձիաուժ ունեցող մարդատար գազելների գույքահարկը 2013թ. 1-ին կիսամյակի համար: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Մեքենայի գույքահարկի հաշվարկ
Ռաֆաել.
Բարև ձեզ, կխնդրեի հաշվարկել մեքենայի գույքահարկը: Թողարկման տարի 2007, մարդատար, 175 ձ/ու, և խնդրում եմ ասել` եթե մեքենան և ես գրանցված ենք Գյումրիում, իսկ ես բնակվում եմ Երևանում, կարո՞ղ եմ արդյոք վճարել գույքահարկը Երևանում և ինչպե՞ս:
Կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում
Արթուր.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում, պայմանագրեր է կնքում ֆիզ. անձանց հետ, ուղարկում է հանգստանալու տարբեր հյուրանոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքում: Ֆիզ. անձը գումարը փոխանցում է տվյալ տուրօպերատորի հաշվարկային հաշվին, այնուհետև տուրօպերատորը պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին: Հյուրանոցների հետ հանձնարարության պայմանագիր կնքելու դեպքում ԱԱՀ շեմի հաշվարկման համար ո՞ր գումարն է հաշվարկվում` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը: Եվ նախքան ԱԱՀ շեմը անցնելը շրջանառության հարկով աշխատելու դեպքում ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը:
Մեքենայի տեխ. զննում
Հեղինե.
Հնարավո՞ր է անցկացնել մեքենայի տեխ. զննումը, եթե գույքահարկը չի վճարվել:
Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը
Սարգիս.
Ողջույն: Հարգելի գործընկերներ, “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի հավելված 7-ում նշվում է, որ “սույն հավելվածի իմաստով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը…”: Խնդրում եմ պատասխանեք` այդ դեպքում ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը ոգելից խմիչքների և առհասարակ պատրաստի արտադրանքի վաճառքի դեպքում:
Գույքահարկի հաշվարկ
Գագիկ.
Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան OPEL VECTRA մակնիշի է, տիպարտ 2.01, շարժի հզորություը 101/136 ԿՎՏ/Ձ.ՈՒ: Գույքահարկի մասին օրենքի 7-րդ հոդվածը կարդացել եմ, բայց այնտեղ նշված չէ 10 տարուց ավել մեքենայի գույքահարկը, որքան գումարո՞վ է հարկվում 100, թե՞ 200 դրամով:
Նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված
Աննա.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության աշխատակիցը ստանում է ամսական 51 000 դրամ աշխատավարձ – 12 444 դրամ, եկամտային հարկ = 38556 դրամ:
Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը դառնալու է 45 000 դրամ: Արդյո՞ք ես պետք է բարձրացնեմ տվյալ աշխատողի աշխատավարձը, թե՞ նվազագույն աշխատավարձ ասելով` խոսքը վերաբերվում է ԱՎՈՒՄ-ին, այսինքն աշխատավարձ նախքան պահումները:
Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Արդյո՞ք ապրանքը ենթակա է մաքսազերծման
Արեգ.
Բարև: Ես պատվերներ եմ կատարում օնլայն խանութներից: Հիմա ցանկանում եմ պատվիրել 600 դոլարի ֆոտոկամերա: Այն գնալու՞ է մաքսատուն, և եթե գնալու է, ինչքա՞ն պետք է վճարեմ ապրանքի համար:
Անձը զբաղվում է բանջարեղենի վաճառքով
Անուշ.
Բարև ձեզ: Ես մայթեզրին, չգործող խանութի առջևում զբաղվում եմ բանջարեղենի վաճառքով: Արդյո՞ք պետք է մտնեմ հարկային դաշտ և ինչպիսի՞ հարկ պիտի վճարեմ:
Արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի
Anka.
Հարգելի հաշվապահներ, արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի, թե՞ ոչ: Հարկայինի թեժ գծով ասել են, որ պետք է վճարի:
Կարո՞ղ է կազմակերպությունը շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով
Սոնա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել: Կարո՞ղ է ԱՁ-ն կամ առևտրային կազմակերպությունը իր ամբողջ շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով: Եթե այո, ապա հարկային ի՞նչ պարտավորություններից է ազատվում: Ավելի մանրամասն որտե՞ղ կարող եմ կարդալ: Կանխավ շնորհակալություն:
ԱՁ կողմից վճարվող 5 000 դրամ եկամտային հարկ
Արման.
Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք դադարեցում տված ԱՁ-ն ազատվում է 5 000 դրամ եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Լսել եմ, որ ինչ-որ փոփոխություն է կատարվել այս հարցի հետ կապված:
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, եթե գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր մայիսի 29-ին, արդյո՞ք մայիս ամսվա համար պետք է վճարեմ 5000 դրամ եկամտային հարկ: Կանխավ շնորհակալություն:
Ավտոլվացման կետի գործունեություն
Նառա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել, թե ինչպես է հարկվում ավտոլվացման կետի գործունեությունը: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն
Արտակ.
Ընկերությունը ձեռք է բերել հիմնական միջոց (նասոս), որը ունի շահագործման ժամկետ, և ձեռեք բերումը ունի հարկային հաշիվ: Արդյո՞ք կարելի է հաշվանցել տվյալ հարկային հաշում առանձնացված ԱԱՀ-ն:
Ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն
Հակոբ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. Ա/Ձ 2013թ. դարձել է շրջ. հարկ վճարող, բացի դրանից ուրիշ ի՞նչ հակատեսակ պետք է վճարի:
Կազմակերպությունը ապրանք է վաճառել ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը
Nare.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, ունի ԱԱՀ-ով ձեռքբերումներ և վաճառքներ: Հիմա մայիսին վաճառել է ապրանք ԱԱՀ-ից ազատված կազմակերպությանը, առանց ԱԱՀ-ի, համապատասխան փաստաթղթի հիման վրա: Ինչպե՞ս կարտացոլվի հաշվետվությունում, և ի՞նչ ճակատագրի կարժանանա ԱԱՀ-ն: Ենթադրենք ունեցել է ԱԱՀ-ով ձեռք բերում 1 200 000, ներառյալ ԱԱՀ, վաճառք ԱԱՀ-ից ազատված 600 000, և վաճառք ԱԱՀ-ով այլ գնորդների 1 800 000 ներառյալ ԱԱՀ: Խնդրում եմ օգնել:
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը
Արամ.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն “Շրջանառության հարկի” մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:
Հարկային օրենսդրության ամբողջական փաթեթ
Vahram.
Բարև Ձեզ:
Կասե՞ք` ինչպես գտնեմ հարկային օրենսդրության` այս պահին գործող ամբողջական փաթեթը:
Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա
Lia.
Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա, ինչպես նաև խնամքի միջոցներ: Բայց աշխատանքին սխեման լինելու է ցանցային, օրինակ, ինչպես որ աշխատում է Օրիֆլեյմը, Ֆաբերլիկը: Խանութներում վաճառք չի լինելու, լինելու են կոնսուլտանտներ, ովքեր կատալոգների միջոցով կատարելու են վաճառք: Կոնսուլտանտները հնարավորություն ունեն լավ աշխատանքի շնորհիվ դառնալ տնօրեն: Հարցս հետևյալն է`
ինչպե՞ս է գրանցում լինում, ի՞նչ հարկեր են վճարում, ապրանքի շարժը ինչպե՞ս են ցույց տալիս, քանի որ ՀԴՄ չկա: Շնորհակալություն:
Շահութահարկի վճարումը ուշացնելու դեպքում
Մերի.
Բարև ձեզ, շահութահարկի վճարումը ուշացնելու դեպքում յուրաքանչյուր օրվա համար քանի՞ տոկոս տույժ է սահմանված:
Հարկի հաշվանցման դիմումի ներկայացում էլեկտրոնային եղանակով
ՄԱՐԻ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարկային տեսչություն հարկի հաշվանցման համար: Գործատուս ասում է, որ դա արդեն հնարավոր է իրականացնել էլեկտրոնային տարբերակով taxservice.am-ի միջոցով: Եթե տեղյակ եք, թե ինչպես է դա արվում, խնդրում եմ շտապ օգնեք:
ԱԱՀ հաշվանցման հետ կապված
Արտակ.
2011թ-ի հոկտեմբեր ամսում ընկերությունը ունի եկամտային շրջանառություն (կատարողական), որը ազատված է ԱԱՀ-ից: Նույն հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն ԱԱՀ-ի մասին 27 հոդվածի համաձայն հաշվանցում չի կատարվել, սակայն այս վերը նշված շրջանառության մեջ օգտագործվել են նյութեր, որոնք ձեռք են բերվել նախորդ հաշվետու ժամանակաշրջանում: Արդյո՞ք ճիշտ է հարկային տեսուչի պնդումը, որ նախորդ հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված նյութերի ԱԱՀ-ները պետք է առանձնացվեն և չհաշվանցվեն:
