29/10/2026

Անի.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:

Անուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող/հանդիսացող (խնդրում եմ նշել երկու դեպքի համար) ԱՁ-ի կողմից որպես աշխատող գրանցվելու դեպքում արդյո՞ք հնարավոր է օգտվել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստից:

Դավիթ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ խանութի հաշվապահական հաշվառում վարելու հարկայինները վճարելու համար պարտադի՞ր է ունենալ լիցենզավորված ՀԾ ծրագիր: Եվս մեկ հարց. հնարավո՞ր է հարկայինները տերմինալով վճարել:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք.
Պետ. ռեգիստրում գրանցել եմ ՍՊԸ (տնտեսական գործունեության դասակարգիչը՝ F43.21.1), 13.03.2020թ. ներկայացրել եմ էլեկտրոնային գրանցման հայտ (վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների) և միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: 2 հաշվետվություն էլ կա «Հանձնված հաշվետվություններ» բաժնում:
Հիմա հարց՝ ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ:

Հ.Գ. Եթե հաշվետվությունների բաժնում երևում են հայտերը, նշանակում է հայտերը տեղ հասե՞լ են, ամեն ինչ նորմա՞լ է:

Սուսաննա Ասատրյան.

Հասարակական կազմակերպությունը ո՞ր համարի հաշվետվությունը պետք է լրացնի շահութահարկի համար Տաքսսերվիսի էլ. հաշվետվությունների ցանկից։ Կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Բարև ձեզ:
1. IT ոլորտի նորաբաց կազմակերպությունը ի՞նչ հարկով է հարկվելու:
2. IT կազմակերպության համար ո՞ր կազմակերպաիրավական ձևն է առավել նախընտրելի:

Նաիրա.

Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞:

Անուշ.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ հղիության ժամանակահատվածում (10 շաբաթական) մեկ գործատուի մոտից ազատվելուց հետո արդյո՞ք օրենքով սահմանված է որոշակի ժամանակահատված, երբ պետք է այլ աշխատավայրում գրանցվել հետագայում մայրության նպաստից չզրկվելու համար։ Շնորհակալություն։

Անահիտ.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, դեկտեմբերի 18-ին գրանցել եմ Ա/Ձ, հունվար ամսվանից համարվել եմ շրջանառության հարկ վճարող և կատարել եմ վճարում շահութահարկի և սոց․ վճարի մասով 5 000-ական դրամ։ Մարտի 12-ին լուծարել եմ, այժմ ի՞նչ հաշվետվություններ է անհրաժեշտ ներկայացնել։

Գոհար.

Բարև ձեզ: Ես հաշվապահ չեմ ու երբեք չեմ զբաղվել հաշվապահական հարցերով: Քանի որ գրանցված աշխատող չեմ, ծնվել եմ 1974թ.-ից հետո և մտածում եմ ապագա թոշակի մասին, ուզում եմ գրանցվել որպես շրջանառության հարկով աշխատող ԱՁ, որպեսզի կենսաթոշակային մուծումներ անեմ, ու գործունեությունը համարվի ստաժ։ Արդեն տեղյակ եմ նախորդ հարց ու պատասխանից, որ պետք է ներկայացնեմ եռամսյակային 232 հաշվետվությունը և տարեկան 240, 244, 165 ձևերը։ Հարցս հետևյալն է. ի՞նչ հաշվեհամարի պետք է փոխանցել ամենամսյա 5 000 դրամ սոց. վճարը և 5 000 դրամ շահութահարկը, և արդյո՞ք ոչ մի հաշվետվություն չպետք է կազմվի։ Կանխավ շնորհակալություն:

Արփի.

Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք: Դեռ հարկային գրանցում չունեմ, բայց ուզում եմ որպես ֆիզիկական անձ գրանցվել հարկայինում:
1. Արտասահմանյան ընկերության համար Երևանում ֆրիլանս վարչական աշխատանքներ եմ սկսելու անել: Դասիչները կարդացի, դա, կարծես, ամենից շատ համապատասխանում է 82.11.0 Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեությանը: Ճի՞շտ եմ հասկացել: Այստեղ գրասենյակ չկա, ուղղակի օրական 1 ժամ օնլայն տարբեր տիպի վարչական աշխատանքներ եմ անում, այդքանը: Որպես ֆիզ. անձ կարո՞ղ եմ այս գործունեությունն անել ու հարկերից ազատվա՞ծ եմ լինելու: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:
2. Մի քանի դասընթաց եմ անցկացնելու (նեղ մասնագիտական չեն, ավելի շուտ ընդհանուր զարգացման, բայց ոչ ֆորմալ): Ամենամոտ դասիչը 85.59-ն է, բայց ենթադասը ոչ մի նշված կետին չի համապատասխանում: Կարո՞ղ եմ որպես ֆիզ. անձ այս գործունեությունն իրականացնել, ու դա ինչպե՞ս է հարկվում:

Աննա.

Մանկական զարգացման կենտրոնը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ աշխատել, նշեմ՝ սնունդ չի տալու, ավելի շուտ դասապատրաստում է լինելու:

Քրիստինե.

Բարև ձեզ: ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, և դրանից հետո հաշվապահը լրացրել է դրամարկղային գիրքը, փոխառություն է ստացել և վճարել է կոմունալ, աշխատավարձ: Ի՞նչ աստիճանի վարչական տուգանք է հասնում դրա համար, խնդրում եմ, մանրամասնեք ու առաջարկեք տարբերակներ՝ ինչ անել:

Լուսինե.

Ես ցանկանում եմ բիզնես սկսել, բայց տանից, ասենք՝ ինչ-որ բաներ թխել և հանձնել խանութներին, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ պետք է անել և խանութներ փաստաթուղթ պե՞տք է ներկայացնել։ ԱՁ-ն բացելուց հետո ի՞նչ փաստաթուղթ և ո՞վ է տալիս այն, որ ներկայացնեմ խանութ, և որ իմ արտադրանքը օրենքով վաճառվի։ Շնորհակալություն։

Մարինե.

Կազմակերպությունում հրդեհ է տեղի ունեցել, որի արդյունքում այրվել են շահագործման մեջ գտնվող փոքրարժեք և արագամաշ առարկաները (առկա է հակահրդեհային ծառայության ակտը): Խնդրում եմ գրել հաշվապահական թղթակցությունները:

Մարիամ.

Բարև ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին. ես ցանկանում եմ վարձակալել տարածք՝ Երևանում գտնվող մոլերից մեկում, և զբաղվել հեռախոսների աքսեսուարների վաճառքով: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ և մոտավորապես որքա՞ն:

Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր:
2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:
3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:

Դավիթ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և ուզում է գրանցել քաղաքացիաիրավականով աշխատող, կարո՞ղ եք ասել հաշվետվության 79 ձևի մեջ բաժին 4֊ում ո՞ր կետերն ենք լրացնելու:

Սիմոն.

Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:

Արմինե.

Ա/Ձ-ն 2014թ.-ից դադարի մեջ է եղել։ Գործունեությունը մարտի 13-ից վերսկսելու դիմում է ներկայացվել, բայց միկրոձեռնարկատիրությամբ զբաղվելու հայտարարությունը չի ընդունում համակարգը։ Իրավունք չկա՞։

Տիգրան.

Բարև ձեզ: Ես ԱՁ եմ գրանցել, գործունեության ոլորտը՝ «Ծրագրային ապահովման մշակում», դա կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն:

Լիլիթ․

Հարգելի գործընկերներ, տեղյա՞կ եք՝ հետաձգվելու՞ է արդյոք հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 20-ը, կապված կորոնավիրուսի համավարակի հետ։