22/10/2026

մաքսազերծում

Վարդան Ադունց.

Փոստային առաքումով ներկրել եմ համակարգիչներ՝ գնված Ալիբաբա կայքում: Մաքսազերծելիս ինձ ասացին, որ հաշվարկը կատարվելու է ոչ թե ինվոյսում գրված գնով, այլ հսկիչ գներով: Օրինակա՞ն է արդյոք դա:

Սաշիկ․

Բարև ձեզ: Ցանկանում եմ երրորդ երկրից կիթառ բերել նավով կամ բեռնատարով անձնական օգտագործման համար, մաքսազերծելու կարիք ունի՞, թե՞ ոչ։ Քաշը 3-5 կգ է։ Եվ քանի՞ կգ-ի մաքսազերծելու կարիք է առաջանում։

Էլեոնորա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկեր: ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագիտությամբ բժիշկին նվիրատվությամբ բժշկական սարքավորում(ներ) տրամադրելիս (նվիրատուն այլ երկրի քաղաքացի կամ կազմակերպություն է) կիրառվու՞մ են արդյոք ներմուծման մաքսային վճարներ: Մաքսազերծումն ինչպե՞ս է իրականացվում: Եթե հնարավոր է, նշեք այդ հարաբերությունները կարգավորող իրավական ակտը:

Շնորհակալություն:

Սարգիս.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ 3-րդ երկրից հագուստ ներմուծել Հայաստան Ա/Ձ-ի համար, ուզում եմ իմանալ ի՞նչ վճարումներ եմ անելու մաքսազերծման ժամանակ, քանի՞ տոկոս և ի՞նչ հարկով եմ հարկվելու հետագայում:

Հակոբ․

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:

Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝

1. մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ,
2. ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար:

Խաչիկ.

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ Alibaba կայքից գնել տրակտոր անձնական օգտագործման համար, և ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք Հայաստան հասնելուց հետո պետք է մաքսազերծել, թե՞ որպես գյուղտեխնիկա չի մաքսազերծվում: Նախապես շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ արտերկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքի մեջ ներառվող ուղղակի և անուղղակի ծախսերի հետ կապված, արդյո՞ք մաքսային ձևակերպման ժամանակ վճարված 10+20% – ները ներառվում են ինքնարժեքի մեջ:

Արփինե.

Հարգելի հաշվապահներ,
մի քանի օր առաջ գրանցել եմ ԱՁ, գործունեությունը՝ ապրանքների ներմուծում և վաճառք, հայտարարություն եմ տվել շրջհարկով հարկվելու համար, ունեմ լիազորագրի մուտքանուն և գաղտնաբառ, սակայն չկարողացա մուտք գործել։

Խնդրում եմ ուղղորդել հետագա գործողություններ համար: Արդյոք պարտադի՞ր է բանկային հաշիվ ունենալը, որտե՞ղ է արտացոլվելու շրջանառությունս՝ բանկային քաղվածքներո՞վ, թե՞ այլ տարբերակներ կան, ինչպե՞ս եմ կատարելու ներմուծած ապրանքի (կոշիկ) մաքսազերծումը, ի՞նչ չափով եմ հարկվելու, և խանութների հետ ապրանքի դիմաց վճարները կարո՞ղ են կանխիկ լինել, թե՞ միայն հաշիվ-ապրանքագրով։ Ունեմ հաշվապահության մինիմալ գիտելիքներ, կցանկանայի ինքս վարել այն։

Կանխավ շնորհակալություն:

Արամ Վասիլյան.

Ո՞վ կարող է օգնել: Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ վճարող: Մեկ տարվա կրտվածքով ունի 6 մլն դրամից մի փոքր ավելի վաճառք: 2019թ. համար ձեռնտու՞ է մնալ ԱԱՀ վճարող, թե՞ անցնել շրջանառության հարկ վճարող: Ներկրումը 3-4 ամիսը մեկ անգամ միջինը 2 000 եվրո: Ինձ հետաքրքրում է, թե մաքսատանը ես ԱԱՀ վճարելու՞ եմ, թե՞ ոչ, և միասնական հաշվին մնու՞մ է, թե՞ ոչ:

Վիգեն.

Ողջույն:

Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է հաշվարկվում մաքսային վճարը նոր օրենսդրությամբ ԱՄՆ-ից Onex կամ Globbing փոստային ծառայությունների միջոցով գնելու դեպքում, երբ գումարը գերազանցում է 500 եվրոն։

Օրինակ՝ ինչքա՞ն կկազմի մաքսային վճարը $ 1 000 նոութբուք գնելու դեպքում։

Նախապես շնորհակալություն:

Համլետ Ղ.

Բարև ձեզ, ուզում եմ մեքենա ներկրել արտերկրից, գալու է մինչև Երևան կոնտեյներով, ի՞նչ ժամանակահատվածում պետք է արվի այդ մեքենայի մաքսազերծումը և ե՞րբ է այդ դեպքում մուծվում մեքենայի շահագործման գույքահարկը, հնարավո՞ր է արդյոք դա հետո մուծել։ Կանխավ շնորհակալություն։

aram2018.

Բարև ձեզ: Ես փոքր ՍՊԸ-ի տնօրեն եմ, կատարում եմ կոսմետիկ նյութերի ներկրում-վաճառք Եվրոպայից (Նիդերլանդներ): Մինչ այժմ մաքսազերծման պրոցեսը կատավել է բրոքերի կողմից: Այժմ ցանկանում եմ դա անել անձամբ: Ո՞վ կարող է բացատրել ինձ, թե ինչպես է դա կատարվում քայլ առ քայլ, սկսած բեռնափոխադրողի ապրանքը ՀՀ տարածք ներկրելուց, մինչև մաքսատնից դա դուրս բերելը: Նկատի ունեմ` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և մաքսազերծման պրոցեսում ի՞նչ ծրագիր է անհրաժեշտ իմանալ: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:

Սերգեյ Կարապետյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ցանկանում եմ բացել կոստյումի արտադրամաս: Կտորը ստանալու եմ ԵՏՄ-ից, այսինքն՝ ինչպես հասկանում եմ` մաքսազերծելու կարիք չի լինի: Կպատասխանե՞ք` ինչպես ճիշտ կլինի` ԱՁ-ով ծավալե՞մ գործունեություն, թե՞ ՍՊԸ-ով, և ի՞նչ հարկատեսակներ կգործեն:

Շնորհակալություն:

Dina.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մեր ՍՊԸ աշխատել է միայն ԵՏՄ երկրների հետ, կարո՞ղ եք պատասխանել` Եվրոպայից ներմուծումը և արտահանումը, հաշվապահության հաշվարկը և ընթացակարգը ինչո՞վ է տարբերվում ԵՏՄ-ից: Կարո՞ղ եք գրել` որտեղ կարող եմ կարդալ Եվրոպայից ներմուծման և արտահանման մասին: Շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

Ռոբերտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս.
Շրջանառության հարկի մասին օրենքի 7 հոդվածի 1.1 կետում ասվում է, որ շրջանառության հարկի գումարը նվազեցվում է ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարի չափով, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք մաքսատուրքն էլ պետք է ներառվի, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն:
Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:

Hasmik.

Հարգելի հաշվապահներ,
Խանութը ներմուծել է ֆիրմային տոպրակներ x գնով, որոնք հետագայում անվճար տրվում է հաճախորդներին: ԱԱՀ – ի օրենքով ինչպե՞ս է կարգավորվում ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ: Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ընկերությունը ապրանք է ներմուծում ՌԴ-ից: Վաճառողը ապրանքը ներմուծելու է ՀՀ, այն տեղադրելու է և նոր միայն հանձնելու գնորդին: Հարցերս հետևյալն են՝

1. ՀՀ սահմանից մինչև գնորդ ընկերության հասցե տեղափոխման ճանապարհածախսը պե՞տք է ընդգրկել հարկային բազայում, թե՞ ոչ:
2. Ո՞ր օրվա փոխարժեքով է վերահաշվարկվում հարկային բազան՝ ՀՀ սահման հատելու՞, թե՞ ապրանքը հաշվառման վերցնելու:

Կանխավ շնորհակալություն: