30/10/2026

շրջանառության հարկ

Անի.

Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։
Ծառայության պատվիրատուն ցանկանում է միանգամից վճարել 6 ամսվա ծառայության վճարը ինչպես նաև $1000 Ֆեյսբուքում և Լինկեդին-ում գովազդ տեղադրելու համար։ Այսինքն՝ այդ գումարը ես պետք է վճարեմ սոցիալական հարթակներին։
Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպես պետք է ձևակերպեմ $1000-ը (որը եկամուտ չէ) և 6 ամսվա ծառայության վճարը, որպեսզի խնդիրներ չունենամ հարկայինի հետ հաշվապահության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն, որը ծավալում է արտադրական գործունեություն՝ թխվածքաբլիթի արտադրություն՝ արտադրում և վաճառում է:

Մարետա.

1. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է՝ գրանցված աշխատող եմ ու ԱՁ եմ բացել, ի՞նչ-որ կերպ կազդի գրանցվածս պայմանների վրա:
2. ԱՁ-ն շրջ. հարկով է ճիշտ աշխատել, թե՞ միկրոյով:

Սոֆյա.

Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ.-ի մարտին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Այնուհետև 2019թ.-ի նոյեմբերին իրականացրել է տարածքի նվիրատվության գործարք ֆիզիկական անձին, ինչը արտացոլել է 2019թ.-ի 4-րդ եռամսյակի շրջանառության հաշվետվության մեջ:
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձին նվիրաբերած գույքի մասով, ո՞վ պետք է կատարի հաշվարկի ներկայացումը և գումարի վճարումը, էլեկտրոնային ի՞նչ հաշվետվաձևով:

Դավիթ.

Բարև Ձեզ: Պատրաստվում եմ ստեղծել կազմակերպություն, որը կաշխատի օնլայն 2 տարբեր ուղղություններով և 2 վեբ կայքերով: Առաջինը՝ լեզվի ուսուցման դասընթաց, երկրորդը՝ օնլայն քարտուղարի ծառայություն: Հարցս հետևյալն է. արդյոք հնարավո՞ր կլինի 2 տարբեր գործունեություն իրականցնել մեկ ՍՊԸ-ի միջոցով և գործել շրջանառության հարկի կամ այլ պարզեցված հարկման տարբերակով: Վարձու աշխատողներ հետագայում նախատեսվում են: Կանխավ շնորհակալ եմ:

Արամ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկի շրջանականերում հանրային սննդի և մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող Ա/Ձ-ները արդյոք կարո՞ղ են 12 ամսվա վճարած շահութահարկի և սոց. վճարի 5 000 դրամները ներառել ծախսերի մեջ:

Սիմոն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն հարկային մարմնին տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվաապներ։ Երկու հարց ունեմ.

1. Հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները գիտեմ որ դեպքում են առաջանում, բայց չեմ հասկանում` դա արտահայտվու՞մ է արդյոք շահութահարկի 240 հաշվետվության մեջ

2. Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը իր ներմուծած ապրանքները ինչ-որ ձևով կարո՞ղ է անհատույց վաճառել, կամ ցածր գնով, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Կարեն․

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․

1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։

2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։

3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։

Շնորհակալություն։

Hayk.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցում և այդ գործունեությանը վերաբերող նյութեր է ձեռքբերում, արդյո՞ք կարող է այդ նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր: Նշեմ, որ առաքման գիրք չունենք: Եվ կխնդրեմ օրենքի հղում անել:

Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. շրջանառության հարկի հաշվետվության մեջ սխալ եմ հայտնաբերել՝ կարո՞ղ եմ ճշգրտել։ Ի՞նչ է բխում, եթե ապրանքի ձեռքբերման ծախսը քիչ եմ նշել, եթե շրջանառության հարկի հաշվետվության մեջ 5,4 կետը հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար պակաս եմ գրել՝ կոպիտ խախտու՞մ է և ի՞նչ հետևանք ունի:

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն ներմուծում է կատարել հունվարից մարտ ամիսներում, սակայն դեռ չի վճարել ներմուծման ԱԱՀ-ն։ Աշխատում է շրջ. հարկի դաշտում։ Շրջանառության հարկի հաշվարկում այդ չվճարված ԱԱՀ-ն կարո՞ղ ենք ներկայացնել 4 %-ի տողում:

Արամ.

Բարև ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիրման աշխատում է շրջանառության հարկով:
Հարց 1. Կարո՞ղ են արդյոք վարձակալական վճարները ներառվել ծախսերի մեջ:
Հարց 2. Եթե այո, ապա ֆիզիկական անձից վարձակալած տարածքի վարձավճարը կարե՞լի է ներառել, թե ոչ:

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող հյուրանոցը, եթե նաև ունի նախաճաշ, ճաշ ծառայություններ, ինչպե՞ս է հարկվելու։ Կարո՞ղ է գործել միկրոյի դաշտում, թե՞ շրջանառության հարկի դաշտում է գործելու։ Ուղղակի շրջհարկի դեպքում ճի՞շտ եմ հասկանում, որ հանրային սննդի մասով հարկվելու է 6 տոկոս, նվազեցնելով 3 տոկոս, իսկ ծառայությունների մասով՝ 20 տոկոս։

Gayane.

Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:

Hayk.

Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից:
Նախապես շնորհակալություն:

Արամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է շրջանառության հարկով, սակայն եկամուտը 0 է: Ըստ դրոշմանիշային օրենքի նոր փոփոխության արդյո՞ք պետք է վճարի դրոշմանիշային վճար։

Արթուր․

Փետրվարի 20-ին գրանցել եմ ԱՁ: Չիմացության պատճառով 20 օրվա ընթացքում չեմ ներկայացրել դիմում շրջանառության հարկով աշխատելու համար և հայտնվել եմ ԱԱՀ դաշտում: Հնարավո՞ր է ինչ-որ ձև կարգավորել խնդիրը:

Gayane.

Հարգելի հաշվապահներ, 2020թ-ին ՍՊԸ-ն մինչև հոկտեմբեր ամիս գործել է շրջհարկով, սակայն գործունեություն չի ծավալել: ՍՊԸ-ի հիմնադիրը մեկ այլ ՍՊԸ է բացել էլի 100% մասնակցությամբ, և երկու ՍՊԸ-ներն էլ հայտնվել են ԱԱՀ դաշտում: Հիմա հարց՝ այդ երկու ՍՊԸ-ները 240 ձևը, որ զրոյական հանձնեմ, խնդիր չի լինի չէ՞:

Ալինա.

Բարև Ձեզ: Ա/Ձ եմ, չունեմ գրանցված աշխատող, համարվում եմ սոց. վճարող և աշխատում շրջհարկով: Եթե չեմ սխալվում պետք է լրացնեմ 240 և 244 ձևերը, բայց առաջին անգամ եմ հանձնելու ու չեմ կարողանում լրացնել (((
Կարո՞ղ եք լրացված նմուշ ուղարկել կամ ուղղորդել՝ ո՞նց լրացնեմ, ո՞ր տողերը:

Արամ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ֆիրման իրականացնում է հանրային սննդի գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք հանրային սննդի գործունեություն իրականացնելու, ծխախոտի վաճառքի, գիշերային ժամերին աշխատելու, գովազդի թույլտվությունները, որոնք վճարվում են թաղապետարանում, կարո՞ղ ենք ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:

Անի.

Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, 2020թ. աշխատել եմ շրջանառության հարկով, այս տարի 2021 փետրվարի 21-ից մինչև փետրվարի 22-ը փորձում էի տալ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության դաշտով աշխատելու, սակայն այդ պահին ծրագիրը խափանված էր, չէր ընդունում իմ դիմումը, ինձ համարելով ԱԱՀ վճարող, սակայն հետո, երբ ուղղվեց ծրագիրը, ես անմիջապես ուղարկեցի հայտը և այն հաջողությամբ ընդունեց: Իսկ այսօր, երբ ես ծրագիր եմ մտնում հայտարարությունը չկա, ու ես փաստացի հարկվում եմ ԱԱՀ դաշտում: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս դառնամ միկրոձեռնարկատեր:
Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոձեռնարկատիրության մասին օրենսգրքում կետ կա, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը` այդ գործունեության տեսակների մասով չեն կարող համարվել Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ՝ Ա/Ձ-ն, որը մարզում զբաղվում է մանրածախ առևտրով և գտնվում է միկրոյի դաշտում, այս կետերում նշված գործունեությամբ զբաղվելու դեպքում կարող է առևտրի մասով մնալ միկրոյի դաշտում, իսկ պետ. տուրքի օրենքով սահմանված գործունեության մասով գործել շրջհարկի դաշտում։ Եվ եթե այդպես է, ապա ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը։

Գրիգոր.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով:
Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ:
2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%:

Margarit.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն 2020թ-ին ամեն ամիս վճարել է 11 000 դրամ սոց. ու դրոշմանիշային վճար, իսկ եռամսյակը մեկ նաև 5% շրջանառության հարկ։ Տարեկան շրջանառությունը մոտ 7 մլն։ Արդյո՞ք պետք է 2020թ-ի դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել, որքա՞ն և ե՞րբ է վերջնաժամկետը։ Կարո՞ղ եք, խնդրում եմ՝ նաև նշել ամսական որքա՞ն պետք է վճարել 2021թ-ին։