29/10/2026

էլեկտրոնային հաշվետվություն

Լիլիթ.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Այս ամիս եմ գրանցվել որպես արտոնագրային վճարող Ա/Ձ և արդեն ձեռք եմ բերել ՀԴՄ: Սակայն դեռ ID քարտ (էլեկտրոնային ստորագրություն) չունեմ: Հարցս հետևյալն է` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը պետք է պարտադիր ուղարկվի էլեկտրոնային, և ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ էլեկտրոնային տարբերակով: Կանխավ շնորհակալություն:

Armine.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն, ով 2013թ-ին աշխատել ու հարկվել է շրջանառության հարկով, հիմա պետք է ներկայացնի “Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին”, սակայն էլեկտրոնային հաշվետվությունների էջում կա երկու տողով` 98 և 108: 98-ը բացում է միայն 2013-ի համար լրացնելու հնարավորությամբ, իսկ 108 տողինը` 2014: Ասացեք խնդրեմ, ես ճի՞շտ կանեմ, եթե լրացնեմ 98 համարի հաշվետվությունը: Շնորհակալություն:

iveta.

Բարև Ձեզ: Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2013թ. համար) փոփոխություններ են տեղի ունեցել, էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում չեմ կարողանում գտնել համապատասխան լրացման հաշվետվության ձևը, 2012թ. համար դա 88. Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2012), բայց 2013 համար չկա, և հնարավո՞ր է հաշվետվությունը ներկայացնել թղթային տարբերակով:

Հեղինե.

Խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է արդյոք արված ամեն ինչ: Մեր աշխատակիցը փետրվարի 17-ից այլևս չի աշխատում, որի համար ես լրացրել եմ էլեկտրոնային դիմումի ձևը, այսինքն “աշխատակիցներ” բաժնում տվյալ աշխատակցի տվյալներում լրացրել եմ աշխատանքի ավարտը: Դիմումը ուղարկել եմ ՊԵԿ: Իսկ եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացրել եմ աշխատակցի վերջնահաշվարկի գումարը, որից ել կատարել ենք մուծումներ: Հաջորդ ամիս հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ինչպե՞ս պետք է հանել տվյալ աշխատակցի տվյալները մեր ցուցակից, եթե նման փորձ ունեք` կիսվեք, անչափ երախտապարտ կլինեմ: Նախապես` շնորհակալություն:

Սմբատ.

Հարկային տեսչությունով կատարվել է էլեկտրոնային հաշվետվությունների լիազորի փոփոխություն, սակայն եկամտային հարկի հաշվետվությունը չի ստորագրվում, պատճառաբանությունը՝ “Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում ‘Signature1’ ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է)”: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ պետք է անել:

Էդուարդ.

Ասացեք, խնդրեմ, թե որ համարի հաշվետվությունը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով ԱՁ-ի համար, եթե 2013թ. ընթացքում ոչ եկամուտ եմ ունեցել, ոչ էլ աշխատող, բայց վճարել եմ ամսական 5 000 դրամը:

Մանե.

Մի հարց ունեմ՝ էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված:

Մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ամեն ամիս ուղարկում եմ 86-րդ ձևը, իսկ տարեկան հաշվետվության ո՞ր ձևը պետք է ուղարկեմ: Նախապես շատ շնորհակալ եմ:

Քաջիկ.

Հարգելի գործընկերներ, եկամտային հարկի ամսական հաշվետվություն ներկայացնելիս (էլեկտրոնային եղանակով) փետրվար ամսվա փոխարեն նշել եմ հունվար: Այսինքն` դարձել է հունվարը ճշգրտված, իսկ փետրվարը բացակայում է: ՏՀՏ-ից ստացել եմ գրություն, վարչական իրավախախտման մասին արձանագրություն: Խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք չվճարել տուգանք, քանի որ եկամտային հարկն ամբողջությամբ փոխանցվել է, հարկային պարտականությունները կատարվել են ժամանակին:

Կանխավ շնորհակալություն:

Suzy.

Բարև Ձեզ,
ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
ՍՊԸ-ն բացվել է հոկտեմբեր ամսվա մեջ, զբաղվելու է առևտրով, բայց խանութը բացվել է հենց այսօր: Հոկտեմբեր ամսվա համար գրանցված տնօրենի համար ես եկամտային հարկի ամփոփ հաշվարկ չեմ ներկայացրել, արդյո՞ք սխալ եմ արել: Նաև դեռ չունենք էլեկտրոնային ստորագրություն, հնարավո՞ր է այլ կերպ հանձնել եկմատային հարկի ամփոփ հաշվարկ:

Կանխավ շնորհակալ եմ:

Զեփյուռ.

Աշխատողն ազատվել է ս/թ հուլիսի 3-ից, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է, նույն աշխատողին ս/թ օգոստոսի 17-ից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել լուծել խնդիրը:

Արմո.

Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց:

Մարիամ.

Ամսվա ընթացքում վճարվել է աշխատողի թաղման նպաստ: Ինչպե՞ս դա արտացոլել եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունում: Հաշվետվությունում չկա թաղման նպաստի տեսակը ընտրելու հնարավորություն:

ՄԱՐԻ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Անհրաժեշտ է դիմում ներկայացնել հարկային տեսչություն հարկի հաշվանցման համար: Գործատուս ասում է, որ դա արդեն հնարավոր է իրականացնել էլեկտրոնային տարբերակով taxservice.am-ի միջոցով: Եթե տեղյակ եք, թե ինչպես է դա արվում, խնդրում եմ շտապ օգնեք:

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
Աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում 79 ձև՞ն է լրացվում: Կանխավ շնորհակալություն:

Սարգիս.

Բարև Ձեզ:

Ես նոր գրանցված Ա/Ձ եմ, հանդիսանում են արտոնագրային վճար վճարող, քանի որ ունեմ ստոմատոլոգիա: Աշխատում են սկսած ապրիլ ամսից, և առայժմ չունեմ աշխատող: Խնդրում եմ ուղղորդեք` այս մեկ ամսվա համար ես բացի արտոնագրային վճարից, որն արդեն վճարել եմ, էլ ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարեմ և ի՞նչ էլեկտրոնային հաշվետվություն եմ ներկայացնելու: Կանխավ շնորհակալություն:

Ալբերտ.

Ուսուցիչը վերցրել է իր հաշվին արձակուրդ և հիմա ուզում է ազատվել աշխատանքից: Հիմա տրվել է ազատման հրամանը, կատարվել է վերջնահաշվարկ, որը պետք է նշվի եկամտային հարկի էլեկրտոնային տարբերակում և այնտեղ տրվի ազատման հրամանը, որը չեմ պատկերացնում, թե ինչպես և որտեղ պետք է նշվի: Խնդրում եմ օգնել:

Սարգիս.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսական պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:

Սուրեն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: 79 ձևով լրացրեցինք գրանցման հայտը, 86-ով եկամտային հարկի ամսական հաշվարկը: Ո՞ր ձևով պետք է ներկայացնել շրջանառության հարկի հաշվարկը: Շնորհակալություն:

Վահե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Էլեկտրոնային հաշվետվության մեջ գրանցման հայտում երկու աշխատողի աշխատանքային պաշտոնները պատահմամբ սխալ եմ լրացրել: Անձնական գրասենյակի “աշխատողներ” ենթահամակարգից փորձում եմ խմբագրել, բայց համակարգը տվյալ սյունակում փոփոխություն չի ընդունում, ինչպե՞ս վարվեմ: Միաժամանակ նաև ունեմ աշխատող 01.01.2013թ. չվճարվող արձակուրդում, այդ աշխատողների գրանցման հայտերը չեմ լրացրել, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե մարտ ամսին ուղարկեմ:

Սիրարփի.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես ունեցել եմ վարձու աշխատող և հունվար ամսվա համար ուղարկել եմ գրանցման հայտ, բայց 18.01.2013-06.06.2013 ժամանակահատվածի համար ինքը ներկայացրել է բուլետեն: Ես հաշվարկել, վճարել եմ ու ներկայացրել եմ հունվար ամսվա եկամտային հարկի հաշետվության մեջ: Փետրվար ամսվա համար արդեն ինքը չունի եկամուտ դրա համար էլ զրոյական եմ լրացրել իր անվան դիմաց, ու հաշվետվությունը ուղարկվում է սխալներով: Ի՞նչ փոփոխություններ պիտի կատարվեն, որ այս սխալը շտկվի:

Angelina.

Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. եթե էլեկտրոնային եղանակով ուղարկված հաշվետվությունում կան սխալներ, ինչպե՞ս կարելի է այն փոխել, խնդրում եմ ինձ տալ ճիշտ ուղղություններ: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:

Հելեն.

Հարգելիներս, մի հարց ունեմ: Հունվար ամսին ուղարկել եմ աշխատողների գրանցման հայտ, որտեղ մի աշխատողի պաշտոնը նշել եմ միայն թարգմանիչ, այնինչ՝ պետք է գրեի նաև տնօրեն: Եթե փետրվարի հաշվետվության ժամանակ նաև ուղարկեմ արդեն ուղղված գրանցման հայտը, որևէ խնդիր կառաջանա՞:

Անահիտ.

Բարև ձեզ: Ես ունեմ աշխատակից, ով գտնվում է չվճարվող արձակուրդում: Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի ժամանակ նրա համար չեմ նշել աշխատավարձի չափ, բայց սեղմել եմ հաշվիչի վրա, և նրա համար գրվել է զրո թիվը: Կարո՞ղ է սա պատճառ հանդիսանալ, որպեսզի հաշվետվությունս ՊԵԿ-ի կողմից ընդունվի սխալներով: Նախապես շնորհակալություն:

Աղբյուր` panorama.am

“Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի”: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենք համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով:

Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին:

“Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”,- ասաց Գ.Խաչատրյանը:

astxik.

Հարգելի հաշվապահներ, հարցս նոր եկամտային հարկի ամփոփ հաշվարկի մասին է: ԱՁ-ն աշխատող չունի, սակայն ունի վարձակալած տարածք, որի համար եկամտային հարկ է վճարում, որն էլ պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվարկում` ինչպե՞ս: Գուցե ԱՁ-ին գրանցեմ որպես վարձու աշխատող, որպեսզի եկամտային ամփոփ հաշվարկի ձևը բացվի, որն աբսուրդ է: Եթե գիտեք, արձագանքեք: Շնորհակալություն:

Ջանիկ.

Խնդրում եմ ասել` կա՞ որևէ անձ կամ կազմակերպություն, որ կարող է օգնել ներկայացնելու էլեկտրոնային հաշվետվություն: Ասեմ, որ զբաղվում ենք առևտրով և պարզեցված դաշտում ենք: Կանխավ շնորհակալություն: