աշխատանք

«

»

Aug 18 2010

Երբ կազմակերպությունը լուծարվում է

Աննա.

Երբ կազմակերպությունը լուծարվում է, հարկային դաշտում վերջինս ինչպե՞ս է կազմակերպվում:

1 կարծիք

  1. Albert

    Բարև Ձեզ, Աննա։
    1. Եթե դուք դադարեցրել կամ պատրաստվում եք դադարեցնել ձեր գործունեությունը,
    անհրաժեշտ է ձեր պարտատերերին վճարել բոլոր պարտքերը և իրացնել մնացած
    գույքը: Բիզնեսը կարող է լուծարվել բաժնետերերի (սեփականատիրոջ, եթե կա միայն
    մեկ բաժնետեր) որոշմամբ: Լուծարումը կարող է պահանջվել նաև դատարանի
    որոշմամբ, եթե.
    • ընկերության հիմնադրման ընթացքում եղել են պետական գրանցման կամ
    լիցենզավորման պահանջների խախտումներ,
    • իրականացվել է անօրինական գործունեություն կամ գործունեություն առանց
    համապատասխան թույլտվության (կամ լիցենզիայի):
    Իրավաբանական անձանց համար լուծարման գործընթացն սկսվում է կամ
    բաժնետերերի ժողովի որոշմամբ, կամ դատարանի վճռով: Կազմվում է լուծարման
    հանձնաժողով, որը պետք է մշակի գործողությունների պլանը և լուծարման
    ժամկետները: Հանձնաժողովը լուծարման ժամանակ իր վրա է վերցնում
    կազմակերպության կառավարման գործառույթները:
    2. Լուծարման հանձնաժողովը կամ սեփականատերը, եթե նա անհատ
    ձեռնարկատեր է, պետք է լուծարման մտադրության մասին գրավոր հայտնի
    Պետական Ռեգիստր և Հարկային ծառայություն: Դրանից հետո, սովորաբար լինում
    են համապատասխան պետական մարմինների կողմից կատարվող լուծարման
    ստուգումներ` բիզնեսի վերջնական պարտավորությունները վերստուգելու
    նպատակով: Բացի այդ, բոլոր պարտատերերը պետք է տեղեկացվեն, որպեսզի
    համապատասխան պահանջներ ներկայացնեն բիզնեսի գույքի նկատմամբ:
    Սա սովորաբար կատարվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում` ձեր
    բիզնեսի լուծարման մասին հայտարարություն զետեղելու միջոցով: Երբ Պետական
    Ռեգիստրին հայտնում եք լուծարվելու ձեր մտադրությունը, անհրաժեշտ է
    ներկայացնել նաև ձեր գրանցման վկայականի պատճենը և լուծարման մասին
    մամուլում արված հայտարարությունը:
    Թերթում հայտարարություն հրապարակելուց հետո սկսվում է երկամսյա սպասման
    ժամկետը, որի ընթացքում պարտատերերը հնարավորություն ունեն ներկայացնելու
    իրենց պահանջները: Լուծարման հանձնաժողովը պատասխանատու է նաև բոլոր
    չվճարված պարտքերը հավաքելու համար:
    3. Լուծարման մասին հրապարակումը տպագրելուց երկու ամիս անց դուք պետք է
    բավարարեք բիզնեսի գույքի դիմաց պարտատերերի բոլոր պահանջները: Հետո պետք
    է մնացած պարտքերը վճարելու համար պլան մշակեք և իրականացնեք այն:
    Առաջնայնությունը պետք է տրվի Հարկային ծառայությանը չվճարված պարտքերին:
    Այդ պարտքերը վճարելուց հետո միայն կարող եք անցնել մասնավոր պարտատերերի
    պարտքերի մարմանը: Եթե գույքի նկատմամբ կան վիճահարույց պահանջներ, որ
    ցանկանում եք վիճարկել, պետք է դիմեք դատարան: Եթե մնացած գույքը չի
    բավարարում չվճարված բոլոր պարտքերը մարելու համար, պետք է դիմեք սնանկ
    ճանաչվելու համար:
    4. Ձեր պարտատերերի պարտքերը վճարելուց հետո մնացած գույքը պետք է բաշխվի
    սեփականատերերի միջև: Որոշ դեպքերում ձեր կանոնադրությունում կարող է
    սահմանված լինել, թե դա ինչպես պետք է արվի: Օրինակ` բաշխումը կարող է
    կատարվել ըստ յուրաքանչյուր սեփականատիրոջ կողմից ներդրված կապիտալի: Այս
    գործընթացի վերջում մնացած հաշվեկշիռը պետք է զրոյական լինի:
    5. Ձեր կնիքը անհրաժեշտ է վերադարձնել ՀՀ ոստիկանության տարածքային
    բաժանմունք: Չմոռանաք ՀՀ ոստիկանության տարածքային բաժանմունքից վերցնել
    կնիքը հետ վերադարձնելու մասին տեղեկանքը:
    6. Երբ այս գործընթացն ավարտվի, դուք պետք է գնաք Պետական Ռեգիստր`
    լուծարումը պաշտոնապես գրանցելու համար: Անհրաժեշտ է ներկայացնել.
    • դիմում լուծարման մասին,
    • գրանցման վկայականի պատճենը և բնօրինակը,
    • տեղեկանք հարկային ծառայությունից պահանջների բավարարման մասին,
    • լուծարման մասին բաժնետերերի ժողովի որոշման օրինակը,
    • լուծարման հանձնաժողովի կողմից ստորագրված լուծարման հաշվեկշիռը,
    • տեղեկանք ՀՀ ոստիկանության տարածքային բաժանմունքից կնիքը հետ
    վերադարձնելու մասին,
    • անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք Պետական Ռեգիստր
    պետք է ներկայացնեն տեղեկանք իրենց անձնակազմին վերաբերող
    փաստաթղթերը առանձնացնելու և պետական կամ համայնքային արխիվ
    ներկայացնելու համար,
    • տնօրենի/կամ անհատ ձեռնարկատերի անձնագրի պատճենը:

Պատասխանել

Your email address will not be published. Required fields are marked *


Կարող եք թողնել Ձեր կարծիքը, մեկնաբանությունը, հարցը: Գրեք այն առանց ՄԵԾԱՏԱՌԵՐԻ ("Caps Lock" ստեղնը անջատած), առանց այս < նախադասություն > նշանների, հայերեն լեզվով և հայերեն տառերով` օգտվելով Armenian Phonetic Unicode-ից: