Դրամական հոսքերի մասին

Ալիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ օգնել, դրամական հոսքերի մասին որևէ տեղեկատվություն, կամ հոդված, որը ներկայացնում է դրամական հոսքերի կառուցվածքը, որոնք են հանվում, որոնք գումարվում: Շնորհակալ կլինեմ եթե օգնեք ինձ եկամուտների և ծախսերի վերաբերյալ ևս: Կանխավ շնորհակալեմ` կարողեք նաև ուղղարկել, եթե word-ով կամ այլ նման ֆայլ է: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Դրամական հոսքերի մասին

  1. 4.ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Ձև N 4)

    Դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունում արտացոլվում է հաշվետու տարում (ժամանակաշրջանում) կազմակերպության դրամարկղում և բանկային հաշիվներում գործառնական, ներդրումային, ֆինանսական գործունեությունից (ներառյալ՝ արտասովոր դեպքերից) Հայաստանի Հանրապետության արժույթի և արտարժույթի, դրամական միջոցների համարժեքների (այսուհետ` դրամական միջոցներ) մուտքերը և ելքերը, հաշվետու տարվա սկզբի և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի մնացորդները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքային տարբերությունների հետևանքով դրամական միջոցների և դրամական միջոցների համարժեքների աճը կամ նվազումը (251 «Դրամարկղ», 252 «Հաշվարկային հաշիվ», 253 «Արտարժութային հաշիվ», 254 «Այլ հաշիվներ բանկերում», 257 «Դրամական միջոցների համարժեքներ» հաշիվների դեբետային և կրեդիտային շրջանառությունները, հաշվետու տարվա սկզբի և հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջի մնացորդները):
    Սույն հրահանգում «հաշվետու տարի (ժամանակաշրջան)» արտահայտությունը հավասարապես վերաբերում է հաշվետվության ինչպես հաշվետու տարվան (ժամանակաշրջանին), այնպես էլ նախորդ տարվան (ժամանակաշրջանին):
    Արտարժույթով դրամական միջոցները, ինչպես նաև արտարժույթով արտահայտված դրամական միջոցների համարժեքները հաշվետվությունում արտացոլվում են Հայաստանի Հանրապետության արժույթով: Ընդ որում, հաշվետու տարվա սկզբի մնացորդները ցույց են տրվում նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով: Տարվա ընթացքում արտարժույթով դրամական միջոցների հոսքերը ցույց են տրվում տվյալ օրվա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով: Արտարժույթով դրամական միջոցների, ինչպես նաև արտարժույթով արտահայտված դրամական միջոցների համարժեքների տարեվերջի (հաշվետու ժամանակաշրջանի վերջի) մնացորդները ցույց են տրվում հաշվետու տարվա (ժամանակաշրջանի) վերջին օրվա՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:
    Հաշվետվության հոդվածներում դրամական միջոցների հոսքերը ներառում են այդ հոդվածներին վերաբերող տրված կամ ստացված կանխավճարները:
    4.1. «Դրամական միջոցների տարեսկզբի մնացորդը» հոդվածում (տող 010) ցույց է տրվում դրամական միջոցների տարեսկզբի մնացորդը:
    4.2. «Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացումից» հոդվածում (տող 020) ցույց է տրվում արտադրանքի (ապրանքների) վաճառքի, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց ստացված դրամական միջոցների գումարը:
    4.3. «Գործառնական այլ գործունեությունից» հոդվածում (տող 030) ցույց է տրվում հումքի, նյութերի, արագամաշ առարկաների և պաշարների այլ տեսակների իրացումից, վարձավճարներից, ռոյալթիներից, դրամական միջոցների համարժեքներ հանդիսացող ներդրումներից ստացված տոկոսներից, տույժերից, տուգանքներից, դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից, նյութական վնասի փոխհատուցումից, արտասովոր դեպքերից, անհատույց ստացված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև գործառնական այլ գործունեությունից ստացված դրամական միջոցների գումարը:
    4.4. 031 տողում լրացվում է 030 տողում ներառված գործառնական գործունեությունից դրամական միջոցների մուտք հանդիսացող այն հոդվածի անվանումը և գումարները, որը իր բնույթով (գործառույթով) կամ գումարով առավել էական է տվյալ կազմակերպության համար կամ որի առանձին բացահայտումը պահանջվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
    4.5. «Ընդամենը գործառնական գործունեությունից մուտքեր» հոդվածում (տող 040) ցույց է տրվում գործառնական գործունեությունից ստացված դրամական միջոցների հանրագումարը (տող 020 + տող 030):
    4.6. «Նյութերի, ապրանքների ձեռք բերման գծով» հոդվածում (տող 050) ցույց է տրվում կազմակերպության գործառնական գործունեության իրականացման նպատակով նյութերի, ապրանքների, աճեցվող և բտվող կենդանիների, արագամաշ առարկաների ձեռք բերման դիմաց մատակարարներին վճարված դրամական միջոցների գումարը:
    4.7. «Աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գծով» հոդվածում (տող 060) ցույց է տրվում կազմակերպության գործառնական գործունեության նպատակով աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դիմաց կապալառուներին վճարված դրամական միջոցների գումարը:
    4.8. «Վճարումներ աշխատակիցներին և նրանց անունից» հոդվածում (տող 070) ցույց են տրվում կազմակերպության գործառնական գործունեության իրականացման նպատակով աշխատակիցներին դրամական միջոցներով վճարված աշխատավարձը (դրան հավասարեցված վճարումները), ինչպես նաև նրանց անունից կատարված դրամական միջոցների վճարումները (օրինակ՝ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, եկամտահարկ, ալիմենտ), բացի այլ հոդվածներում ներառվածներից (օրինակ` հիմնական միջոցների կառուցման համար վճարված):
    4.9. «Վճարումներ բյուջե» հոդվածում (տող 080) ցույց է տրվում կազմակերպության կողմից հարկերի (բացի եկամտահարկից), տուրքերի, դրանց դիմաց հաշվարկված տույժերի, տուգանքների և բյուջե գանձվող այլ վճարների գծով վճարված դրամական միջոցների գումարը:
    4.10. «Վճարումներ սոցիալական ապահովագրության հիմնադրամ» հոդվածում (տող 090) ցույց է տրվում գործառնական գործունեությունում զբաղված աշխատողների պարտադիր սոցիալական ապահովագրության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը, ներառյալ դրանց գծով վճարված տույժերն ու տուգանքները (բացի աշխատակիցների անունից վճարվածների):
    4.11. «Գործառնական այլ գործունեության նպատակով» հոդվածում (տող 100) ցույց է տրվում անհատույց տրված, գործուղման, պայմանագրային պարտավորությունների խախտման համար տույժերի և տուգանքների, արտասովոր դեպքերի հետևանքով վճարված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև գործառնական այլ գործունեության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը:
    4.12. 101 տողում լրացվում է 100 տողում ներառված գործառնական գործունեությունից դրամական միջոցների ելք հանդիսացող այն հոդվածի անվանումը և գումարները, որը իր բնույթով (գործառույթով) կամ գումարով առավել էական է տվյալ կազմակերպության համար կամ որի առանձին բացահայտումը պահանջվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
    4.13. «Ընդամենը գործառնական գործունեությունից ելքեր» հոդվածում (տող 110) ցույց է տրվում գործառնական գործունեության հետ կապված դրամական միջոցների ելքերի հանրագումարը (տող 050 + տող 060 + տող 070 + տող 080 + տող 090 + տող 100):
    4.14. «Գործառնական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր» հոդվածում (տող 120) ցույց է տրվում գործառնական գործունեությունից դրամական միջոցների մուտքերի և ելքերի տարբերությունը (տող 040 – տող 110): Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում:
    4.15. «Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վաճառքներից» հոդվածում (տող 130) ցույց է տրվում ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների վաճառքներից ստացված դրամական միջոցների գումարը:
    4.16. «Ֆինանսական ակտիվներով գործառնություններից» հոդվածում (տող 140) ցույց է տրվում այլ կազմակերպությունների սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր), այլ կազմակերպությունների պարտքային արժեթղթերի (պարտատոմսեր, մուրհակներ) վաճառքներից, այլ կազմակերպությունների պարտքային արժեթղթերի, այլ կազմակերպություններին տրամադրված փոխառությունների մարումից, ֆինանսական վարձակալության գծով դեբիտորական պարտքի մարումից ստացված դրամական միջոցների գումարը (այն գործիքները, որոնք համարվում են դրամական միջոցների համարժեքներ կամ որոնք պահվում են դիլերային կամ առևտրային նպատակներով, սույն հոդվածում չեն ներառվում):
    4.17. «Շահաբաժինների և տոկոսների ստացումից» հոդվածում (տող 150) ցույց է տրվում շահաբաժինների և տոկոսների (ներառյալ՝ ֆինանսական վարձակալության գծով ստացվածները) ձևով ստացված դրամական միջոցների գումարը (բացառությամբ դրամական միջոցների համարժեքներ հանդիսացող ներդրումներից ստացված տոկոսների):
    4.18. «Ներդրումային այլ գործունեությունից մուտքեր» հոդվածում (տող 160) ցույց է տրվում ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն, սվոպ պայմանագրերից (որոնք չեն կնքվել դիլերային կամ առևտրային նպատակներով կամ որոնցից մուտքերը չեն դասակարգվել որպես մուտքեր ֆինանսական գործունեությունից), արտասովոր դեպքերից ստացված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև ներդրումային այլ գործունեությունից ստացված դրամական միջոցների գումարը:
    4.19. 161 տողում լրացվում է 160 տողում ներառված ներդրումային գործունեությունից դրամական միջոցների մուտք հանդիսացող այն հոդվածի անվանումը և գումարները, որը իր բնույթով (գործառույթով) կամ գումարով առավել էական է տվյալ կազմակերպության համար կամ որի առանձին բացահայտումը պահանջվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
    4.20. «Ընդամենը ներդրումային գործունեությունից մուտքեր» հոդվածում (տող 170) ցույց է տրվում ներդրումային գործունեությունից դրամական միջոցների մուտքերի հանրագումարը (տող 130 + տող 140 + տող 150 + տող 160):
    4.21. «Ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռք բերման գծով» հոդվածում (տող 180) ցույց է տրվում ոչ ընթացիկ նյութական և ոչ նյութական ակտիվների ձեռք բերման կամ կառուցման համար վճարված դրամական միջոցների գումարը:
    4.22. «Ֆինանսական ակտիվների ձեռք բերումից, փոխառությունների տրամադրումից» հոդվածում (տող 190) ցույց է տրվում այլ կազմակերպությունների սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր), այլ կազմակերպությունների պարտքային արժեթղթերի ձեռք բերման համար, այլ կազմակերպություններին փոխառությունների տրամադրումից դրամական միջոցների ելքերի գումարը (այն գործիքները, որոնք համարվում են դրամական միջոցների համարժեքներ կամ որոնք պահվում են դիլերային կամ առևտրային նպատակներով, սույն հոդվածում չեն ներառվում):
    4.23. «Ներդրումային այլ գործունեությունից ելքեր» հոդվածում (տող 200) ցույց է տրվում ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն, սվոպ պայմանագրերի դիմաց (որոնք չեն կնքվել դիլերային կամ առևտրային նպատակներով կամ որոնցից ելքերը չեն դասակարգվել որպես ելքեր ֆինանսական գործունեությունից), արտասովոր դեպքերի հետևանքով վճարված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև ներդրումային այլ գործունեության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը:
    4.24. 201 տողում լրացվում է 200 տողում ներառված ներդրումային գործունեությունից դրամական միջոցների ելք հանդիսացող այն հոդվածի անվանումը և գումարները, որը իր բնույթով (գործառույթով) կամ գումարով առավել էական է տվյալ կազմակերպության համար կամ որի առանձին բացահայտումը պահանջվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
    4.25. «Ընդամենը ներդրումային գործունեությունից ելքեր» հոդվածում (տող 210) ցույց է տրվում ներդրումային գործունեությունից դրամական միջոցների ելքերի հանրագումարը (տող 180 + տող 190 + տող 200):
    4.26. «Ներդրումային գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր» հոդվածում (տող 220) ցույց է տրվում ներդրումային գործունեությունից դրամական միջոցների մուտքերի և ելքերի տարբերությունը (տող 170 – տող 210): Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում:
    4.27. «Սեփական կապիտալի գործիքների թողարկումից և վերավաճառքից» հոդվածում (տող 230) ցույց է տրվում կազմակերպության կողմից թողարկված (հետ գնված) սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր) վաճառքից (վերավաճառքից) ստացված դրամական միջոցների գումարը:
    4.28. «Ստացված վարկերից և փոխառություններից» հոդվածում (տող 240) ցույց է տրվում այլ կազմակերպություններից ստացված վարկերից և փոխառություններից (ներառյալ՝ պարտքային արժեթղթերի թողարկումից) դրամական միջոցների մուտքերի գումարը:
    4.29. «Ֆինանսական այլ գործունեությունից մուտքեր» հոդվածում (տող 250) ցույց է տրվում ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն, սվոպ պայմանագրերից (որոնցից մուտքերը դասակարգվել են որպես մուտքեր ֆինանսական գործունեությունից), արտասովոր դեպքերից ստացված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև ֆինանսական այլ գործունեությունից ստացված դրամական միջոցների գումարը:
    4.30. 251 տողում լրացվում է 250 տողում ներառված ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների մուտք հանդիսացող այն հոդվածի անվանումը և գումարները, որը իր բնույթով (գործառույթով) կամ գումարով առավել էական է տվյալ կազմակերպության համար կամ որի առանձին բացահայտումը պահանջվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
    4.31. «Ընդամենը ֆինանսական գործունեությունից մուտքեր» հոդվածում (տող 260) ցույց է տրվում ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների մուտքերի հանրագումարը (տող 230 + տող 240 + տող 250):
    4.32. «Ստացված վարկերի և փոխառությունների մարումից» հոդվածում (տող 270) ցույց է տրվում ստացված վարկերի և փոխառությունների, թողարկված պարտքային արժեթղթերի, ֆինանսական վարձակալության գծով կրեդիտորական պարտքի մարման համար վճարված դրամական միջոցների գումարը:
    4.33. «Վճարված շահաբաժիններ և տոկոսներ» հոդվածում (տող 280) ցույց է տրվում կազմակերպության կողմից բաժնետերերին (մասնակիցներին, հիմնադիրներին) վճարված շահաբաժինների, ինչպես նաև ստացված վարկերի և փոխառությունների գծով վճարված տոկոսները (ներառյալ՝ ֆինանսական վարձակալության գծով վճարվածները):
    4.34. «Ֆինանսական այլ գործունեությունից ելքեր» հոդվածում (տող 290) ցույց է տրվում հետ կազմակերպության կողմից թողարկված սեփական կապիտալի գործիքների (բաժնետոմսեր, բաժնեմասեր, փայեր) հետ գնման, ֆյուչերսային, ֆորվարդային, օպցիոն, սվոպ պայմանագրերի (որոնցից ելքերը դասակարգվել են որպես ելքեր ֆինանսական գործունեությունից) գծով, արտասովոր դեպքերի հետևանքով վճարված դրամական միջոցների գումարը, ինչպես նաև ֆինանսական այլ գործունեության նպատակով վճարված դրամական միջոցների գումարը:
    4.35. 291 տողում ցույց է տրվում 290 տողում ներառված ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների ելք հանդիսացող այն հոդվածի անվանումը և գումարները, որը իր բնույթով (գործառույթով) կամ գումարով առավել էական է տվյալ կազմակերպության համար կամ որի առանձին բացահայտումը պահանջվում է հաշվապահական հաշվառման ստանդարտներով:
    4.36. «Ընդամենը ֆինանսական գործունեությունից ելքեր» հոդվածում (տող 300) ցույց է տրվում ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների ելքերի հանրագումարը (տող 270 + տող 280 + տող 290):
    4.37. «Ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների զուտ հոսքեր» հոդվածում (տող 310) ցույց է տրվում ֆինանսական գործունեությունից դրամական միջոցների մուտքերի և ելքերի տարբերությունը (տող 260 – տող 300): Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում:
    4.38. «Ընդամենը դրամական միջոցների զուտ հոսքեր գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեություններից» հոդվածում (տող 320) ցույց է տրվում գործառնական, ներդրումային և ֆինանսական գործունեություններից դրամական միջոցների զուտ հոսքերի հանրագումարը (տող 120 + տող 220 + տող 310): Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում:
    4.39. «Արտարժույթի փոխարժեքային տարբերություններ» հոդվածում (տող 330) ցույց է տրվում կազմակերպության դրամարկղում, բանկային հաշիվներում արտարժույթի, ինչպես նաև արտարժույթվ արտահայտված դրամական միջոցների համարժեքների վերագնահատումից առաջացած փոխարժեքային զուտ տարբերությունները: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում:
    4.40. «Ներքին շարժեր» հոդվածում ցույց է տրվում՝
    ա) 4-րդ սյունակում՝ բանկից, արտարժույթի փոխանակումից, դրամական միջոցների համարժեքների վաճառքից կամ մարումից դրամարկղ մուտքագրված դրամի գումարի և բանկ հանձնման, արտարժույթի, դրամական միջոցների համարժեքների ձեռք բերման նպատակով դրամարկղից ելքագրված դրամի գումարի տարբերությունը: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում,
    բ) 5-րդ սյունակում՝ արտարժույթի ձեռք բերումից, բանկի արտարժութային հաշվից, դրամական միջոցների համարժեքների վաճառքից կամ մարումից դրամարկղ մուտքագրված արտարժույթի գումարի և արտարժույթի փոխանակման, բանկի արտարժութային հաշիվ հանձնման, դրամական միջոցների համարժեքների ձեռք բերման նպատակով դրամարկղից ելքագրված արտարժույթի գումարի տարբերությունը: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում,
    գ) 6-րդ սյունակում՝ դրամարկղից, արտարժույթի փոխանակումից, դրամական միջոցների համարժեքների վաճառքից կամ մարումից բանկային հաշիվներ մուտքագրված դրամի գումարի և դրամարկղ հանձնման, արտարժույթի, դրամական միջոցների համարժեքների ձեռք բերման նպատակով բանկային հաշիվներից ելքագրված դրամի գումարի տարբերությունը: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում,
    դ) 7-րդ սյունակում՝ արտարժույթի ձեռք բերումից, դրամարկղից, դրամական միջոցների համարժեքների վաճառքից կամ մարումից բանկային հաշիվներ մուտքագրված արտարժույթի գումարի և արտարժույթի փոխանակման, դրամարկղ հանձնման, դրամական միջոցների համարժեքների ձեռք բերման նպատակով բանկային հաշիվներից ելքագրված արտարժույթի գումարի տարբերությունը: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում,
    ե) 8-րդ սյունակում՝ դրամական միջոցների համարժեքների ձեռք բերման և դրանց վաճառքի կամ մարման տարբերությունը: Բացասական լինելու դեպքում սույն հոդվածի գումարը ցույց է տրվում փակագծերում:

    0
  2. Շնորհակալություն Արսեն ջան, ու ընդհանրապես այս կայքի հիմնադիրին Շնորհակալություն

    0
  3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ (ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹՈՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ) ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
    Սույն հրահանգը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 740 որոշմամբ սահմանված կազմակերպությունների վրա:
    Սույն հրահանգը կիրառվում է կազմակերպությունների կողմից՝ տարեկան ֆինանսական հաշվետվություններ կազմելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ կազմակերպությունը օրենսդրությամբ սահմանված դեպքերում կամ կամավոր կազմում է ամբողջական փաթեթով միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ:
    Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն նրա բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գործունեության ցուցանիշները:
    Հաշվետու տարի է համարվում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
    Եթե հաշվետու տարվա ընթացքում կազմակերպությունը ներկայացնում է միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ, ապա միջանկյալ հաշվետու ժամանակաշրջան է համարվում հունվարի 1-ից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը: Միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները կազմվում են աճողական կարգով (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (Ձև N 2) միաժամանակ ցույց են տրվում նաև տվյալ ընթացիկ հաշվետու միջանկյալ ժամանակաշրջանի տվյալները):
    Նոր ստեղծված կազմակերպության համար առաջին հաշվետու տարի (ժամանակաշրջան) է համարվում նրա պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա (ժամանակաշրջանի) վերջին օրը ներառյալ ընկած ժամանակաշրջանը:
    Լուծարվող կազմակերպությունը ներկայացնում է ֆինանսական հաշվետվություններ տարեսկզբից մինչև սահմանված կարգով լուծարման գործընթացի սկիզբն ընկած ժամանակաշրջանի համար:
    Ֆինանսական հաշվետվությունները կազմվում են վերլուծական (անալիտիկ) և ընդհանրացված (սինթետիկ) հաշվառման տվյալների հիման վրա:
    Ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների առաջին էջում նշվում են հետևյալ վավերապայմանները՝
    ա) ֆինանսական հաշվետվության անվանումը,
    բ) հաշվետու ամսաթիվը կամ ժամանակաշրջանը, որի համար կազմված է ֆինանսական հաշվետվությունը,
    գ) կազմակերպության լրիվ անվանումը և ծածկագիրը,
    դ) փաստացի գործունեության հիմնական երկու տեսակները և ծածկագրերը (փաստացի գործունեության հիմնական երկու տեսակներ են համարվում գործունեության այն տեսակները, որոնք հաշվետու ժամանակաշրջանում ավելացված արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել են առավել մեծ տեսակարար կշիռներ, ընդ որում, առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է առաջնորդվել ընդհանուր հասույթի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով),
    ե) պետական ռեգիստրում գրանցման համարը,
    զ) հարկ վճարողի հաշվառման համարը,
    է) թվային ցուցանիշների ներկայացման չափսը (ֆորմատը) (սույն հրահանգին համապատասխան ներկայացվող ֆինանսական հաշվետվություններում տվյալները ցույց են տրվում հազար դրամներով` առանց ստորակետից հետո տասնորդական նիշի, բացառությամբ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության (Ձև N 2) 190 և 200 տողերի),
    ը) գտնվելու վայրը և հեռախոսի համարը,
    թ) փաստացի գործունեության իրականացման վայրը և հեռախոսի համարը:
    Փակագծերում ցույց տրված գումարները թվաբանական գործողություններում դիտվում են որպես բացասական թվեր (եթե փակագծից առաջ դրված է հանման («-») նշան, ապա փակագծում գրված թիվը գումարվում է, իսկ եթե դրված է գումարման («+») նշան, ապա փակագծում գրված թիվը հանվում է):
    Ներկայացվող ֆինանսական հաշվետվությունների վերջին էջի համապատասխան մասում նշվում են կազմակերպության ղեկավարի և գլխավոր հաշվապահի (սահմանված կարգով նրանց փոխարինող անձանց) անունը և ազգանունը, որոնք ստորագրում են ֆինանսական հաշվետվությունները: Ֆինանսական հաշվետվությունները կնքվում են կազմակերպության կնիքով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *