Երկու մարդ է կալանավորվել հարկերից խուսափելու մեղադրանքով

ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`առանձնապես խոշոր չափի հարկեր եւ պարտադիր սոցիալական վճարներ վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ: Երկուսը կալանավորվել են, այդ թվում` կազմակերպիչը: Շուրջ 270մլն դրամի ապրանքների մատակարարում եւ ծառայությունների մատուցում. մոտ մեկ տարվա ընթացքում այս գործարքներն իրականացնողը Սամվել Սիմոնյանն է` Նաիրիի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված “Մարիա-Տիգման” ՍՊԸ-ի տնօրենը:

Բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համատեղ ստուգման արդյունքում Նաիրիի հարկային տեսչության որոշման հիման վրա ընկերությանն առաջադրվել է գանձման ենթակա շուրջ 47մլն դրամ: Դրանից 27մլն դրամից ավելին` հարկի եւ պարտադիր սոց.ապահովագրության վճարների գումարն է:

Գործի քննության ընթացքում հաստատվել է, որ հենց Տիգրան Սահակյանն է իրականացրել “Մարիա-Տիգման” ընկերության փաստացի տնտեսական գործունեությունը, համակարգել կազմակերպության աշխատանքները, պայմանավորվածություններ ձեռք բերել տարբեր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հարուցվել է քրեական գործ. Սամվել Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով` նախատեսված հանցանքը կատարելու համար, իսկ Տիգրան Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով` որպես կազմակերպիչ: Երկուսն էլ կալանավորվել են:

Քրեական օրենսգրքում 2009-ին կատարված փոփոխությամբ հարկերից չարամտորեն խուսափելու պատժաչափն ավելի է խստացվել, ինչի համար նախատեսված է ազատազրկում` 5-10 տարի, հաղորդում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Աղբյուր` panarmenian.net

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *