
Ուղեկցող փաստաթուղթ – ի՞նչ է այն իրենից ներկայացնում
Ուղեկցող փաստաթուղթը ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով ապրանքի մատակարարումը կամ տեղափոխությունը հավաստող՝ ՀՀ Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված համապատասխան հաշվարկային փաստաթուղթն է․
- հարկային հաշիվ
- ճշգրտող հարկային հաշիվ
- հաշիվ վավերագիր
- ճշգրտող հաշիվ վավերագիր
- լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտ
- հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն
- ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ
- ապրանքի տեղափոխության բեռնագիր (այսուհետ՝ բեռնագիր)
Ուղեկցող փաստաթուղթ ունենալը պարտադի՞ր է
Ապրանք մատակարարելիս կամ տեղափոխելիս ուղեկցող փաստաթուղթ ունենալը պարտադիր է։ Ուղեկցող փաստաթղթի բացակայության պարագայում ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանված է պատասխանատվություն։
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված ուղեկցող փաստաթղթի բացակայության պարագայում
🔹 Առաջին անգամ
➡️ Տուգանք՝ ապրանքի արժեքի 50%, բայց ոչ պակաս քան 500,000 դրամ
🔹 Երկրորդ անգամ (1 տարվա ընթացքում)
➡️ Տուգանք՝ 100%, բայց ոչ պակաս քան 2,000,000 դրամ
🔹 Երրորդ և ավելի անգամ
➡️ Տուգանք՝ 200%, բայց ոչ պակաս քան 10,000,000 դրամ
👨💼 Միկրոձեռնարկատերերի համար
✔️ Առաջին խախտում → միայն նախազգուշացում
❗ Երկրորդ խախտում → կորցնում եք միկրոձեռնարկատիրության կարգավիճակը
⚠️ Կարևոր է հիշել
✅ Եթե ապրանքը ստացել եք այլ մատակարարից առանց փաստաթղթի, պատասխանատվությունը կրում է վաճառողը, ոչ թե գնորդը
✅ խախտումը երկրորդ, երրորդ և ավելի անգամ կատարելու փաստ է համարվում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կազմված վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ, երրորդ և ավելի անգամներ կրկնվելը
✅ Բոլոր հայտնաբերված խախտումները կարող են դիտվել որպես մեկ դեպք նույն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում
