Հարկային հաշվի և հաշիվ վավերագրի տարբերությունները

Գարեգին.

Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հարկային հաշիվ դուրս են գրում ԱԱՀ վճարողները, հաշիվ վավերագիր՝ շրջ. հարկ վճարողները:

Գարիկ

Տիգրան ջան, ինձ մոտ երկակի վիճակ է. ԱՁ եմ, բացվել եմ այս տարվա հուլիսին, բայց գրանցվելուց հետո շրջ. հարկի դիմում 20 օրվա ընթացքում չտվեցի (տեղյակ չէի), ու համակարգը ավտոմատ գցեց ինձ ԱԱՀ-ի տակ, չնայած աշխատում եմ արտոնագրային վճարով. ավտոտեխսպասարկում է: Հիմա մինչև տարեվերջ ամեն ամիս ներկայացնում եմ ԱԱՀ-ի զրոյական հաշվետվություն և զուգահեռ արտոնագրի հաշվետվություն ու կատարում մուծում արտոնագրի մասով: Հիմա իմ դուրս գրած հաշիվները համարվում են հարկային հաշիվնե՞ր, թե՞ հաշիվ վավերագրեր: Շնորհակալ կլինեմ պատասխանի համար:

Տիգրան

Ինձ համար կարևոր է, թե ծրագրում որ տիպի հաշիվն եք լրացնում՝ ԱԱՀ-ովը, թե մյուսը, դա Դուք պետք է ասեք, որ կողմնորոշվեմ, համ էլ մյուս տարի էլ արտոնագրային չկա, կամ շրջ. հարկ կամ ԱԱՀ:

Գարիկ

Եթե նկատի ունեք e-invoicing ծրագիրը, ապա լրացնում եմ «Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր» բաժինը, ընդ որում հաշիվ վավերագրի 9-րդ կետում նշվում է իմ ԱԱՀ-ի հաշվառման համարը՝ ՀՎՀՀ /1 տեսքով: Ի դեպ Դուք իմ այն հարցին, թե ավտոտեխսպասարկման ծառայությունը կարող է մտնել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտ, նշել էիք, որ ոչ, չի կարող, քանզի տվյալ ծառայությունը նույնականացվում է ինժեներական ծառայությունների հետ: Դա իրոք այդպե՞ս է, թե՞ ոչ, քանզի ավտոտեխսպասարկման ծառայությունը միշտ էլ առանձին հոդվածով է ներկայացվել և չի նույնականացվել այլ տիպի ծառայությունների հետ՝ նրանց մեջ մտնելով: Շնորհակալություն:

Տիգրան

Այո, նկատի ունեի e-invoicing ծրագիրը: Փաստորեն լրացնում եք հաշիվ վավերագրեր, թեև այս տարի Ձեր կոդը ԱԱՀ վճարողի է, որը կվերանա հաջորդ տարի, եթե ԱԱՀ-ով չաշխատեք, կմնա սովորական տեսքով: Նկատի ունեցեք նաև, որ անհատ ձեռնարկատերերի համար արտոնագրային հարկը փոխարինում է ԱԱՀ-ին: Իսկ ամսական 5 000 դրամ շահութահարկ վճարու՞մ եք, թե՞ ոչ:
Ըստ տնտ. գործ. դասակարգչի՝ ավտոտեխսպասարկման ծառայությունը առևտրի հետ նույն խմբի մեջ է՝ G (ՋԻ) 45.2, իսկ ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ ենթակետում գրված է, որ մի շարք գործունեություններ և դրանց նման ծառայությունների սուբյեկտները չեն կարող միկրոբիզնեսի ռեժիմի տակ աշխատել՝ ինժեներական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները, ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները: Այնուամենայնիվ, կարող եմ նշել, որ այս ենթակետի կամ հոդվածի հետ կապված պաշտոնական հստակեցման/պարզաբանման կարիք կա:
Անգամ գործող օրենքով գրված է, որ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում են համարվում ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը (այդ թվում՝ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով), փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստատեղերի նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը, եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ:

Գարիկ

Տիգրան ջան, անչափ շնորհակալ եմ Ձեր՝ մանրակրկիտ ձևով մեկնաբանման համար: Նշեմ, որ ամսական վճարում եմ 15 750 դրամ արտոնագրային վճար, 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար և 1 000 դրամ բանակի գումար, այսքանը։ Այնուամենայնիվ, որոշակի անորոշ վիճակի մեջ եմ՝ կապված հունվարից միկրոձեռնարկատիրության հարկատեսակի անցնելու հետ։ Եթե ավտոտեխսպասարկումը արգելվի, ստիպված պետք է անցնեմ շրջ. հարկով հաշվառմանը՝ 5 % մուծման հարկով։ Դա էլ վատ տարբերակ չի, սակայն ՀԴՄ-ի տրամադրման հետ կապված խնդիրներ կան, հուլիս ամսից, կանխավճարը 10 000 դրամ մուծած, սպասում եմ, թե երբ են տրամադրելու ՀԴՄ սարք:

Տիգրան

Գարիկ, շնորհակալ եմ գնահատման համար։
Ասեմ քեզ՝ գնա ՀԴՄ-ի կանխավճարը հետ ուզի՝ դիմումով, անձնագրով, մուծման անդորրագրի հիման վրա, էդ պրոբլեմը մենակ քո մոտ չի։

Գարիկ

Տիգրան ջան, ճիշտն ասած՝ այդ 10 000 դրամը ոնց որ ստրախովկա լինի իմ համար այն դեպքում, երբ կծագի ՀԴՄ չունենալու հարցը, գոնե կասենք, որ գումարն էլ ենք մուծել, բայց ՀԴՄ չեք տվել: Չնայած մտածում եմ, որ ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում ՀԴՄ-ների հետ կապված: Այդ ի՞նչ մի դժվար բան է պետության համար մի քանի հազար ՀԴՄ ներմուծել, մի քանի աղբատար կամազի գին է լինելու, ոչ ավել: Չեմ կարծում, որ վարչապետը տեղյակ չի այս խնդրից, բայց այնուամենայնիվ շեշտվում է պարտադիր ՀԴՄ կտրոն տպելու և չտպելու դեպքում անխտիր տուգանվելու որոշումը տարեսկզբից սկսած: Այդ դեպքում այն մի քանի հազար ԱՁ-ները և ՍՊԸ-ները, որոնք չունեն ՀԴՄ կամ էլ աշխատում են հին սերնդի ՀԴՄ-ներով, ինչպե՞ս են շարունակելու իրենց գործունեությունը… իրոք որ անհասկանալի է…