Category: Այլ
Էլեկտրոնային առևտրի հետ կապված
Ռոբերտ.
Այսպիսի մի հարց է հետաքրքրում: Էլեկտրոնային խանութներից կարողանում եմ գնել, օրինակ, Չինաստանից ապրանք, ինչի գինը շատ ավելի մատչելի է, քան եթե ես նույն ապրանքը գնեմ Հայաստանից: Ցանկություն կա այդ ճանապարհով գործունեություն սկսել, այսինքն վաճառել պատվիրված ապրանքները, բայց օրենքով սահմանված կարգով: Ուղղակի հարցն էլ դրանում է կայանում` ինչպե՞ս օրինականացնել, և ընդանրապես ի՞նչ օրենքներ կան դրա վերաբերյալ:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Շողիկ.
Ցանկանում եմ թարմ ձկան և մսամթերքի խանութ բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ո՞ր հիմնարկների կամ կազմակերպությունների թույլտվությունն է անհրաժեշտ: Խնդրում եմ օգնել, նախապես շնորհակալ եմ:
Փոխառության տրամադրում կազմակերպության հիմնադրին
Armen.
Բարև Ձեզ:
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հիմնադրին անտոկոս փոխառության պայմանագրով ցանկանում է գումար տրամադրել: Ինձ մի բան է հետաքրքրում. անցյալ տարի 1 անգամ տվել ենք, սակայն այդ գումարը դեռ չի վերադարձվել, մարման ժամկետը մինչև 2016 թվականն է, հիմա ես կարո՞ղ եմ նույն մարդուն կրկին նոր անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա գումար տրամադրեմ: Եթե այո, ապա խնդրում եմ գրել թղթակցող հաշիվը: Շնորհակալություն:
Փոխառությունը ժամանակին չի վերադարձվել
Կարեն.
Հիմնադրից պայմանագրով 1 տարով ստացվել է փոխառության, սակայն անցել է 3 տարուց ավելի և գումարը չի վերադարձվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային առումով:
Արդյո՞ք կարող է անձը հանդես գալ որպես գլխավոր հաշվապահ
Արփինե.
Եթե անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, կարո՞ղ է արդյոք հանդես գալ նաև որպես ընկերության գլխավոր հաշվապահ:
Գիշերավարձի հատուցում
Հայկ Սարգսյան.
Հարգելի գործընկերներ, օգնեք հասկանալ.
Եթե աշխատակիցը չի բերում ՀՀ տարածք գործուղվելիս գիշերավարձի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր և գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ չի սահմանվում, ապա գիշերավարձը հատուցվու՞մ է յուրաքանչուր գիշերվա համար նվազագույն 5000 դրամի չափով, թե՞ ընդհանրապես չի հատուցվում:
Շնորհակալություն:
ՍՊԸ գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար
Lili.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ՍՊԸ բացվել է 2012 սեպտեմբերին, գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար, վարձու աշխատողների հետ պայմանագրերը լուծվել են 2012-ին, հիմնադիրը և տնօրենը նույն անձն է, տնօրենի հետ պայմանագիրը դադարեցվել է 2013 հունվարին, քանի որ անորոշ էին գործունեության ծրագրերը, էլեկտրոնային ներկայացվել են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ ապրիլին, կատարվել են բանկային փոխանցումներ բյուջե ապրիլին և հունիսին, սակայն մինչ օրս գործունեությունը ժամանակավոր չի դադարեցվել: Կարո՞ղ էր հիմնադիրը կատարել բանկային փոխանցումներ, և ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան: Խնդրում եմ հնարավորինս շտապ պատասխանել:
Կանխավ շատ շնորհակալ եմ:
Ո՞րն է համարվում համատեղությամբ աշխատանք
Ջուլիա.
Խնդրում եմ մեկնաբանեք` եթե անձը աշխատում է 2 տարբեր գործատուների մոտ, ո՞րն է համարվում հիմնական և որը համատեղությամբ աշխատանք: Նախապես շնորհակալություն:
Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը
Իրինա.
Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:
Երեխայի խնամքի նպաստ
Զավեն.
Լսել եմ, որ նոր օրինագիծ կա՝ կապված ծննդաբերած մայրերին տրվող ամսական նպաստի հետ: Մասնավորապես՝ անցյալում, երբ ապագա մայրիկը գրանցված աշխատող էր և գնում էր ֆիզ. արձակուրդ, ապա նա ամսական նպաստ էր ստանում պետությունից, իսկ եթե գրանցված աշխատող չէր կամ չէր աշխատում, ապա չէր ստանում: Իսկ այժմ անկախ այն բանից, թե ապագա մայրը աշխատում է կամ չի աշխատում, ծննդաբերությունից հետո ստանալու է ամսական նպաստ: Խնդրում եմ, պատասխանեք՝ նման օրինագիծ կա՞, թե՞ ոչ, և եթե կա, ապա ավելի մանրամասն տեղեկություն տվեք այդ օրինագծի հետ կապված: Շնորհակալություն:
Տեղեկատվական վեբկայք
Գոռ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ես ֆիզանձի տվյալներով գործարկել եմ տեղեկատվական վեբկայք: Հետագայում այցելությունների շնորհիվ վճարովի գովազդներ տեղադրելու դեպքում ես կամ գովազդատուները (ֆիզ. անձ, ԱՁ, իրավաբանական անձ) ի՞նչ հնարավոր խնդիրներ կունենանք:
Ապրանքը տրամադրվելու է պարտքով
astxik.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ ապրանքը տալ պարտքով, աշխատում եմ ԱԱՀ-ի դաշտում:
1. ի՞նչ պայմանագիր եմ կնքելու
2. եթե ապրանքը չվաճառվի, ետ վերադարձնելու խնդիր առաջանա, ինչպե՞ս է կատարվելու այդ ամենը
Արդյո՞ք հասնում է վարչական տուգանք
Հակոբ.
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք.
1. վարսավիրական կազմակերպությունը սպը է, 2012թ.աշխատել է արտոնագրային վճարով, 2012թ տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ չի ներկայացվել, նման դեպքում վարչական իրավախախտման տուգանք հասնու՞մ է, թե՞ ոչ
2. հաստատագրված վճարողը տարեվերջին տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնելու՞ է, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Ներմուծված ապրանքների գնագոյացում
astxik.
Հարգելի հաշվապահներ,
ներմուծված ապրանքների գնագոյացումը ինչպե՞ս է կատարվում, մասնավորապես ո՞ր օրվա փոխարժեքն է գնագոյացման համար վերցվում:
Նորաբաց կազմակերպությունը ծառայություններ է մատուցելու ինտերնետային կայքի միջոցով
Լուսինե.
Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին
Արտաշ.
Բարև ձեզ:
Իմ հարցը հետևյալն է՝ կարո՞ղ է արդյոք ընկերությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին տոկոսով, ինչպես տրամադրում են, օրինակ, բանկերը, թե՞ օրենքով ինչ-որ տեղ ֆիքսված է, որ պետք է բանկ կամ վարկային կազմակերպություն լինել նման գործունեությամբ զբաղվելու համար, կամ նման գործունեությունը լիցենզավորման ենթակա է:
Շնորհակալություն:
Հաշվապահների որակավորման քննության հետ կապված
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե մասնակցել եք հաշվապահների որակավորման քննությանը, պարզաբանել հետևյալը.
– Որքա՞ն է տևում դիմումը հանձնելուց հետո քննությանը մասնակցելը, քանի որ լսել եմ, որ դա կարող է ամիսներ տևել
– Որտեղի՞ց կարելի է բեռնել ՀՀՀՀՍ: Ես բեռնել եմ banker.am կայքից, բայց կարծես թե այնտեղ որոշ նյութեր չկան
– Որտեղի՞ց բեռնել խնդիրները:
Եվ ևս մեկ հարց` ո՞ր փուլին ինչ փաստաթղթերից կարելի է օգտվել:
Շահույթի բաշխում
Նարինե.
Խնդրում եմ շտապ պատասխանել:
Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո:
Կանխավ շնորհակալ եմ:
Հաշվապահական ծրագրի հետ կապված
Գագիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել` արդյո՞ք կարող եմ առանց սերվեր գնելու կապել երեք համակարգիչ: Այսինքն` ստեղծել կապ երեք համակարգիչների միջև: Օրինակ, որպեսզի նույն 1С ծրագրից կարողանան օգտվել բոլոր 3 համակարգիչներով:
Ո՞ր վճարումներն են ենթակա առաջնահերթ կատարման
Թերեզա.
Ֆինանսական ճգնապատճառով սնանկացել է կազմակերպությունը: Ո՞ր վճարումներն են ենթակա առաջնահերթ կատարման: Խնդրում եմ ասեք` որտե՞ղ կարող եմ ծանոթանալ կարգի հետ:
Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա
Lia.
Կազմակերպությունը ներմուծելու է կոսմետիկա, ինչպես նաև խնամքի միջոցներ: Բայց աշխատանքին սխեման լինելու է ցանցային, օրինակ, ինչպես որ աշխատում է Օրիֆլեյմը, Ֆաբերլիկը: Խանութներում վաճառք չի լինելու, լինելու են կոնսուլտանտներ, ովքեր կատալոգների միջոցով կատարելու են վաճառք: Կոնսուլտանտները հնարավորություն ունեն լավ աշխատանքի շնորհիվ դառնալ տնօրեն: Հարցս հետևյալն է`
ինչպե՞ս է գրանցում լինում, ի՞նչ հարկեր են վճարում, ապրանքի շարժը ինչպե՞ս են ցույց տալիս, քանի որ ՀԴՄ չկա: Շնորհակալություն:
Կազմակերպության հիմնադրի փոխելու գործընթաց
Ռուզան.
Հարգելի կոլեգաներ, ինչպե՞ս կազմակերպել կազմակերպության հիմնադրի փոխելու գործընթացը: Կարո՞ղ է այդ պրոցեսը կազմակերպել հաշվապահը, թե՞ կա իրավաբանի կարիք:
ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է
Արսինե.
ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ:
Խնդրում եմ ասեք.
1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ
2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո
Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս հաշվարկել հիմնական միջոցների մաշվածությունը
Մարիանա.
Քաղաքապետարանում հիմնական միջոցների մաշվածությունը ինչպե՞ս հաշվարկել՝ օգտակար ծառայության տարիներո՞վ, թե՞ 12 %, 15 % և այլ տոկոսներով: Կանխավ շնորհակալություն:
Հրապարակային պայմանագրերով նախատեսված զեղչեր
Աննա.
Բարև Ձեզ: Ո՞վ կարող է ավելի մատչելի բացատրել հրապարակային պայմանագրերով նախատեսված առևտրային զեղչերի կիրառման վերաբերյալ 10-Ն հրամանը: Մենք տարվա մեջ մի քանի անգամ գովազդով հայտարարում ենք զեղչեր, բայց ոչ մի պայմանագիր ոչ մեկի հետ չենք կնքում: Ապրանքը վաճառում ենք զեղչված գնով: ՀԴՄ-ով տպում ենք այդ զեղչված գինը:
Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով
Սաթեն.
Խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ինվոյսի հիման վրա բանկային փոխանցում է կատարել Չինաստան ապրանք գնելու նպատակով: Ապրանքը ստանալուց պարզվել է, որ չկա օրիգինալ իվոյսը, և բեռնագրում նշված չէ ստացող կազմակերպության անունը, գրված է միայն ստացող կազմակերպության տնօրենի անունը: Մաքսազերծումը կատարվել է ֆիզ. անձի անունով: Ի՞նչ պետք է անել փոխանցված գումարի հետ:
ՀԿ հիմնադրման կարգ
Nona.
Բարև բոլորին: Ցանկանում եմ ՀԿ բացել, սակայն չգիտեմ կարգը. ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և որտե՞ղ եմ ներկայացնելու դրանք: Խնդրում եմ օգնել, նախապես անչափ շնորհակալ եմ:
Ինչպե՞ս վարվել խոտանի հետ
Ռիտա.
Հարգելի կոլեգաներ, մեր արտադրությունը գտնվում է փորձարկման փուլում: Այն տևել է մի քանի ամիս հոսքային գծի թերությունների պատճառով: Կուտակվել է խոտան: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվենք խոտանի հետ, ի՞նչ նորմաներից ելնելով` ծախս ճանաչենք, և ինչպե՞ս ակտավորենք: Նախապես շնորհակալություն:
Խանութ բացելու համար
Mayis.
Բարև ձեզ, հարգելի հաշվահաներ: Մի հարց ունեմ, խնդրում եմ պատասխանեք` արդյո՞ք իրավունք ունի գյուղի բնակիչը Երևան քաղաքում խանութ բացելու:
Կազմակերպության աշխատակիցն իր հաշվին կատարել է գնումներ
Harutyun.
Եթե կազմակերպության աշխատակիցն իր հաշվին կատարել է գնումներ, և տվյալ պահին դրամարկղում չկա անհրաժեշտ գումար ծախսը փոխհատուցելու համար, կարո՞ղ ենք արդյոք ձևակերպել այսպես`
դտ 7139 կտ 5281,
այնուհետև`
դտ 5281, կտ 2511:
Կանխավ շնորհակալ եմ:

