25/10/2026

հաշվետվություն

Angelina.

Խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին. եթե էլեկտրոնային եղանակով ուղարկված հաշվետվությունում կան սխալներ, ինչպե՞ս կարելի է այն փոխել, խնդրում եմ ինձ տալ ճիշտ ուղղություններ: Կանխավ հայտնում եմ շնորհակալություն:

Անահիտ.

Բարև ձեզ: Ես ունեմ աշխատակից, ով գտնվում է չվճարվող արձակուրդում: Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի ժամանակ նրա համար չեմ նշել աշխատավարձի չափ, բայց սեղմել եմ հաշվիչի վրա, և նրա համար գրվել է զրո թիվը: Կարո՞ղ է սա պատճառ հանդիսանալ, որպեսզի հաշվետվությունս ՊԵԿ-ի կողմից ընդունվի սխալներով: Նախապես շնորհակալություն:

Աղբյուր` panorama.am

“Տեխնիկական խնդիրների պատճառով էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները հարկային մարմիններ ուշացումով ներկայացրած հարկատուների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի”: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենք համաձայն` տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար հաջորդող ամսվա 20-ից բոլոր հաշվետվությունները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով:

Սակայն վերջին շրջանում տնտեսվարող սուբյեկտները հաճախակի դժգոհում են, թե դժվարությունների են հանդիպում եկամտային հարկի հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման ժամանակ: Նշենք, որ կտրուկ աճել է էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկատուների թվաքանակը, ինչի արդյունքում առաջացել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես` դրանք վերաբերում են ՀՀ ոստիկանության ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգի և ՀՀ ՊԵԿ հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջև անխափան աշխատանքի հետ կապված տեխնիկական խնդիրներին:

“Տեխնիկական խնդիրները կվերացվեն և մենք վարչական տուգանքներ չենք կիրառի մինչև համակարգի կատարելագործված աշխատելը”,- ասաց Գ.Խաչատրյանը:

Սամվել.

Բարև ձեզ, ես ԱՁ եմ և ունեմ մթերաին խանութ ու մեկ գրանցված աշխատող: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ամսական, մասնավորապես` եկամտաին հարկի հաշվարկը աշխատողի համար, և այն միայն աշխատողի՞ համար է, թե իմ գործունեության համար էլ պետք է ուղարկեմ:

Եվ ևս մեկ հարց` նախորդ տարի ՀԴՄ հաշվետվությունը ներկայացվում էր ամսվա կտրվածքով, ինձ ասացին, որ այս տարի պետք է ներկայացվի եռամսյակը մեկ, սակայն հաշվետվությունների ցուցակում “60. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ” բաժնում հաշվետուն կրկին ամսական է, այլ ոչ եռամսյակով, հաշվետվությունն է՞լ է փոխվել:

Արա Ա.

Հարգելի գործընկերներ, հրավիրում եմ քննարկման հետևյալ հարցի վերաբերյալ. արդյո՞ք կարիք կա այս քանակության և ծավալի վիճակագրական հաշվետվությունների ներկայացման: Հասկանալի է` տվյալների ներկայացումը կարևոր է ՀՀ որոշ ընդհանուր ցուցանիշների հաշվարկման համար, սակայն մի՞թե չի կարելի հնարավորինս ամփոփ հաշվետվության ձև կազմել, որպեսզի կազմակերպությունը տարեկան 5-6 (իսկ միգուցե և ավելի) տեսակի վիճակագրական հաշվետվություն չներկայացնի: Որոշ տվյալներ այդ հաշվետվություններում պարզապես կրկնվում են, իսկ որոշ տվյալների ներկայացումը ուղղակի անիմաստ է, էլ չեմ ասում, որ դրանք ներկայացնելու համար տարվա ընթացքում պետք է վարել առանձին հաշվառում: Վիճակագրական ծառայություն ներկայացվող տվյալները ավելի շատ են, քան հարկային տեսչություն ներկայացվողները: Շահութահարկի և մնացած հաշվետվությունները մի կողմ դրած` ինչ-որ լրացման ու ցուցանիշների հաշվարկման կարգերի ենք ծանոթանում: Արդյո՞ք հնարավոր չէ պարզեցնել այս տվյալների ներկայացումը: Ի՞նչ կարծիք ունեք:

Տիգրան.

Բարև Ձեզ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Խնդրում եմ ինձ օգնեք: ՍՊԸ-ն մինչև հունվարի 15-ը պե՞տք է ներկայացնի սոց. վճարների և եկամտահարկի հաշվետվություն: Դրանք պետք է առձե՞ռն հանձնել, թե՞ արդեն էլեկտրոնային եղանակով: Կանխավ շնորհակալություն:

Նանե.

Բարև ձեզ:
Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան:

2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:

Իրինա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:

Նունե.

Խնդրում եմ պատասխանել` արհեստակցական կազմակերպությունը, որը չունի աշխատողներ, հարկային մարմնին եկամտահարկի հաշվետվությունը թղթայի՞ն է ներկայացնելու, թե՞ էլեկտրոնային: Ընդ որում, եկամտահարկի հաշվետվության ներկայացման պահանջ առաջացել է ֆիզիկական անձից ապրանք գնելու արդյունքում 10 տոկոս եկամտահարկ փոխանցելուց:

Հարություն.

Հարգելի գործընկերներ, գիտենք, որ հաջորդ տարվանից հաշվետվությունները ՀՏ պետք է հանձնվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստորեն ստացվում է, որ եթե կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, ասենք, տարվա սկզբից, ապա միևնույն է, պետք է վճարումներ կատարի և տարեկան հաշվետվությունները, թեկուզև զրոյական, հանձնի էլեկտրոնային եղանակո՞վ: Հուսանք` բացառություններ կլինեն:

Վարդ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե հարկային հաշվետվությունների իմ օրինակը կորցրել եմ, հարկային տեսչությունում ինչպե՞ս կարող եմ նախորդ տարիների հաշվետվություններից կրկնօրինակ վերցնել: Շնորհակալություն:

Հասմիկ 1954.

Հարգելիներս, քանի որ 2013թ. հունվարից հաշվետվությունները պետք է էլեկտրոնային եղանակով հանձնվեն, խնդրում եմ ձեր օգնությունը ինձ սովորեցնելու էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելը, կամ հուշեք, թե որտեղ կարող եմ սովորել:

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. ինչո՞վ է հիմնավորվում այն փաստը , որ “Ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ” հաշվետվության մեջ ԱԱՀ-ն չի գրվում:

Սոնա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն, որն ունեցել է 5 աշխատող, իր գործունեությունը դադարեցրել է 2006թ-ին: Ա/Ձ-ն ցանկացավ վերջնականապես լուծարվել: Հարցման արդյունքում պարզվեց, որ 12500 դրամ պարտք է ունեցել, որը մարվել է արդեն: Լուծարման տեղեկագիրը մեզ մոտ է արդեն: Հարկայինում ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացվի: Խնդրում եմ, կասե՞ք` միայն տարեկան զրոյական հաշվետվություն եմ ներկայացնելու, թե՞ նաև եռամսյակային:

Ռուզաննա.

Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նաև տնօրենն է, ազատել է բոլոր աշխատողներին աշխատանքից և որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու, հնարավո՞ր է լուծել նաև տնօրենի աշխատանքային պայմանագիրը, և այդ դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել:

Lilit.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ես զբաղվում եմ մեծածախ առևտրով: Շրջանառությունը փոքր է` ամսական 50 000-100 000 դրամ: ՀԴՄ չեմ տպում, ապրանքը գնում եմ շուկայից երկկողմանի գնման ակտով և հանձնում խանութներին Հ/Ֆ-ով: Խնդրում եմ ասեք` ամսական, եռամսյակային և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել:

Գոհար.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Անհատ տաքսու վարորդը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ պետք է անի անհատը և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:

Հայկ.

Շատ շտապ է: Ես հասարակական կազմակերպության 1-ին տարվա տարեկան հաշվետվությունը ուշացրել եմ 1 շաբաթով: Ինձ հետարքիր է` ի՞նչ կարգով պետք է այս դեպքում գանձվի տույժը և ի՞նչ չափի կարող է այն լինել: Նախապես շնորհակալ եմ: