22/10/2026

ԱԱՀ

Վարդան․

Բարի օր։ Բացել ենք ԱՁ հունվարի 16-ին։ ԱՁ-ն զբաղվելու է ՏՏ ծառայությունների մատուցմամբ։ Դիմում ներկայացնելու 20-օրյա ժամկետը լրացել է կիրակի օրը։ Այսօր կարո՞ղ եմ հարկատեսակի համար դիմում ներկայացնել։

Գայանե․

Բարև Ձեզ, կօգնե՞ք խնդրեմ.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում: Հունվարի 26-ին ծառայությունների մատուցման հարկային հաշիվ են դուրս գրել դեկտեմբեր ամսվա համար: Ես այդ գումարը հունվա՞ր ամսվա հաշվետվության մեջ եմ ներառելու։

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել վարձակալության հետ կապված մի քանի հարցի`

1. Եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն տարածք վարձակալի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ից, ապա իր մոտ հարկային պարտավորություններ չի առաջանա չէ՞, միայն ստացված հաշիվ վավերագրի գումարը պետք է ներառել ԱԱՀ հաշվարկի մեջ` որպես ՀՀ տարածքում ստացված ծառայություն։

2. Վերոնշյալ դեպքում վարձակալության պայմանագիրը պե՞տք է հաստատվի կադաստրում, և վարձավճարի նվազագույն չափը պե՞տք է լինի կադաստրային արժեքի 2,5%-ից ոչ պակաս` տարվա կտրվածքով։

3. Եթե շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ի տարածքը հիմնադիր-տնօրենի սեփական տարածքն է և ՍՊԸ-ին տրված է անհատույց, ապա պե՞տք է տնօրենի` որպես ֆիզ. անձի հետ կնքվի անհատույց վարձակալության պայմանագիր, իսկ տնօրենն էլ ուղղակի պե՞տք է հարկայինում հայտարարություն ներկայացնի, որ տարածքը տրամադրել է անհատույց հիմունքներով։

Տիգրան․

Բարև Ձեզ։ Ես շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ անցնել ընդհանուր դաշտ։ Պահեստում ունեմ ապրանքային մնացորդ, որը ձեռք եմ բերել ՌԴ-ից և սահմանին վճարել եմ ԱԱՀ։ Ես կարո՞ղ եմ այդ ապրանքը մուտք անեմ որպես սկզբնական մնացորդ։ Դրա համար ինչ որ բան պե՞տք է վճարեմ։ Եվ այդ ապրանքի ԱԱՀ-ն ինձ կհաշվանցեն, թե՞ ոչ։ Եթե հնարավոր է՝ ուղղություն ցույց տվեք՝ ինչ անեմ, որ այդ մնացորդի ձևակերպումը ճիշտ լինի և կրկնակի չհարկվի։

Աննա․

Բարի օր։ ԱՁ-ն զբաղվում է freelance աշխատանքով, ծառայություններն արտահանում է (0 – ական ԱԱՀ): Աշխատում է տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս, այդ պատճառով է ընդհանուր հարկման համակարգում:

Հնարավո՞ր է արդյոք ծառայությունն որպես արտահանված ձևակերպել, եթե վճարողն արտասահմանում օրինական բնակվող ՀՀ քաղաքացի լինի: Ծառայությունն օգտագործվելու է ՀՀ-ից դուրս փոքր նորաստեղծ ընկերության կողմից:

Գոհար․

Բարև Ձեզ։ Մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք․

  1. Եթե ԱՁ կամ ՍՊԸ-ն դադարեցված է եղել, այս տարվա համար պե՞տք է հարկատեսակի համար հայտեր ներկայացնել և փակել 2023-ի տարեկան հաշվետվություններն
  2. ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ի շրջանառությունն 0 է եղել։ Տարեկան ի՞նչ հաշվետվություն և հարկային պարտավորություն ունի

Արթուր․

Բարև ձեզ, սիրելի խմբակիցներ։ ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացվել մարտ ամսին, որտեղ ներմուծման ԱԱՀ-ն հաշվացվել է, սակայն գումարը վճարվել է 20-ից հետո, դեկտեմբեր ամսին եկել է ծանուցում, որ տրվի ուղղում՝ հաշվանցվի այն ամսում, որ ամսում որ վճարվել է։ Խնդրում եմ օգնել տալ հաշվապահական ձևակերպումները։

Բաբկեն․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ եմ և ունեմ մսի խանութ։ Սխալի պատճառով միկրոձեռնարկատիրությունից անցել եմ ընդհանուր հարկման դաշտ։ Որ խնդրեմ՝ կասե՞ք 260 հաշվետվության լրացման կարգը, և ո՞ր տողում պետք է գրեմ ՀԴՄ շրջանառության թիվը, և մնացած տողերում ի՞նչ լրացնեմ: Նախապես շնորհակալություն:

Աննա․

Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Հարկման ընդհանուր դաշտում աշխատող ընկերությունը ՀՀ-ում ձեռք բերած դիզելային վառելիքը պետք է վաճառի այլ ընկերության։ Ի՞նչ հարկեր են առաջանում բացի ԱԱՀ-ից և շահութահարկից։ Հարցս վերաբերում է ակցիզային հարկին և բնապահպանական հարկին։

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է՝ եթե ընկերությունը, որն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, զբաղվում է ապրանքների ներմուծմամբ, որոնց ներմուծման ժամանակ առաջացել է ԱԱՀ, և այդ նույն ապրանքները արտահանում է Ռուսաստան արդյո՞ք այդ ԱԱՀ կարող է դիմումի համաձայն հետ ստանալ։

Գայանե․

Բարև Ձեզ, էսպիսի մի հարց՝ եթե ներմուծման հայտարարարագիրը բացվել է նոյեմբերին և վճարումը տեղի է ունեցել նույնպես նոյեմբերին, բայց բաց թողում տեղի չի ունեցել, ԱԱՀ-ի հաշվետվության մեջ դա ո՞ր ամսվա մեջ ենք պակասեցնում։ Շնորհակալություն։

Անի․

ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է, եկամուտ և ծախս չի ունեցել, սակայն չի դադարեցրել գործունեությունն ու հանձնել է զրոյական ԱԱՀ հաշվետվություններ: ԱԱՀ զրոյական հաշվետվություն ճիշտ լինելու համար բավարա՞ր է արդյոք հետևյալն․

– ԱՁ տվյալներն ու ամսաթիվ
– պարտադիր դաշտերն համակարգի կողմից ավտոմատ զրոներով լրացված
– գործունեության դասակարգիչ

Կարո՞ղ եմ նույն մոտեցումով հանձնել նաև շահութահարկի և սոց. վճարի հաշվետվություններն:

Մարիետա․

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն ԱԱՀ-ով հարկվող է, զբաղվում է մանրամեծածախ վաճառքով։ Վայլդբերիս – ում վաճառքն իրականացնելիս ինչպիսի՞ն պետք է լինի գործընթացը։ Վայլդբերիս – ից հաշիվնե՞ր պետք է ստանանք և իրենց դուրս գրենք։ Ինչպե՞ս է լինելու վայլդբերիս – ով վաճառքների ձևակերպումը, եթե ապրանքը դրոշմապիտակավորվող է, ապա վայլդբերիս – ով վաճառքի դեպքում է՞լ պետք է դրոշմապիտակ փակցնենք։

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. Նույն հասցեում հաշվառված ծնող և զավակ ունեն գրանցված ԱՁ և ՍՊԸ: Ծնողը հանդիսանում է ՍՊԸ հիմնադիրներից մեկը և տնօրենն է նույն ՍՊԸ-ի, զավակն ունի ԱՁ, նրանք միմյանց միջև գործարքներ չեն կատարում։

Հարց․ արդյո՞ք համարվում են փոխկապակցված այս ԱՁ-ն և ՍՊՆ-ն, և արդյո՞ք երկուսն էլ պետք է աշխատեն ԱԱՀ-ի դաշտում։

Գուրգեն․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել ԱՁ, մատուցելու եմ ՏՏ ծառայություններ արտերկրում գտնվող ֆիզանձանց և ընկերությունների համար: Դիմելու եմ ՏՏ հավաստագիր ստանալու համար, և հաստատվելու դեպքում կազատվեմ շահութահարկից, և քանի որ միայն արտերկրի համար եմ աշխատելու, ԱԱՀ-ն 0% կլինի:

Գործելու է կայք, որի միջոցով պատվիրելու են ծառայությունը և վճարելու են քարտով՝ ԱՄՆ դոլար արժույթով, որը նստելու է ԱՁ-ի դոլարային հաշվին և ավտոմատ փոխարկվի դրամի՝ բանկի տվյալ պահի փոխարժեքով և փոխանցվի դրամային հաշվին:

Մի քանի հարց ունեմ.

1. Ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ պարբերականությամբ պետք է ներկայացնեմ ՊԵԿ
2. Արդյո՞ք պետք է հաշիվ դուրս գրեմ ամեն պատվերի համար: Եթե այո, ապա հաճախորդի ի՞նչ տվյալներ են հարկավոր դրա համար
3. Հաշվետվություններում ո՞ր փոխարժեքը պետք է հաշվի առնեմ՝ բանկի՞, թե՞ ԿԲ-ի
4. Կարո՞ղ եմ գումարը ստանալուց հետո միանգամից փոխանցել իմ անձնական հաշվին

Ալլա․

Բարի երեկո։ Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը։

Ձևակերպել արտադրանքի վաճառքի գործառնությունները՝ որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը։

Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք։ Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000 դրամ՝ գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել է դրամարկղ։ Ապառիկ վաճառվել է 1 400 000 դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ։ Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000 դրամ։ Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսերը․

  • փաթեթավորման նյութեր՝ 52 000 դրամ
  • աշխատավարձ պահեստում փաթեթավորող բանվորներին՝ 150 000 դրամ
  • տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն
  • գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60 000 դրամ՝ գումարած ԱԱՀ

Այլ հաշվապահական խնդիրներ

Բագրատ․

Բարև բոլորին։ Ընկերությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, նաև արտահանում է դեպի ՌԴ (վաճառում է ֆիզ անձի)։ Ներկա պահին կարո՞ղ է արդյոք ետ ստանալ ԱԱՀ-ն, և եթե ոչ՝ կներկայացնե՞ք այն հոդվածը, որով արգելվում է։