առևտուր
Նարինե.
Խնդրում եմ պատասխանեք. եթե փայտը ձեռք բերելուց հետո բունկերում չորացնում ենք, հետո վաճառում, այս գործունեությունը վաճա՞ռք է, թե՞ արտադրություն: Կանխավ շնորհակալ եմ:
Վարդան.
Բարև ձեզ։
Ընկերությունը վճարում է 3.5% շրջանառության հարկ արտադրության դեպքում և 5%՝ առևտրի։ Եթե նույն ապրանքը և՛ արտադրի, և՛ ուղղակի ներմուծի ու վաճառի, ինչպե՞ս է հաշվարկվելու շրջանառության հարկը:
Սեյրան.
Բարև ձեզ:
Ես Ա/Ձ ունեմ, հագուստի մանրածախ առևտուր եմ անում, ունեմ մեկ աշխատող: Պետք է վճարեմ շրջ. հարկ, եկամտահարկ, շահութահարկ, ՀԴՄ սպասարկման վճար, դրոշմանիշային վճար: Խնդրում եմ, ասեք՝ ուրիշ ի՞նչ վճար կամ հաշվետվություն կա, որ ես չգիտեմ:
Լիանա.
Բարև ձեզ,
Ի՞նչ հարկ է վճարում ԱՁ-ն, որը իրականացնում է շրջիկ առևտուր, արդյոք կա՞ն փոփոխություններ 2019թ. հունվարի 1-ից:
Աստղիկ.
Բարև ձեզ,
Ես Ա/Ձ եմ, ուզում եմ փոխել գործունեությանս տեսակը, առևտրից խմորեղենի արտադրություն ընտանեկան բիզնեսի պայմաններում, խնդրում եմ ուղղորդեք իմ հետագա անելիքները: Նախապես շնորհակալություն:
Ալիկ.
Հարգելի ընկերներ, եթե գյուղատնտեսական կոոպերատիվը իրականացնում է սեփական արտադրանքի փաթեթավորում և վաճառք, ապա նա հարկվու՞մ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս: Նախապես շնորհակալություն:
Արծրուն.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար – 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:
Նախապես շնորհակալություն:
Sona Galstyan.
Պատրաստվում եմ բացել կազմակերպություն, սակայն չեմ կողմնորոշել` բացել ԱՁ-ը, թե՞ ՍՊԸ, որը զբաղվելու է թեյերի արտադրությամբ և վաճառքով: Ովքե՞ր գիտեն, բացի պետական ռեգիստրում գրացվելուց ուրիշ ի՞նչ կազմակերպություւների է պետք դիմել, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությու՞ն, թե՞ այլ` օրինական ճանապարհով հստակ ամեն ինչ սկսելու համար: Կանխավ շնորհակալություն:
Տիգրան.
Բարև ձեզ: ՍՊԸ եմ գրանցել, որը առևտրային գործունեություն է իրականացնելու: Աշխատելու է շրջանառության հարկով: ՍՊԸ-ում աշխատելու է միայն հիմնադիրը: Կասեք` ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմնին:
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու, ունենալու է մանրածախ և մեծածախ վաճառք, տեղում սպառում և առաքում: Ի՞նչ հարկեր եմ վճարելու և շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է աշխատեմ:
Լիլիթ.
Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ գործընթացներ են անհրաժեշտ օնլայն խանութի միջոցով առքուվաճառքով զբաղվելու համար (հարթակը վաճառքի՝ Instagram/Facebook):
Արման.
Կհուշե՞ք՝ ինչպես կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ՝ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-Invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:
Կարինե.
Եթե ՀԿ զբաղվում է ձեռագործ աշխատանքների վաճառքով, ապա հարկման դաշտը ո՞րն է՝ Տարեկան շահութահարկ, ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ:
Ռոբերտ Մ.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: ԱՁ-ն զբաղվում է արտադրանքով և ապրանքը դնում խանութներում: Հարց. կարո՞ղ եմ արդյոք ես համակարգչով տեսնել խանութներում իմ վաճառված ապրանքները:
Ռուստամ Դ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ արդյո՞ք հարկ է սահմանվում օնլայն առևտրով զբաղվողի վրա, եթե նրա ամսական շահույթը չի անցնում 50 000-ը:
Anna.
Ժողովուրդ, եթե հանրային սննդի կետը բացի խոհարարական արտադրանքից իրացնում է նաև այլ հարակից ապրանքներ, օրինակ կոկա-կոլա, հանքային ջուր, ինչպես նաև շոկոլադե սալիկներ և նմանատիպ ապրանքներ, արդյո՞ք դրանց մասով առաջանում են այլ հարկային պարտավորություններ, բացի արտոնագրային հարկից: Շնորհակալություն:
Հովհաննես.
Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝
1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են:
2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է:
3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ:
4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ:
Շնորհակալություն:
Արթուր.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վաճառում է էլեկտրական սարքավորումներ, ինչպես նաև կատարում է դրանց մոնտաժման աշխատանքները: Կարո՞ղ ենք արդյոք ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը գնորդին ներկայացնել մեկ հաշվով:
Varduhi.
Կարո՞ղ եք ասել` արդյո՞ք շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն կարող է առք ու վաճառքով զբաղվել կոմիսիայի պայմանագրով` ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի հետ: Նախապես շնորհակալություն:
Ամալյա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝
1. Մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ:
2. Ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար:
3. Եվ կա՞ մարդ, ով տեղյակ է կայքից և կայքի ապահովությունից:
Նախապես շնորհակալություն:
Թամարա.
Ուզում եմ առցանց սոց. ցանցերի միջոցով գովազդ անել և վաճառել ապրանքներ, բայց իմ անունով ԱՁ կամ ՍՊԸ չունեմ, կարո՞ղ եմ, թե՞ հարկային դաշտ պետք է մտնել, ու եթե ԱՁ բացեմ, կարո՞ղ եմ տարբեր ապրանքներ վաճառել՝ թանկարժեք մետաղից սկսած՝ վերջացրած կահույքով կամ մեխով:
Զառա.
Ինչպե՞ս ապրանքը թանկացնել 14 տոկոսով և իջեցնել 14 տոկոսով:
Արթուր.
Բարև ձեզ:
Ես կցանկանայի իմանալ` օնլայն մանրածախ առևուր իրականցնելիս Ա/Ձ-ով ՀԴՄ պե՞տք է ունենալ, և ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Շնորհակալություն:
Կարեն.
Բարև ձեզ:
Ուզում եմ փոքրիկ ինտերնետ խանութ բացել՝ վաճառելով ձմեռային գլխարկներ: Սակայն ընկերություն դեռ չեմ ուզում գրանցել, քանի որ չգիտեմ` կաշխատի միտքը, թե ոչ: Հավանաբար կգրանցեմ այն ժամանակ, երբ զգամ որոշակի շրջանառություն կա՝ մի քանի ամսից: Ի՞նչ տույժեր կամ պատիժ է նախատեսված, եթե հարկային ծառայությունն այդ ընթացքում “բռնացնի”: Արդյո՞ք ավելի թեթև չեն վերաբերվում սկսնակ, փոքրիկ ինտերնետ խանութին՝ մինչև դառնա բիզնես:
Մարիամ.
Կարո՞ղ եք ինձ խորհուրդ տալ, թե որտեղ կարելի է սովորել պրակտիկ հաշվապահություն, որը անմիջականորեն կապված է սուպերմարկետի, խանութի հաշվապահություն վարելու հետ՝ ծանոթանալու առկա բոլոր նրբություններին (առևտրի հաշվապահություն): Կանխավ շնորհակալ եմ:
Garnik.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը ներմուծում է օդափոխիչներ տարբեր գներով: Առաջին ներմուծված օդափոխիչը վաճառվել է X գնով: Խնդրում եմ ասել` մյուս օդափոխիչների գները քանի՞ տոկոսով կարող են տարբերվել X-ից: Թե՞ ինչ գնով ցանկանանք, կվաճառենք` անկախ ՀՏ զեղչի հայտարարություն տալու հանգամանքից: Իհարկե պետք է վաճառել ինքնարժեքից բարձր գնով, բայց կա՞ արդյոք հատուկ կարգավորող նորմ: Նախապես շնորհակալություն:

Գևորգ.
Քաղաքացին (Ա/Ձ չէ) ցանկանում է որևէ խանութում վարձակալությամբ տարածք վերցնել և զբաղվել գյուղատնտեսական մթերքի առևտրով: Իրավունք ունի՞, թե՞ ոչ, և արդյո՞ք հարկեր պետք է վճարի և եթե այո, ապա ի՞նչ հարկ:

Մարիամ.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով, ի՞նչ ձևակերպումներ է տրվում բոնուսային քարտի վրա գումար ավելանալու և քարտի գումարը օգտագործելու դեպքում:
Ռուզան.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով. ՍՊԸ-ն, որն ունի ավտոտեխսպասարկման կետ, ցանկանում է նույն վայրում նաև մեքենայի յուղերի աքռուվաճառքով զբաղվել: Այս գործունեությունը հարկվելու է շրջանառությա՞ն հարկով (շրջանառությունից 5%): Եթե այո, ապա շրջ. հարկը նվազեցվելու՞ է ծախսերի 4%-ով (շրջ. հարկի օրենքի հոդված 7, կետ1.1): Եվ այս դեպքում նվազեցվող ծախսեր են համարվում միայն ձեռք բերմա՞ն ծախսերը (քանի որ ապրանքը ՍՊԸ-ին մատակարարելու է վաճառող կազմակերպությունը, այսինքն տրանսպորտի ծախսեր չկան): Մատակարարող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի: Կանխավ շնորհակալ եմ:
