22/10/2026

առցանց

Վահագն.

Բարև ձեզ։ Եթե կարող եք արձագանքել՝ շնորհակալություն: ԱՁ ունեմ, ընտանեկան ձեռնարկություն, անժամկետ կասեցրել եմ գործունեությունը:
1. Հիմա կարող եմ անել դա օնլայն՝ հաշվի առնելով այս տիրող վիճակը (դիտելով e-register.am կայքը՝ ես չգտա այդ հնարավորությունը):
2. Ինչպե՞ս նորից ստուգել իմ կասեցման հայտը։

Արթուր.

Բարև ձեզ։ Ներեցեք, ինձ հետաքրքիր է, թե անձը ինչպես կարող է իմանալ՝ երբվանից է գրանցված աշխատող և ինչքան աշխատավարձ է ստանում։ Կա՞ արդյոք նման պաշտոնական կայք, որտեղից հնարավոր է ստանալ նման ինֆորմացիա։

Նոննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք. ինչպե՞ս կարող եմ ԱՁ-ի անձնագրային տվյալները փոփոխել online պետ. ռեգիստրի հարթակում: Բանկում ԱՁ-ով հաշիվ չեն բացում անձնագրային տվյալները չհամապատասխանելու պատճառով:

Վահագն․

Բարև ձեզ: Առցանց խանութը հարկման ենթակա՞ է, և եթե տարեկան շրջանառությունը 24,000,000 դրամից պակաս է, ապա հնարավո՞ր է գրանցվել որպես միկրոբիզնեսով զբաղվող Ա/Ձ, ասենք՝ բիզնեսը գրանցելով Երևանից դուրս, որպեսզի չընկնել բացառությունների ցանկ առևտրի մասով: Շնորհակալություն:

Նիք.

Բարև ձեզ:
Կարո՞ղ է ԱՁ-ն ինքը վարել իր հաշվապահական հաշվետվությունները։
Կարո՞ղ է թվային նկարիչը հիմնել միկրոբիզնես և աշխատել որպես ստեղծագործող։
Ուզում եմ աշխատել ֆրիլանս նկարիչ։ Բիզնեսը փոքր է լինելու։
Շնորհակալություն:

Արամ.

Բարև ձեզ։ Ես պատրաստում եմ 3D մոդելներ և արտասահմանյան կայքերում վաճառում եմ դրանք։ Կայքերում վաճառքից հետո ես ստանում եմ վաճառված գնի 50 %-ը, իսկ մնացածը կայքը պահում է անում որպես “Tax”: Կասե՞ք՝ ինչպե՞ս անեմ, որ իմ եկամուտը գրանցվի, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Սյուզաննա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։
Մտադիր եմ զբաղվել հագուստի օնլայն վաճառքով՝ գլոբալ մակարդակով։ Հագուստը արտադրվելու և ուղարկվելու է ԱՄՆ-ից։ Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք կարող եմ գործել միկրոբիզնեսի համակարգում և ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով, եթե դեռ չունեմ գրանցված աշխատող: Շնորհակալ եմ:

Արփի.

Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք: Դեռ հարկային գրանցում չունեմ, բայց ուզում եմ որպես ֆիզիկական անձ գրանցվել հարկայինում:
1. Արտասահմանյան ընկերության համար Երևանում ֆրիլանս վարչական աշխատանքներ եմ սկսելու անել: Դասիչները կարդացի, դա, կարծես, ամենից շատ համապատասխանում է 82.11.0 Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեությանը: Ճի՞շտ եմ հասկացել: Այստեղ գրասենյակ չկա, ուղղակի օրական 1 ժամ օնլայն տարբեր տիպի վարչական աշխատանքներ եմ անում, այդքանը: Որպես ֆիզ. անձ կարո՞ղ եմ այս գործունեությունն անել ու հարկերից ազատվա՞ծ եմ լինելու: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:
2. Մի քանի դասընթաց եմ անցկացնելու (նեղ մասնագիտական չեն, ավելի շուտ ընդհանուր զարգացման, բայց ոչ ֆորմալ): Ամենամոտ դասիչը 85.59-ն է, բայց ենթադասը ոչ մի նշված կետին չի համապատասխանում: Կարո՞ղ եմ որպես ֆիզ. անձ այս գործունեությունն իրականացնել, ու դա ինչպե՞ս է հարկվում:

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղղորդել հետևյալ հարցում.
Կատարում եմ հաճախորդների սպասարկում արտասահմանյան ընկերությունում, որն օնլայն առևտուր է իրականացնում Ամազոն վեբսայթում։ Արդյո՞ք կարող եմ համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ նոր հարկային օրենսգրքով։ Նշեմ նաև, որ նախկինում գրանցված է եղել որպես ընտանեկան բիզնես։

Մանե.

Աշխատում եմ արտասահմանյան կազմակերպությունում առցանց, աշխատավարձն ստանում եմ ՀՀ բանկային քարտով ամեն ամիս, արդյո՞ք որևէ հարկային պարտավորություն ունեմ մեր երկրում։

Արթուր․

Բարև ձեզ։
Ես անհատ ձեռներեց եմ, արտադրում եմ օբսիդիանից զարդեր և վաճառքն իրականացնելու եմ Amazon կայքում, ՀՀ-ում խանութ չունեմ, վաճառք չեմ իրականացնում: Կարո՞ղ եմ արդյոք միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Գայանե.

Բարև ձեզ: Ես ձեռագործ պայուսակներ եմ պատրաստում տանը, իրացնում եմ սոցիալական կայքերի միջոցով: 2018թ. գրանցվել եմ որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ, հարկեր չեմ վճարել, հաշվետվություններ չեմ ներկայացրել: Խնդրում եմ, ասեք՝ ըստ նոր օրենքի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց հետո ի՞նչ փոփոխություններ կլինեն տվյալ գործունեության իրականացման համար:

Արմինե.

Հարցս հետևյալն է՝ եթե անձը պատրաստվում է օնլայն ծառայություններ (ֆրիլանս, օր.՝ թարգմանություններ, տեքստեր գրել և այլն) մատուցել արտասահմանյան ընկերությանը, աշխատելու է տնից, բայց աշխատանքը կայուն բնույթ է կրելու, և աշխատողը աշխատաժամանակին համապատասխան ամեն ամիս որոշակի գումար է ստանալու իր բանկային հաշվի վրա: Նշեմ նաև, որ տվյալ անձի համար արտասահմանում հարկեր չեն վճարվելու: Պարտավո՞ր է տվյալ անձը ՀՀ-ում մտնել հարկային դաշտ և հարկեր վճարել: Եթե այո, ապա ի՞նչ գործողություններ պետք է արվեն, ու՞մ պետք է դիմի, որքա՞ն կկազմեն հարկերը: Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն․

Բարի երեկո: Օնլայն խանութ եմ բացել, կայք է, որով մարդիկ պատվիրելու են մինչև 100 հազար դրամի ապրանքներ, ապրանքները Չինաստանից են գալու փոստով: Ի՞նչ պետք է անեմ։ ԱՁ բացե՞մ, թե՞ ՍՊԸ, որովհետև կայքն է վճարումն ընդունելու, առձեռն չկա, միայն փոխանցումով:

Յան.

Բարև ձեզ:
Ես ռուսական, ուկրաինական և բելառուսական կայքերի համար ինֆորմացիոն և գովազդային տեքստեր եմ գրում, խմբագրում և/կամ հրապարակում: Ուզում եմ հասկանալ՝

1) ի՞նչ կարգավիճակով պետք է գրանցվեմ (ԱՁ, ինքնազբաղված)՝ օրինական դաշտ մտնելու համար,
2) ինչպիսի՞ և ի՞նչ չափի հարկեր պետք է վճարել,
3) արտասահմանցիների հետ պայմանագիր ինչպե՞ս պետք է կնքեմ:

Արծրուն.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝
1. շահութահարկ 5 000 դրամ
2. սոցիալական վճար 5 000 դրամ
3. Դրոշմանիշային վճար – 12 000 դրամ
Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով:

Նախապես շնորհակալություն:

Լիլիթ.

Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ գործընթացներ են անհրաժեշտ օնլայն խանութի միջոցով առքուվաճառքով զբաղվելու համար (հարթակը վաճառքի՝ Instagram/Facebook):

Արման.

Կհուշե՞ք՝ ինչպես կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ՝ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-Invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:

Ռոբերտ Մ.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: ԱՁ-ն զբաղվում է արտադրանքով և ապրանքը դնում խանութներում: Հարց. կարո՞ղ եմ արդյոք ես համակարգչով տեսնել խանութներում իմ վաճառված ապրանքները:

Ռուստամ Դ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ արդյո՞ք հարկ է սահմանվում օնլայն առևտրով զբաղվողի վրա, եթե նրա ամսական շահույթը չի անցնում 50 000-ը:

Գայանե.

Բարև ձեզ:
Ես 4 օր առաջ գրանցվել եմ որպես Ա/Ձ և արդեն գրանցվել եմ taxservice.am-ում, ունեմ password/login: Սակայն ես դեռ չեմ կողմնորոշվում, թե ինչ հարկային հայտարարություն պետք է ներկայացնեմ: Պատրաստում եմ բնական կոսմետիկ քսուքներ և օճառներ, մոտ օրերս կունենամ փորձաքննության արդյունքները: Նախնական շրջանում իմ արտադրանքի վաճառքը ես մտադիր եմ իրականացնել առցանց խանութի և 1-2 գեղեցկության սրահ հանձնելու եղանակով, քանզի դեռ սեփականի մասին մտածելու համար բավարար ֆին. միջոցներ չունեմ: Խնդրում եմ, ինձ օգնեք հասկանալու՝ որ եղանակն է ինձ համար ամենից օպտիմալը, որ ՀԴՄ չպահանջվի: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրության դաշտ մտնելը ինձ չի արգելի օնլայն վաճառք ունենալ, գեղեցկության սրահներ կամ խանութ հանձնելուց ես ՀԴՄ պե՞տք է տամ, թե՞ ոչ:

Հովհաննես.

Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝
1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են:
2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է:
3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ:
4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ:

Շնորհակալություն: