Աշխատողի լրացուցիչ պարտականությունների նշանակում

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ շտապ օգնեք: Ես կարո՞ղ եմ գրանցել մեկ աշխատանքային պայմանագիր ու համաձայնագիր և նշել մեկ դրույք: Օրինակ՝ ընդունել աշխատանքի որպես տնօրեն՝ 5 ժամ աշխատանքային գրաֆիկով, և համատեղության կարգով նշանակել կոսմետոլոգ՝ 1 ժամ աշխատանքային գրաֆիկով, աշխատավարձը՝ 100 000 դրամ:

Եթե դա սխալ է, ապա ինչպե՞ս կարող եմ դա գրանցել, որ 100 000 դրամ աշխատավարձը չգերազանցի: Շնորհակալություն:

3 մեկնաբանություն - “Աշխատողի լրացուցիչ պարտականությունների նշանակում

  1. Բարև Ձեզ, հարգելի Արման:
    Ինչպես հասկանում եմ՝ անհրաժեշտ է, որ գեղեցկության սրահի տնօրենը կատարի նաև կոսմետոլոգի գործառույթները: Ժամանակին աշխատանքի պետական տեսչությունը մեկ պայմանագրում երկու պաշտոն նշելու տարբերակը չէր խրախուսում՝ չնայած առանց հստակ հիմնավորման: Ամեն դեպքում օրենսդրության մեջ նման արգելք սահմանված չէ: Ինչևէ, եթե խոսենք ոչ թե նույն պայմանագրով երկու պաշտոնների մասին, այլ համատեղությամբ աշխատանքի մասին, ինչպես Դուք էլ նշեցիք, ապա, որպեսզի տնօրենը համատեղությամբ կատարի կոսմետոլոգի պարտականությունները, անհրաժեշտ է ոչ թե համաձայնագիր, այլ երկրորդ աշխատանքային պայմանագիր, որում նշված կլինի, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ: Այսինքն՝ աշխատողը հիմնական աշխատանքային պայմանագրով տնօրեն է լինելու, իսկ համատեղությամբ աշխատանքային պայմանագրով՝ կոսմետոլոգ: Աշխատավարձը բաշխեք այնպես, որ մեկ ժամի մաքուր գումարը երկու պաշտոնների համար առանձին-առանձին պակաս չլինի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով սահմանված մեկ ժամի արժեքից: Ձեր նշած ժամերի համար գումարը պետք է որ տեղավորվի 100 000 ՀՀ դրամի մեջ:

  2. Աննա ջան, իսկ ես կարո՞ղ եմ պայմանագրով աշխատողի հիմնական աշխատավարձը դարձնել ժամավճարային՝ համաձայնագրի հիման վրա:

  3. Հարգելի Արման, աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ, ըստ էության, հնարավոր է պայմանագրի ցանկացած կետ համաձայնագրով փոխել: Պարզապես այդ փոփոխությունները պետք է լինեն հիմնավորված և բխեն 2 կողմի շահերից: Մասնավորապես՝ աշխատավարձի պարագայում, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի, աշխատանքի վարձատրության չափը համարվում է աշխատանքի էական պայման, և գործատուն այն կարող է իր նախաձեռնությամբ փոխել միայն արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում: Հակառակ դեպքում՝ աշխատանքի վարձատրության պայմանի փոփոխումը պետք է լինի ոչ թե գործատուի նախաձեռնությամբ, այլ փոխադարձ համաձայնությամբ: Բնականաբար, աշխատողի համաձայնությունը պետք է լինի ապացուցելի, և փոփոխությունն էլ՝ տրամաբանական (այսինքն՝ տրամաբանական լինի, որ նման փոփոխություն կարող է բխել աշխատողի շահերից):

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *