Թվային աշխատանքային պայմանագիր

թվային աշխատանքային պայմանագիր

Թվային աշխատանքային պայմանագիր / էլեկտրոնային աշխատանքային պայմանագիր

Սկսած 2025թ. հուլիսի 1-ից աշխատանքային հարաբերությունների ձևակերպումը կարող է իրականացվել առցանց՝ կամավոր սկզբունքով, իսկ 2026թ. հունվարի 1-ից նոր աշխատանքային պայմանագրերի համար այս գործընթացը կդառնա պարտադիր՝ շնորհիվ ՀՀ կառավարության ներդրած աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի։ Մինչև 2026թ․ հունվարի 1-ը կնքված պայմանագրերը անհրաժեշտ կլինի թվայնացնել 12 ամսվա ընթացքում։

Այս անցումը նախատեսված է 2024թ. դեկտեմբերի 4-ին ընդունված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով, իսկ օրենսդրական փաթեթը համալրվել է նաև ՀՀ Կառավարության թիվ 410 որոշմամբ, որը ուժի մեջ է մտնում 2025 թ. հուլիսի 1-ից և սահմանում է համակարգի պահանջները և պայմանագրերի առցանց կնքման կարգը։

Թվային աշխատանքային պայմանագրեր կազմելու կարգը

Նոր կարգավորումների համաձայն՝ գործատուն ՊԵԿ-ի էլեկտրոնային համակարգում լրացնում և իր էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում է աշխատանքային պայմանագիրը կամ դրա փոփոխության/լուծման փաստաթղթերը, ինչից հետո համակարգը ավտոմատ ծանուցում է ուղարկում աշխատակցի էլեկտրոնային հասցեին՝ հրավիրելով նրան ստորագրել պայմանագիրը «Ես եմ» հարթակի կամ՝ օտարերկրացիների դեպքում, ՊԵԿ-ի տրամադրած մուտքանուն-գաղտնաբառի միջոցով։

Աշխատողը պայմանագրի բովանդակությանը ծանոթանալուց և համաձայնվելուց հետո այն ստորագրում է իր թվային ստորագրությամբ՝ ոչ ուշ, քան պայմանագրում նշված գործողության օրվանից մեկ աշխատանքային օր առաջ՝ կիրառելով քարտային կամ բջջային ստորագրություն։ Պայմանագիրը կողմերի կողմից ստորագրվելուց հետո համակարգը ավտոմատ ձևավորում է նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտը՝ անհրաժեշտ տվյալների բացակայության դեպքում հնարավորություն տալով դրանք լրացնել գործատուին, ապա ամբողջական փաթեթը նույն օրը փոխանցում է հարկային մարմնին։ Նույն տրամաբանությամբ համակարգն ապահովում է նաև դադարեցման հայտերի ձևավորումը։

Ի՞նչ է անհրաժեշտ թվային աշխատանքային պայմանագիրը ստորագրելու համար

Եվ այսպես, Դուք ստացել եք ծանուցում գործատուի կողմից՝ Ձեր թվային աշխատանքային պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ։ Ի՞նչ է Ձեզ անհրաժեշտ․

Նույնականացման քարտ՝ էլեկտրոնային ստորագրության հնարավորություն ունեցող էլեկտրոնային չիպով, և քարտի PIN և PUK կոդերը
✔ կամ նույնականացման քարտ և ակտիվացված բջջային ստորագրություն
Մուտք «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակ», որտեղ կարող եք ծանոթանալ Ձեր էլեկտրոնային աշխատանքային պայմանագրին և ստորագրել այն։

Ծանուցում

Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխությամբ՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը բացառապես թվային համակարգով իրականացնելու պահանջը տեղափոխվել է 2027 թ. հուլիսի 1։

Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը թվային համակարգով պայմանագրերի կնքումը կրելու է կամավոր բնույթ, իսկ համակարգով կնքված պայմանագրերը, համաձայնագրերն ու ընդունված հրամաններն ունենալու են իրավական ուժ։

Սահմանվել է նաև անցումային կարգավորում, որով ժամկետի երկարաձգման փոփոխությունները տարածվելու են նաև 2026 թ․ հունվարի 1-ից հետո ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, գործող աշխատանքային պայմանագրերը մինչև 2026 թ․ դեկտեմբերի 31-ը պարտադիր թվային համակարգ մուտքագրած լինելու ժամկետը ևս երկարաձգվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։