Category: Նորություններ
Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը

Աղբյուր՝ © 168.am
“Հարկ վճարողների պաշտպանություն” հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ օրենսգիրք ունենալու պահանջը պայմանավորված էր նաև նրանով, որ առկա էին հարկային ոլորտին վերաբերող մի շարք փաստաթղթեր, օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կառավարության որոշումներ. «Հարկ վճարողներն ամբողջականությունը շատ դեպքերում խառնում էին՝ պայմանավորված դրանց շատության, տարբեր հարցերը տարբեր տեղերում կարգավորված լինելու հանգամանքով»: Բացի այդ՝ նա նշեց, որ հաջորդը հնարավոր նոր կարգավորումներ նախատեսելն էր:
Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Հարկային խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանն ասաց, որ իրականում փաստաղթուղթը պահանջ ուներ: Նրա խոսքով՝ օրենսդրությունը «ցաքուցրիվ» էր, կային օրենքներ, կառավարության որոշումներ, պաշտոնական բազմաթիվ պարզաբանումներ. այդ առումով փորձ արվեց ամենը կենտրոնացնել մի փաստաթղթում: Մանրամասն
ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց
Աղբյուր՝ Fintax.am
Այս տարվա դեկտեմբերի 24-ի կառավարության նիստում կառավարությունը որոշեց 2013 թվականի 846 որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի, հետաձգվեց ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանման տպագրման վերջնաժամկետը:
Այսպիսով, 2013 թվականի, 2014 թվականի, 2015 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանման տպագրման վերջնաժամկետը սահմանվում է 2016 թվականի մայիսի 1-ը: Մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար սահմանվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:
Կառավարությունը որոշեց նաև, որ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը) պետք է լրացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N875-Ն հրամանով հաստատված արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (4 նիշ), իսկ նախորդ տարվա արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից՝ առնվազն 2-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (2 նիշ):
Աղբյուր՝ Fintax.am
Նոր ՀԴՄ-ների տեղադրումը կարող է հետաձգվել մեկ տարով
Աղբյուր` Fintax.am
Նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերման պարտավորությունը փոքր և միջին ձեռնարկությունների համար կարող է հետաձգվել մեկ տարով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքերով, այս պահին Հայաստանում մոտ 25 հազար ձեռնարկատեր չունի նոր սերնդի ՀԴՄ: Հետևաբար գործադիրն առաջակում է հետաձգել համապատասխան որոշման կիրառության ժամկետը մինչև 2017 թվական:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ hսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կարգի վերաբերյալ որոշումը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, ըստ որի՝ բոլոր հարկատուները պետք է ձեռք բերեն և կիրառեն նոր սենրդի ՀԴՄ սարքեր, իսկ կտրոնի վրա պետք է առկա լինի գնված ապրանքների ողջ ցանկը՝ գործարքի մյուս մանրամասներով:
Աղբյուր` Fintax.am
Ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրսենգրքում կատարված փոփոխությունները
Աղբյուրը` © 168.am
2015թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն):
Օրենքով կարգավորվել են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ` հետևյալ հիմնական ուղղություններով.
- ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը,
- հստակեցվել և ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը ևս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում,
- սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը,
- փոխվել և լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը,
- համապարփակ կարգավորվել են աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանների փոփոխման հետ կապված հարաբերությունները,
- ամբողջականացվել է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը,
- սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունը,
- սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը,
- առավել հստակեցվել են գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու հետ կապված կարգավորումները,
- կիրառական տեսանկյունից առավել պարզեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը,
- միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան` ամբողջական կարգավորման են ենթարկվել մինչև տասնչորս տարեկան երեխաների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները,
- վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու հնարավորությունը,
- հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվել է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքում,
- աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է միայն աշխատողի պահանջով,
- կատարվել են նաև խմբագրական և հստակեցման բնույթի, տարընթերցումները բացառող այլ փոփոխություններ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Աղբյուրը` © 168.am
Տեսչական ստուգումները կես տարով կդադարեցվեն
Աղբյուր` Fintax.am
Տնտեսվարող սուբյեկտներում տեսչական ստուգումները կես տարով կդադարեցվեն, կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, պետք է ականջալուր լինել տնտեսվարողների դժգոհություններին` կապված պետական մարմինների իրականացրած անհարկի ստուգումների հետ, որոնք խոչընդոտում են ընկերությունների գործունեության բնականոն ընթացքը:
“Ստեղծված իրավիճակում պետք է արվի ամեն ինչ` անհարկի միջամտությունները բացառելու և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար”,- նշել է վարչապետը:
Այս նպատակով Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ և ստուգումները դադարեցնել մինչև 2015 թվականի վերջը:
ACCA DipIFR որակավորման քննության նախապատրաստական դասընթաց

PwC-ի ակադեմիան հրավիրում է մասնակցելու 2015թ. հունիսին Երևանում անցկացվելիք ACCA DipIFR որակավորման քննության նախապատրաստական դասընթացին:
Հաշվապահություն սկսնակների համար

PricewaterhouseCoopers ըկերության հայաստանյան ակադեմիան կազմակերպում է դասընթացներ սկսնակ հաշվապահների համար:
“Հաշվապահություն սկսնակների համար” դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել իրենց կարիերան հաշվապահության, հաշվետարության ոլորտում: Դասընթացի մասնակիցները կծանոթանան հաշվապահական հաշվառման, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանի և ՀՀ հարկային օրենսդրության հիմնահարցերին:
Դասընթացները կսկսեն ս/թ մարտի 30-ին: Գրանցվեք մինչև 2015 թ. մարտի 1-ը և ստացեք 10% զեղչ: Դասընթացներին գրանցվելու վերջնաժամկետն է ս/թ մարտի 20-ը: Մարնրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 59-21-59 կամ 59-21-61:
Շրջանառության հարկի “փոխզիջումային” տարբերակը
Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած “Շրջանառության հարկի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” օրինագիծը` ձայների 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Համաձայն այս օրինագծի, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կնախընտրեն աշխատել փաստաթղթաշրջանառությամբ, կվճարեն 1,5% շրջանառության հարկ, իսկ փաստաթղթաշրջանառությունից հրաժարվողները՝ 5%: Այսինքն` օրենքի փոփոխված տարբերակը տնտեսվարողին ընտրության հնարավորություն կտա:
Օրենքի փոփոխությունը նախատեսում է նաև շրջանառության հարկի առավելագույն շեմը բարձրացնել մինչև 113,4 մլն դրամ` 58,35 մլն դրամի փոխարեն: Շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն գերազանցող մասը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կողմ է քվեարկել օրինագծին` այն անվանելով “կոնսենսուսային”: Նրա կարծիքով, մատակարարումների չփաստաթղթավորված մասը ընդհանուր շրջանառության մեջ մեծ չի լինի, և 1-1,5 տարվա ընթացքում փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերը կլուծվեն: Հրանտ Բագրատյանը ևս կողմ է քվեարկել օրենքի փոփոխությանը, նշելով. “Այո, 5 տոկոս կդառնա, թե 6, պետք է հասկանան, որ եթե դնում ենք 3 տոկոս, երկու այդքան էլ հարկային տեսուչներն են վերցնում”: Նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ և “Ժառանգություն” խմբակցությունների պատգամավորները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զոհրաբյանի խոսքով` իրենք չեն կարող կողմ քվեարկել մի նախագծի, որը ՓՄՁ-ների որոշ հատվածի համար հարկային դրույքաչափի բարձրացում է նախատեսում, իսկ ՕԵԿ խմբակցությունը քվեարկության ժամանակ մնացել է ձեռնպահ:
Հիշեցնենք նաև, որ “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգվել է մինչև այս տարվա հուլիսի 1-ը:
Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.
Փոփոխություններ “Շրջանառության հարկի մասին” օրենքում
Աղբյուր` yerkir.am
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել “Շրջանառության հարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Այսպես, “Շրջանառության հարկի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ.
“Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:”:
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2015 թվականի փետրվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
Մանրամասները` yerkir.am կայքում:
Կառավարությունը հաստատեց. Մինչև փետրվարի մեկը ՓՄՁ ներկայացուցիչները հաշիվ ապրանքագրեր չեն ներկայացնի հարկային մարմիններին
Աղբյուր` lragir.am:
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Շրջանառության հարկի մասին օրենքում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ՝ մինչև փետրվարի մեկը ՓՄՁ ներկայացուցիչները հաշիվ ապրանքագրեր չեն ներկայացնի հարկային մարմիններին:
Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը կառավարության նիստում ասաց, որ քննարկումների արդյունքում պարզվեց, որ փաստաթղթավորման իրացման հետ կապված տեխնիկական խնդիրներ կան: «Մեր տնտեսվարողների մոտ բավական հմտություններ չկային այս պահանջը կատարելու, ժամկետը սուղ էր, խնդիրը լուծում էր պահանջում: Այն ձևանմուշը, որը պետք է տնտեսվարղները ներկայացնեին հարկային մարմնին, դժգոհությունների տեղիք տվեց: Վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունն աշխատանքներ է տանում, որպեսզի այդ ձևանմուշը պարզեցվի»,- ասաց Արմեն Ալավերդյանը: Մանրամասն
Գույքագրման պահանջը կերկարաձգվի մինչեւ 2015թ. փետրվարի 1-ը
Աղբյուր` yerkir.am:
ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են և օրենքում առկա ապրանքային մնացորդի գույքագրման կարգավորումները ժամանակային առումով համարվել են խնդրահարույց, մասնավորապես.
1. տնտեսվարողների մոտ առկա բազմաթիվ անուն ապրանքների պարագայում՝ գույքագրման ձևանմուշում լրացման համար պարտադիր մեծ ծավալի տեղեկատվության տրամադրումը,
2. տնտեսվարողների հիմնական մասի մոտ նման ընդգրկուն ձևանմուշների լրացման հմտությունների պակասը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը հանձնարարեց ֆինանսների նախարարին`
ա. Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով 3-օրյա ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, համաձայն որի գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:
բ. Քսանօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ գույքագրման ձևանմուշը հնարավորինս պարզեցնելու, տնտեսվարողների շրջանում գույքագրման գործընթացի պատշաճ կազմակերմանն ուղղված անհրաժեշտ ուսուցողական դասընթացների անցկացման և այլ անհրաժեշտ վարչարարական քայլերի վերաբերյալ:
Մանրամասները` yerkir.am կայքում:
