24/10/2026

Իրինա.

Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության աշխատակիցը ստանում է ամսական 51 000 դրամ աշխատավարձ – 12 444 դրամ, եկամտային հարկ = 38556 դրամ:

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը դառնալու է 45 000 դրամ: Արդյո՞ք ես պետք է բարձրացնեմ տվյալ աշխատողի աշխատավարձը, թե՞ նվազագույն աշխատավարձ ասելով` խոսքը վերաբերվում է ԱՎՈՒՄ-ին, այսինքն աշխատավարձ նախքան պահումները:

Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Karine

Ողջույն:
Ծանուցագիրը ունի հետևյալ բովանդակությունը.
Ես,—տնօրեն—ս, տեղեկացնում եմ Ձեզ`—ին, որ մինչև 2013թ. հունիսի 30-ը Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ 2013թ. հունիսի 30-ից պայմանագիրը համարում եմ լուծարված, համաձայն ՀՀ ԱՕ 109 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի:

Հարցս հետևյալն է` արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը: Կանխավ շնորհակալություն:

Զավեն.

Լսել եմ, որ նոր օրինագիծ կա՝ կապված ծննդաբերած մայրերին տրվող ամսական նպաստի հետ: Մասնավորապես՝ անցյալում, երբ ապագա մայրիկը գրանցված աշխատող էր և գնում էր ֆիզ. արձակուրդ, ապա նա ամսական նպաստ էր ստանում պետությունից, իսկ եթե գրանցված աշխատող չէր կամ չէր աշխատում, ապա չէր ստանում: Իսկ այժմ անկախ այն բանից, թե ապագա մայրը աշխատում է կամ չի աշխատում, ծննդաբերությունից հետո ստանալու է ամսական նպաստ: Խնդրում եմ, պատասխանեք՝ նման օրինագիծ կա՞, թե՞ ոչ, և եթե կա, ապա ավելի մանրամասն տեղեկություն տվեք այդ օրինագծի հետ կապված: Շնորհակալություն:

anna.

Բարև Ձեզ:
Եթե կազմակեպությունը ունի ընդամենը 2 աշխատող` տնօրեն և վաճառող, արդյո՞ք տվյալ կազմակերպության համար գանձապահ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:

Մարինե.

Ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ, ե՞րբ է սկսվում և ավարտվում այն: Խնդրում եմ օգնել հաշվարկել 90 000 դրամ ստացող և հերթափոխով աշխատող երեք աշխատակիցների ամսական աշխատավարձը:

Աննա Մուրադյան.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ՝ կապված հղիության և ֆիզ. արձակուրդի հետ: Հարցս հետևյալն է. տվյալ պահին աշխատում եմ և 3 ամսական հղի եմ: Ուզում եմ աշխատաքիս վայրը փոխել, քանի որ աշխատանքային ժամերը և բնույթը առողջությանս վրա բացասական են ազդում: Կա՞ նման օրենք, որը արգելում է գործատուին ինձ աշխատանքի ընդունել` պատճառաբանելով, որ ես հղի եմ: Եթե ոչ, ապա գործատուն կարո՞ղ է խնդիրներ ունենա` ընդունելով ինձ աշխատանքի հղիության այդ ժամկետում: Ի նկատի ունեմ, խնդիրներ հարկային մարմինների հետ: Չէ՞ որ դեկրետի վճարման հարց է ի հայտ գալու մի քանի ամսից: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Արեգ.

Բարև: Ես պատվերներ եմ կատարում օնլայն խանութներից: Հիմա ցանկանում եմ պատվիրել 600 դոլարի ֆոտոկամերա: Այն գնալու՞ է մաքսատուն, և եթե գնալու է, ինչքա՞ն պետք է վճարեմ ապրանքի համար:

Anka.

Հարգելի հաշվապահներ, արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի, թե՞ ոչ: Հարկայինի թեժ գծով ասել են, որ պետք է վճարի:

Գոռ.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ես ֆիզանձի տվյալներով գործարկել եմ տեղեկատվական վեբկայք: Հետագայում այցելությունների շնորհիվ վճարովի գովազդներ տեղադրելու դեպքում ես կամ գովազդատուները (ֆիզ. անձ, ԱՁ, իրավաբանական անձ) ի՞նչ հնարավոր խնդիրներ կունենանք:

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել: Կարո՞ղ է ԱՁ-ն կամ առևտրային կազմակերպությունը իր ամբողջ շահույթը օգտագործել բարեգործական նպատակներով: Եթե այո, ապա հարկային ի՞նչ պարտավորություններից է ազատվում: Ավելի մանրամասն որտե՞ղ կարող եմ կարդալ: Կանխավ շնորհակալություն:

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ ապրանքը տալ պարտքով, աշխատում եմ ԱԱՀ-ի դաշտում:
1. ի՞նչ պայմանագիր եմ կնքելու
2. եթե ապրանքը չվաճառվի, ետ վերադարձնելու խնդիր առաջանա, ինչպե՞ս է կատարվելու այդ ամենը

Հակոբ.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք.
1. վարսավիրական կազմակերպությունը սպը է, 2012թ.աշխատել է արտոնագրային վճարով, 2012թ տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ չի ներկայացվել, նման դեպքում վարչական իրավախախտման տուգանք հասնու՞մ է, թե՞ ոչ

2. հաստատագրված վճարողը տարեվերջին տարեկան շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնելու՞ է, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

Գոհար.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հագուստի վաճառքով զբաղվել և Ա/Ձ գրանցել մեկ աշխատողով: Կուզեի իմանալ` ինչպե՞ս գրանցել, և տարածքի վարձակալության ու հարկայինի ի՞նչ փաստաթղթեր են պետք: Կանխավ շնորհակալություն:

Արման.

Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք դադարեցում տված ԱՁ-ն ազատվում է 5 000 դրամ եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Լսել եմ, որ ինչ-որ փոփոխություն է կատարվել այս հարցի հետ կապված:

Լուսինե.

Շատ եմ խնդրում ուղղորդեք, արդեն խճճվեցի օրենքները կարդալիս: Ես նորաբաց ՍՊԸ-ի տնօրեն եմ: ՍՊԸ-ն բացվել է մի քանի օրում, քանի որ գործընկերս պետք է մեկներ: Բացելուց հետո արագ հայտարարություն եմ տվել հարկայինում, որ դեռ չի գործում, որպեսզի հարկեր չտամ: Ուզում եմ հասկանալ` ինչ հաջորդականությամբ պետք է անեմ քայլերս (ՍՊԸ-ն միայն մատուցելու է ծառայություններ ինտերնետային կայքով): Արդյո՞ք մենք պարտավոր ենք ունենալ ՀԴՄ, կարո՞ղ եմ արդյոք հաշվապահի հաստիք չպահել, այլ դիմել որևէ մեկի վճարովի ծառայությանը: Անսահման ուրախ կլինեի, եթե որևէ մեկը գրեր` որը որից հետո անեմ, որպեսզի խնդիր չառաջանա` մինչև սկսենք գործել: Կանխավ շնորհակալ եմ:

Շուշանիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք. ես Ա/Ձ եմ, մայիսի 12-ից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: Ես երեխայի խնամքի նպաստը՝ ամսական 18 000 դրամը կստանա՞մ, թե՞ ոչ, և այդ ընթացքում ամսական 5 000 դրամը պե՞տք է մուծեմ:

Անի.

Հարգելի գործընկերներ, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ նվազագույն աշխատավարձի չափը հուլիսի 1-ից կլինի 45000 ՀՀ դրամ: Արդյո՞ք դա նաև վերաբերվում է կես դրույք աշխատողներին: Կանխավ շնորհակալություն:

Արտաշ.

Բարև ձեզ:

Իմ հարցը հետևյալն է՝ կարո՞ղ է արդյոք ընկերությունը փոխառություն տրամադրել իր աշխատակիցներին տոկոսով, ինչպես տրամադրում են, օրինակ, բանկերը, թե՞ օրենքով ինչ-որ տեղ ֆիքսված է, որ պետք է բանկ կամ վարկային կազմակերպություն լինել նման գործունեությամբ զբաղվելու համար, կամ նման գործունեությունը լիցենզավորման ենթակա է:

Շնորհակալություն:

Էլեն.

Հարգելի կադրային բաժնի մասնագետներ, խնդրում եմ ասեք` աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից քանի՞ օր շուտ պետք է կնքել պայմանգրի ժամկետը երկարացնելու համաձայնագիրը և հրամանը: Կանխավ շնորակալություն:

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, եթե գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր մայիսի 29-ին, արդյո՞ք մայիս ամսվա համար պետք է վճարեմ 5000 դրամ եկամտային հարկ: Կանխավ շնորհակալություն:

Աղասի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ օգնեք հետևյալ հարցի լուծմանը.
Կազմակերպությունը ըստ պայմանագրի ունի պարտավորություն ներկրելու ինչ որ մի տիպի ապրանք, սակայն Ձեռք է բերել և ներկրել է այդ ապրանքը ոչ ամբողջական տեսքի, այլ միայն դետալները` հետագայում ապրանքը պատվիրատուին ամբողջական տեսքով հանձնելու նպատակով:

Ելնելով վերը նշվածից` կազմակերպությունն իրավունք ունի՞ քաղաքացիաիրավական պայմանագրով ընդունել աշխատանքի աշխատող` որպես ծառայություն մատուցող, նշված դետալները միացնելու շնորհիվ պահանջվող ապրանքատեսակը ստանալու և պատվիրատուին հանձնելու նպատակով: Միաժամանակ խնդրում եմ Ձեզ տրամատրեք ինձ քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:

Սամվել.

Բարև ձեզ, 25,05,2013-ին ես մի ծանուցում ստացա, որը պարունակում էր հետևյալը՝

Հիշեցում-ծանուցում

Կամերալ ուսումնասիրության արձանագրություն
դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքների
2013 թ. 1 եռամսյակի արդյունքներով հարկ վճարողների ներկայացրած` դուրս գրված և ստացված հարկային հաշիվների
վերաբերյալ տեղեկությունների համադրման արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, որոնք
վերաբերվում են Ձեզ (Ձեր կազմակերպությանը): Անհամապատասխանությունների առաջացման պատճառ կարող են լինել Ձեր
կամ այլ անձանց գործողությունները: Անհամապատասխանությունների պատճառները պարզելու համար տեղեկությունների
համադրման արդյունքները ուղարկվում են համապատասխան հարկային հաշվի հետ կապ ունեցող բոլոր անձանց:
Անհրաժեշտության դեպքում կարող եք կատարել ճշգրտումներ կամ ներկայացնել բացատրություններ:
Աղյուսակ 6. Ձեր կողմից դուրս գրված և ստացված հարկային հաշիվների վերաբերյալ 2013 թ. 1 եռամսյակի համար
ներկայացված տեղեկանքի (տեղեկանքների) 6-րդ և 7-րդ սյունակներում նշված` տվյալ ժամանակաշրջանին
վերաբերվող թվերի հանրագումարը (հանրագումարները) գերազանցում է տվյալ ժամանակաշրջանի համար
ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկի (հաշվարկների) 11-րդ և (կամ) 16-րդ տողերում նշված թվից (թվերից):
Տեղեկանքում և ԱԱՀ-ի հաշվարկում նշված են.

Ու ինչ-որ դատարկ աղուսյակ: Ասեմ, որ ես շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ առևտրով և ոչ մի կապ չունեմ ԱԱՀ-ի հետ:
Ինչ-որ մեկը գիտի՞, թե սա ինչ ծանուցում է, և ինչ ես պետք է անեմ: