01/11/2026

Accountant.am

202

Գարիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:

Եթե ընկերության սեփականատերը ստացել է ասենք 2 միլիոն դրամի չափով շահաբաժին, արդյո՞ք նա որպես ֆիզիկական անձ պետք է հաշվետվություն ներկայացնի: Ու եթե այո, քանի որ շահաբաժինը չի հարկվում, պե՞տք է վճարվող հարկի դիմաց լրացվի զրո: Շնորհակալություն:

Կարապետ.

Խնդրում եմ պատասխանեք:

1. Կազմակերպությունը գնել է անշարժ գույք, և նրանց կողմից տրվել է ելքի օրդեր` առանց հերթական համարի նշման, առանց տնօրենի ստորագրության և կնիքի, առանց գանձապահի ստորագրության (առկա է միայն հաշվապահի ստորագրությունը): Դա արդյոք կարո՞ղ է համարվել, որ կազմակերպությունը գնել է անշարժ գույք և գործարքը օրինական է:

2. Արդյո՞ք կազմակերպությունը` ՍՊԸ-ն կարող է նույն օրվա ընթացքում դուրս գրել 20.0 մլն դրամից ավել գումար և նույն օրը այն մուտքագրել դրամարկղ` առանց բանկային փոխանցումի:

astxik.

Հարգելիներս,
ինձ հարկավոր է տոկոսադրույքով աշխատող աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի տիպային ձև, եթե կարելի է` կարևոր մասերը լրացված: Խնդրում եմ ուղարկել էլ. հասցե s.arpik շնիկ mail.ru Նախապես շնորհակալ եմ:

Աննա.

Բարև Ձեզ:
Շատ շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք այս հարցիս.
Ժամանակից շուտ ծննդաբերության պատճառով (հինգերորդ ամսին) աշխատանքի վայր եմ ներկայացրել ծննդաբերության մասին տեղեկանքը հիվանդանոցից, որտեղ նշած էր ինձ հասանելիք 70 օր արձակուրդը: Կուզենայի իմանալ` այդ օրերի դիմաց հասնու՞մ է ինձ գումար, թե՞ ոչ, ինչպես նաև` եթե ուզենամ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի, արդյո՞ք հրաման կտրվի, և ես կկարողանամ ստանալ ամսական աշխատավարձը:
Նախապես շնորհակալ եմ:

201

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք.
Կազմակերպության կողմից մարվել է ապրանքի գնման համար առաջացած կրեդիտորական պարտքը: Հետագայում պարզվել է, որ կատարվել է ավել վճարում, և այդ գումարը պետք է ետ ընդունվի: Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարվի.
5212- 2511-100000
2511-????- 30000

Նինա.

Բարև ձեզ, ես աշխատում եմ արդեն 3 տարի, հղիության 12-րդ շաբաթում եմ, սակայն կազմակեպությունը 1 կամ 2 ամսից կլուծարվի, փաստորեն ֆիզ. արձակուրդ չեմ հասցնի գնալ, խնդրում եմ` կարո՞ղ եք ասել, արդյո՞ք ոչինչ անել հնարավոր չէ որևէ գումար ստանալու համար, կամ ավելի շուտ որևէ ձևակերպուոմ անել: Կանխավ շնորհակալություն:

Emily.

Խնդրում եմ օգնեք: ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում ՀԴՄ-ում երևում է, որ գործարքի մի մասը անկանխիկ է: Հարցս հետևյալն է` եթե ՀԴՄ-ի Z հաշվետվության մեջ 50 000 է երևում, որից 20 000 տերմինալով գործարք է, ապա ինչպե՞ս կազմեմ ԴՄՕ-ն` 50 000, թե՞ 30 000, իմ կարծիքով` 30000-2511, քանի որ փաստացի այդքան է կանխիկը, 20 000 դե բնականաբար ձևակերպելու եմ բանկով` 25211:

Սոնա.

Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում 25.02.2014թ, սակայն դեռ չի ներկայացել հարկային: Եթե Ա/Ձ-ն չի պատրաստվում գործունեություն իրականցնել, արդյո՞ք պետք է ներկայանա հարկային և ստանա ՀՎՀՀ, և արդյո՞ք պետք է որևէ վճարում անի և հաշվետվություն ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:

Դիանա.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ասել` ՍՊԸ-ն դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել դադարեցման շրջանում, խնդրում եմ նշել օրենքի կետ: Եվ կա՞ արդյոք օրենք, որ այսքան տարի դադարեցման մեջ գտնվող ՍՊԸ-ները ավտոմատ լուծարվում են: Շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում է ազատվել աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք կարելի է լուծել աշխատանքային պայմանագիրը ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն` աշխատակցի դիմումի հիման վրա:

Վահե.

Բարև ձեզ:
Ցանկանում եմ բացել ԱՁ, որը զբաղվելու է մաքրման ծառայությունների մատուցմամբ: Կխնդրեմ ասել, թե որ հարկատեսակով ավելի արդյունավետ կլինի գործունեություն իրականացնել, ինչպիսի՞ պարտադիր վճարումներ պետք է կատարել, և պարտադի՞ր է լինելու արդյոք ՀԴՄ-ի կիրառումը:
Շնորհակալություն:

Սմբատ Աբովյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեիք բեռնել աշխատավարձի հաշվարկման ցուցակի օրինակելի ձև: Ի՞նչ պարտադիր դաշտեր պետք է պարունակի, և այլ լրացուցիչ, սակայն հաշվարկման համար անհրաժեշտ դաշտեր: Արդյո՞ք խախտում կդիտվի այդ դեպքում սյունակների ավելացումը, օրինակ՝ դրույքաչափ, գիշերավարձ, արտաժամյա աշխատանքի համար հավելավճար, ստաժի հավելավճար, բարձր լեռնային, արձակուրդային, հերթապահության, տոնական և հանգստյան օրերի, պարգևատրում, ԺԱԹ-հիվանդության նպաստ, Ֆիզ. նպաստ, օգնություն: Դա ամենը հաշվեցուցակի ձախ կողմում:

Իսկ աջ՝ եկամտային հարկ, անդամավճարներ, օրինակ` արհմիության, դատավորների միության, բռնագանձման ենթակա դատարանի վճռով: Դա լուրջ հարց է, շատ տեղերում տարբեր մոտեցում է, և օգտագործվում են տարբեր ձևեր:

Շնորհակալ կլինեմ:

Սմբատ Աբովյան՝ smbat_sun շնիկ mail.ru

225

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:

Սուսաննա.

Բարև Ձեզ, ես աշխատում եմ որպես գործավար, իսկ կադրերի բաժնի աշխատակցի ազատումից հետո նաև համատեղությամբ կադրերի բաժնի տեսուչ միևնույն հիմնարկությունում: Ներքին հրամանով գործավարի հիմնական աշխատավարձի հետ ստանալու եմ նաև հավելավճար ԿԲ տեսուչի աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Հարցս հետևյալն է.
1. արդյո՞ք կարիք կա կնքելու համատեղությամբ աշխատանքային պայմանագիր (երկրորդը) միևնույն հիմնարկությունում երկու գործ համատեղելու պայմանով, եթե ոչ, ապա օրինական ձևակերպման կարգը ինչպիսի՞ն է
2. կա՞ որևէ սահմանապակում համատեղության դեպքում աշխատավարձի չափի հետ կապված: Կարելի՞ է արդյոք երկրորդ աշխատանքի համար վճարել ոչ թե 50 տոկոս, այլ 90 տոկոս:
3. այս դեպքում օրենքով թույլատրվու՞մ է ութժամյա աշխատաժամանակում համատեղել միևնույն ձեռնարկությունում մեկ անձի կողմից երկու աշխատանքների կատարումը
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով` Սուսաննա:

anna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ տալ հետևյալ գործառնության հաշվապահական ձևակերպումը` աշխատավարձից կատարված հատկացումները (5%) կուտակային կենսաթոշակային հիմնադրամին:
527.1- ? – X (5%)
? – 252.1 – X (5%)
Կանխավ շնորհակալություն:

222

Վարդգես.

Հարգելի կոլեգաներ, ողջույն:
Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը 2013թ. աշխատել է բացառապես շրջանառության հարկով: Կարո՞ղ եք օգնել` ինչպիսի՞ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնեմ: Նախապես շնորհակալություն:

Արմինե.

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել` կա՞ արդյոք նվազագույն ժամկետ ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ աշխատած ամիսների համար: Կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ աշխատանքի ընդունվելուց 10 ամիս հետո: Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս հաշվարկել աշխատողի հունվար ամսվա աշխատավարձը, եթե նախորդ 12 ամիսների միջինը կազմել է 145 000 դրամ, տաբելում ներկա է 12 օր, 7 օրվա համար ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Դպրոցը աշխատում է վեցօրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:

Լիանա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու:
Նախապես շնորհակալ եմ:

Մարիանա.

Բարև Ձեզ:
1. Աշխատողը տվյալ ամսվա 1-ից ազատվում է աշխատանքից: Հարց` հրամանի մեջ գրվում է սույն ամսվա 1-ից, թե՞ նախորդող ամսվա 31-ից:
2. Արդյո՞ք աշխատանքային գրքույկը առաջին անգամ լրացնելուց նշվում է, որ աշխատակիցը ստաժ չի ունեցել, թե՞ ոչ: Եվ արդինատուրան կամ մասնագիտական ուսման տարիները ստաժ համարվու՞մ են, թե՞ ոչ:
Շնորհակալություն: