22/10/2026

հարկեր և տուրքեր

Էլյա․

Բարև ձեզ։
Պանրի արտադրության փոքրիկ ձեռնարկություն ունեինք՝ գրանցված որպես ՍՊԸ: Ժամանակավոր դադարեցրել էինք գործունեությունը: Հիմա ուզում ենք վերսկսել: Աշխատելու ենք խանութների և սուպերմարկետների հետ: Ես ու ամուսինս ենք աշխատելու, նաև ուզում ենք ունենալ մեկ աշխատակից: Կասե՞ք՝ որքան պետք է վճարենք որպես ՍՊԸ գործունեությունը վերսկսելու համար: Արդյո՞ք պետք է ձեռք բերենք ՀԴՄ սարք: Հնարավո՞ր է գրանցվենք որպես միկրոձեռնարկատեր: Ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ վճարներ և որքա՞ն:
Կանխավ շատ շնորհակալություն։

Վաչե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք բժշկական դիմակների, բժշկական միանգամյա հագուստի արտադրության ձևակերպման հարցում: ԱՁ՞, թե՞ ՍՊԸ, եթե ունենալու է 3 աշխատող, և ի՞նչ հարկատեսակով ու չափով է հարկվելու նման ձեռնարկությունը: Ինչպես նաև, եթե առկա է օրենքով սահմանված լիցենզավորում նման գործունեության համար, խնդրում եմ, մանրամասնեք: Շնորհակալ եմ:

Նելլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, խորհուրդ տվեք։
Բժշկական ծառայություններ մատուցող նոր գրանցված ՍՊԸ-ն հարկման ո՞ր դաշտով է առավել նպատակահարմար որ աշխատի։

Բժշկական ծառայությունները բնականաբար ԱԱՀ-ից ազատված են։
Տարեկան շրջանառությունը, կարծում եմ, 40 միլիոն դրամը չի գերազանցի։
Շնորհակալություն։

Տիգրան.

Ա/Ձ-ն զբաղվում է կանոնավոր ուղևորափոխադրումներով, հարկվել է արտոնագրային հարկով 01.01.2018թ.-ից, ունի լիցենզիա: Հաշվապահը 2018թ.-ից 5 ամսվա արտոնագրային հարկ չի մուծել և 2018թ.-ի տարեկանը չի հանձնել ու 2019թ.-ին և 2020թ.-ին ոչ մի հարկ չի մուծել: Հիմա ձևավորվել է պարտք, որում ներառված չի սոց.-ը 2 տարվա, ու հիմա Ա/Ձ-ի կարգավիճակը ցույց է տալիս գործող և ԱԱՀ վճարող:

Հիմա Ա/Ձ ն պարզել է, որ հաշվապահը չի մուծել, ցանկանում է պարտավորությունները մարել, 2018թ. հասկանալի է՝ տարեկան հաշվետվություն և 5 ամսվա արտոնագրային հարկ, իսկ 2019թ.-ի ԱԱՀ հարկը ինչպե՞ս են հաշվելու։

Վարուժ.

Բարև ձեզ: Ցանկանում եմ ԱՁ բացել, իրականացնելու եմ ներմուծում ԱՄՆ-ից և վաճառելու եմ: Կխնդրեմ նշեք՝ ի՞նչ հարկեր պիտի վճարեմ և հաշվետվություններ ներկայացնեմ: Եթե հնարավոր է, մանրամասն չափերով ասեք: Շնորհակալ եմ:

Սոնա Մանուկյան.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ-ի համար սննդի կիսաֆաբրիկատների արտադրության ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Նշեք տրամադրող մարմնին ու պետ. տուրքի չափը։
Կանխավ շնորհակալ եմ:

Անի.

Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որո՞նք են դրույքաչափերը: Կանխավ շնորհակալություն։

Գայանե.

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն, որը գործունեություն է ծավալում ստեղծագործական ոլորտում, մրցույթ-փառատոն է իրականացրել։ Երեխաները մասնակցության գումար են վճարել։ Ճի՞շտ գիտեմ, որ այդ գումարից պետք է 10 % եկամտային հարկ վճարվի։ Իսկ կա՞ն արդյոք նվազեցումներ և որո՞նք են, և խնդրում եմ, ասեք հաշվետվության համարը։ Կանխավ շնորհակալ եմ:

Արամ.

Ցանկանում եմ on-line վաճառքով զբաղվել, հնարավոր է ապրանքների մի մասը Հայաստանից գնեմ, մյուս մասը ներմուծեմ: Ուզում եմ ԱՁ բացել:
1. Ինչպե՞ս է ընթացակարգը։
2. Ո՞ր հարկատեսակով է հարկվելու։
3. Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։

Շնորհակալություն։

Աստղիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում:

Վարդուհի.

Բարև ձեզ: Կհուշե՞ք ինձ՝ արդյո՞ք Ա/Ձ-ն, որի գործունեության տեսակը՝ F43.31.0, գրանցվել է 21.05.2020թ., կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրական գործունեություն իրականացնող:

Աստղիկ.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խորհրդով օգնել․ միկրոձեռնարկատիրականով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել ֆիզ․ անձի հետ, որպեսզի վերջինս որոշակի ծառայություններ մատուցի, և այդ դեպքում ի՞նչ հաշվարկներ է ներկայացնում կազմակերպությունը, և ի՞նչ հարկատեսակով ու դրույքաչափով է հարկվում գործարքը։

Գայանե.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունը Գերմանիայից դրամաշնորհային ծրագիր է շահել՝ մոտ 1.5 միլիոնի, արդյո՞ք այն պետք է հարկվի: Եվ 2-րդ հարցս. գնումները մրցույթո՞վ է պետք իրականացնել, թե՞ առանց մրցույթի:

Սոնա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզ. անձը պետ. ռեգիստրում գրանցված չէ, կարո՞ղ է ծառայություն մատուցել պայմանագրով, և եթե այո, որքա՞ն է կազմում հարկը:
Կանխավ շնորհակալ եմ:

Արման.

Հարգելի հաշվապահներ:

Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.

  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

Հայկ.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Կխնդրեմ՝ օգնեք.
Հարց 1. Աշխատակցի համար հաշվարկել եմ մայրության նպաստ, որը կազմում է 210 173 դրամ: Այս գումարից պահվում է միայն 23 % եկամտային հա՞րկ, եթե նույնիսկ աշխատողը սոց. վճարող է:
Հարց 2. Համաձայն օրենքի վճարման ենթակա գումարը ե՞րբ պետք է փոխանցվի աշխատողին, եթե անաշխատունակության սկիզբն է 19.05.2020թ.:
Հարց 3. Միայն եկամտային հարկի հաշվարկու՞մ պետք է լրացնել անաշխատունակության ժամկետները, թե՞ նաև գրանցման հայտում:

Անի.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ձեռագործ խաղալիքների խանութ բացել, ինչպես նաև նույն տեղում դերձակի ծառայություններ մատուցել։ Խնդրում եմ, կասե՞ք, թե ինչպես առավել նպատակահարմար կլինի գրանցվել, և մոտավոր ամսական ինչքա՞ն հարկային վճարումներ պետք է անեմ։ Կանխավ շնորհակալություն։

Արայիկ.

Հարգելի կոլեգաներ, հարց եկամտային հարկից, Հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 9-րդ և 13-րդ մասերի վերաբերյալ: Ինչի՞ն է վերաբերում 9-րդ մասը, և 13-րդ մասի երկրորդ պարբերությամբ 55-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նշված հաշվարկային փաստաթղթերից տարբերվող ի՞նչ փաստաթուղթ կարող է լինել:

Իրինա.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բանջարեղենի փոքր խանութ բացել, վարձակալությամբ։ Գիտեմ, որ պետք է ԱՁ ունենամ։ Խնդրում եմ, ասեք՝ էլ ի՞նչ թղթեր են պետք, և աշխատելու ընթացքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Ինձ հետ ունենալու եմ մեկ աշխատող։

Արայիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:

Անահիտ.

Բարև ձեզ։
Եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը ստանում է դրամաշնորհ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով, ապա ստացված գումարի համար որևէ ձևով հարկվու՞մ է։

Գևորգ.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք։

Ես 34 տարեկան եմ, ծրագրավորող եմ ու աշխատում եմ արտասահմանյան ֆիրմայի հետ հեռակա։ Գրանցված չեմ ոչ մի տեղ։ Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ (կամ ուրիշ ի՞նչ տարբերակ խորհուրդ կտաք)։

Ուզում եմ իմանալ հնարավոր հարկման տեսակների ու չափերի մասին:

Լուսինե.

Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում:

Արմեն.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել. ընկերությունը արտերկրից ապրանքներ է ներմուծում և հաշիվ ֆակտուրայով ԱԱՀ վճարող է: Եթե ներմուծված ապրանքը վաճառում է կանխիկ, կարո՞ղ եք ասել՝ ԱԱՀ-ի համար ի՞նչ խնդիր կարող է ունենալ կամ շահութահարկի համար: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունեք, գրեք, շատ շնորհակալ կլինեմ:

Տոմա.

Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։