ԱՁ հարկեր

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

ԱՁ հարկեր – ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ հարկման համակարգեր են գործում Հայաստանի Հանրապետությունում։

Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են հարկման երկու հիմնական համակարգեր՝ հատուկ հարկման համակարգերը և ընդհանուր հարկման համակարգը։

Հատուկ հարկման համակարգերը ներառում են միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի համակարգերը։

Հարկման ընդհանուր համակարգում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով և շահութահարկով։

Միկրոձեռնարկատիրություն համարվող ԱՁ

Եթե ԱՁ-ն բավարարում է Հարկային օրենսգրքով սահմանված պայմաններին (տես ՀՕ, հոդված 267), ապա կարող է գործել միկրոձեռնարկատիրության համակարգում։ Այս դեպքում ԱՁ-ն ազատվում է միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից, որոշ բացառություններով (տես ՀՕ, հոդված 269

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար անհրաժեշտ է ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Շրջանառության հարկի դաշտում գործող ԱՁ

Եթե ԱՁ-ն բավարարում է մնացած բոլոր պայմաններին (տես ՀՕ, հոդված 254), ապա կարող է համարվել շրջանառության հարկ վճարող։

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար անհրաժեշտ է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Տարբեր գործունեությունների համար սահմանված են շրջանառության հարկի տարբեր դրույքաչափեր։ Շրջանառության հարկի համակարգը ավելի մանրամասն նկարագրված է այս հղումով…

Շրջանառության հարկ վճարող ԱՁ-ների համար կան նաև ամսական 5 000 դրամ շահութահարկի և 5 000 դրամ սոցիալական վճարի (սոցիալական վճար կատարող լինելու դեպքում) պարտավորություններ։

Հարկման ընդհանուր համակարգում գործող ԱՁ

Հարկման ընդհանուր համակարգում գործող ԱՁ-ի համար առաջանում է հարկվող շահույթի (շատ պարզ ձևակերպմամբ՝ եկամուտ հանած հիմնավորված ծախսեր) նկատմամբ հաշվարկվող 23% շահութահարկ, ինչպես նաև ԱԱՀ, որը հաշվարկվում է հարկման բազային նկատմամբ 20% դրույքաչափով։

Սոցիալական վճար կատարող լինելու դեպքում առաջանում է նաև տարեկան սոցիալական վճարի պարտավորություն 5% դրույքաչափով, որը հաշվարկվում է շահութահարկի հարկման բազայի նկատմամբ։

ԱՁ դրոշմանիշային վճար

2025թ․ համար, անկախ հարկման համակարգից, ԱՁ համար առաջանում է պարտավորություն դրոշմանիշային վճարի գծով, որը ենթակա է վճարման մինչև 2026թ․ ապրիլի 20-ը, հետևյալ դրույքաչափերով․

  • Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ
  • 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 24 000 դրամ
  • 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 48 000 դրամ
  • 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ

2026թ․ համար (որը ենթակա է վճարման մինչև 2027թ․ ապրիլի 20-ը), դրոշմանիշային վճարի դրույքաչափերը կփոխվեն․

  • Մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 12 000 դրամ
  • 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ

Այլ հարկեր և վճարումներ

Վարձու աշխատող / աշխատողներ ունենալու դեպքում ԱՁ որպես հարկային գործակալ աշխատավարձից պահում է և պետական բյուջե է վճարում եկամտային հարկ, սոցիալական վճար և դրոշմանիշային վճար։

Անկախ հարկման համակարգից՝ այն անհատ ձեռնարկատերերը, ովքեր 2025թ-ին ունեցել են 2 400 001 և ավելի համախառն եկամուտ, 2026թ․ հունվարի 1-ից համարվում են ապահովագրավճար վճարողներ։ Ապահովագրավճարի տարեկան դրույքաչափը կազմում է 129 600 դրամ, որը ենթակա է վճարման մինչև 2026թ․ ապրիլի 20-ը (հետաձգվել է մինչև 2026թ․ հուլիսի 20-ը)։

Կախված գործունեության առանձնահատկություններից՝ ԱՁ համար կարող են առաջանալ պարտավորություններ նաև այլ հարկերի, տուրքերի և վճարների գծով։

Այս հոդվածը պատրաստվել է՝ նպատակ ունենալով ընդհանուր պատկերացում կազմել ԱՁ կողմից վճարվող հարկերի վերաբերյալ։ Կարևոր է գործունեություն սկսելուց առաջ խորհրդակցել հաշվապահի հետ։