
Ստացված հաշիվների էլեկտրոնային ստորագրում
Գայանե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խանութը շրջհարկով է գործում, ստացված հարկային հաշիվները մարտ ամսվա ստորագրվել է ապրիլի 1-ին։ 1-ին եռամսյակում կարո՞ղ եմ ներառել մարտ ամսվա ստացված հարկային հաշիվները, թե՞ որ ապրիլի 1-ին եմ ստորագրել, պետք է ներառեմ 2-րդ եռամսյակում։ Շնորհակալություն։

Ինչպիսի՞ հաշիվ դուրս գրել
Վիկա․
Բարև ձեզ։ ԱԱՀ–ով աշխատող կազմակերպությունը կատարել է աշխատանք ՌԴ համար, որն էլ համարվում է աշխատանքների կատարման վայր։ Ըստ ԵԱՏՄ պայմանագրի, աշխատանքի կատարման համար 20/120 տոկոս ԱԱՀ–ն վճարում է ՌԴ–ն՝ պահելով մեզանից հարկի գումարը։ Ինչպիսի՞ հաշիվ պետք է դուրս գրենք՝ 0%։ Իսկ ԱԱՀ–՞ն։ Շնորհակալ եմ։

Արդյո՞ք պարտադիր է հաշիվ դուրս գրելը
Արշալույս․
Բարև ձեզ։ Նոր եմ ԱՁ բացել, ընտրել շրջանառության հարկով հարկման հարկատեսակը։ Ոչ ռեզիդենտ, ՀՀ-ից դուրս գործող կազմակերպությանը մատուցվում է ծառայություն։ Կասե՞ք՝ ինվոյս դուրս գրելը պարտադիր է` ՊԵԿ-ի հետ հետագայում խնդիրներ չունենալու տեսանկյունից, թե՞ ինվոյս ՊԵԿ չի ներկայացվում (ոչ ռեզիդենտ կազմակերպությունը չի պահանջում ինվոյս)։ Եթե պարտադիր է ինվոյս գրելը, կասե՞ք՝ ո՞ր ծրագրով է դա գրվում։ Շնորհակալություն։

Վաճառք Wildberries հարթակում
Մարինե․
Բարև ձեզ։ Ես բացել եմ ԱՁ՝ Wildberries հարթակում վաճառք իրականացնելու համար։ Ապրանքները Չինաստանից միանգամից գնալու են Ռուսաստանի պահեստ, ՀՀ չեն մտնելու։ Նշեմ նաև, որ հաշվապահի մեղքով 20 օրյա ժամկետում չեմ ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը և ԱԱՀ դաշտում եմ շարունակելու գործունեությունս։ Խնդրում եմ նշել՝ արդյոք պե՞տք է հաշիվ դուրս գրեմ, ո՞ր գումարն եմ նշելու և ի՞նչ հաշվետվություններ ունեմ հանձնելու։ Շնորհակալություն։

Ի՞նչ տեսակի հաշիվ դուրս գրել
Նարեկ․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպությունը զբաղվում է սպասարկման ծառայություն մատուցելով, լինում են դեպքեր, երբ բացի սպասարկելը անհրաժեշտ է լինում տեղադրել ինչ-որ դետալներ, շարժիչ և այլն, նման դեպքում նյութերը գնում է այլ կազմակերպությունից և տեղադրում է իր կողմից սպասարկվող կազմակերպությունում, կազմվում է կատարողական ակտ՝ նշելով նյութերի գինը և աշխատանքը։ Հարցս հետևյալն է՝ ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրել. 1. ծառայություների մատուցման հաշիվ՝ նշելով կատարողական ակտի ընդհանուր գումարը, թե՞ առանձին հաշիվներ՝ մեկը ապրանքների մատակարարման, մյուսը՝ աշխատանքի/ծառայությունների մատուցման հաշիվ։

Էլեկտրոնային ՀԴՄ
Տաթև․
Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է հարկավոր էլեկտրոնային ՀԴՄ ձեռք բերելու համար, օնլայն ծաղիկի խանութի համար։

Դրամարկղային գիրքն ուշ է լրացվել
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերության դրամարկղում 04.03.2025 թվականին 350 000 դրամի գումար է մուտքագրվել, բայց էլեկտրոնային դրամարկղում այն լրացվել է 17.03.2025 թվականին։ Օրենքով պետք է էլեկտրոնային դրամարկղում լրացվեր 5 աշխատանքային օրվա ընթացում։ Կասեք՝ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այս խախտման համար։

Էլեկտրոնային դրամարկղային գիրքը չի գրանցվել
Էլինա․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ եթե դրամարկղի գիրքը ունեցել է մնացորդ, բայց չի գրանցվել էլեկտրոնային 2024թ-ի հունվարից, չեն էլ կատարվել կանխիկ գործարքներ։ Ի՞նչ պատասխանատվություն է առաջանում 2025թ-ին գրանցելուց։ ՀՕ 418 հոդվածի համաձայն "3. Դրամարկղային գրքի գրանցման կամ դրամարկղային գրքի վարման սահմանված կարգը խախտելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` 20 հազար դրամի չափով:" Արդյո՞ք դա համարվում է գրանցման կարգի խախտում։ Կանխավ շնորհակալ եմ։

Լիազորի տվյալների վերականգնում
Մարիամ․
Բարև Ձեզ։ Ես ցանկանում եմ ԱՁ-իս հաշվապահին փոխել, և հին հաշվապահը հրաժարվում է նորին տալ լիազորի անուն գաղտնաբառը (Չեմ հասկանում ինչու)։ Ինչպե՞ս կարող եմ ես վերականգնել։

Հիշեցում միկրոձեռնարկատիրության սուբյեկտների համար

Հարգելի գործընկերներ, 2025թ. փետրվարի 1-ը միկրոձեռնարկատիրության սուբյեկտի՝ 2024թ․ իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետն է։ Պետք է հանձնել ձև N 256. “Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ”:
ՀՀ Հարկային օրենսգիրք, Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը․
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ:

Աշխատավարձի և կոմունալ ծախսերի նվազեցումներ շրջանառության հարկից
Վարսենի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Արդյո՞ք 2025թ. 1-ին եռամսյակի շրջանառության հարկի հաշվարկում որպես իրացման ծախսեր հնարավոր է նվազեցնել աշխատողների աշխատավարձը, հոսանքի ու ջրի գումարները, որոնց հաշիվները ստանում ենք էլեկտրոնային եղանակով անկատ ձեռնարկատիրոջ անունով, ՀՎՀՀ-ով դուրս գրված։ Շնորհակալություն։

Գյուղմթերքի ձեռքբերում շուկայից
Անահիտ․
392-Ն որոշմամբ՝ ֆիզ. անձից ձեռքբերման դեպքում պիտի հաշիվ դուրս գրվի, որում պիտի լրացվի ֆիզ. անձի տվյալները։ Եթե կազմակերպությունը գյուղմթերք է ձեռքբերում շուկայից միակողմանի գնման ակտով և ոչ թե կոնկրետ մեկ ֆիզ. անձից, 2025թ.-ի հունվարի 1-ից արդյո՞ք էլեկտրոնային հաշիվ պետք է գրվի, թե՞ թղթային տարբերակով միակողմանի գնման ակտ։

ՍՊԸ գերազանցել է ԱԱՀ շեմը
Արփինե․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն 2011 թվականից համարվել է շրջանառության հարկ վճարող ընկերություն, սակայն 2023 թվականի դեկտեմբերի կեսերին գերազանցել է 115 միլիոն շեմը, հետևաբար ներկայացվել է 262 հայտարարությունը՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնոլու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ։ 2024 թ-ի դեկտեմբերի կեսերին կրկին գերազանցում եղավ, սակայն համակարգը թույլ չի տալիս ուղարկել այդ նույն հայտարարությունը՝ նշելով, որ չենք համարվում շրջանառության հարկ վճարող։ Խնդրում եմ օգնեք հասկանամ՝ ինչու՞մն է խնդիրը, և ինչպե՞ս կարգավորեմ այս հարցը, որ շարունակենք համարվել շրջանառության հարկ վճարող։

Ի՞նչ փաստաթուղթ է դուրս գրվելու գնման ակտի փոխարեն
Գրիգոր․
Բարև Ձեզ։ 2025թ․ հունվար 01-ից հետո գնման ակտով (միակողմանի) ձեռքբերումները շրջ. հարկ վճարողների համար, համաձայն ՀՕ-ի 150 հոդվածի 13-րդ մասի, հարկվում է 20 տոկոսով։ Հարցս այսպիսին է՝ նախկին թղթային գնման ակտի փոխարեն ի՞նչ էլեկտրոնային փաստաթուղթ ենք գրում, որտեղ երևում է ձեռք բերված ապրանքների ցանկը, ձեռք բերման գինը, գումարը։

Չեղարկման ենթակա հաշիվ
Անուշ․
Բարև Ձեզ։ Մի հարց ունեմ՝ մտնում եմ հաշվարկային փաստաթղթեր, ծանուցում է գալիս՝ "Դուք ունեք չեղարկման մեկ հաշիվ"։ Ինչու՞ է այդ ծանուցումը ցույց տալիս, և ինչպե՞ս իմանամ՝ որ հաշիվն է։

Հաշիվների դուրսգրում Wildberries հարթակում վաճառելու դեպքում
Էրիկ․
Հարգելի հաշվապահներ, եթե Wildberries-ը տվյալ օրվա կամ տվյալ շաբաթվա վաճառքների մասով դետալիզացիան տրամադրում է հաջորդ օրը կամ ամեն երկուշաբթի շաբաթականի դեպքում, հաշվի մատակարարման ամսաթիվը ի՞նչ պիտի նշվի՝ դուրս գրման օրվա՞նը, թե՞ վաճառքի օրը (օրականի դեպքում) և շաբաթվա վերջին օրը (շաբաթականի դեպքում)։ Խնդրում եմ նաև նշել օրենքը, որոշումը կամ հիմք հանդիսացող այլ փաստաթղթի համապատասխան հոդվածը, որովհետև հարկային օրենսգրքի հ․ 56 4-րդ մասի և 2017-ի 1257 որոշման մեջ հաշիվների դուրսգրման մասով բացառություններ չեն ընդգրկում։
Շարունակություն․ Եթե հոկտեմբերից ԱՁ-ը վաճառք է կատարում հարթակում, բայց հաշիվներ դուրս չեն գրվել, խնդրում եմ նշել՝ հաշիվները դուրս գրվեն շաբաթակա՞ն վաճառքներով, թե՞ մինչև հիմա արված վաճառքների մասով դուրս գրել մեկ հաշիվ։

Վաճառված ավտոմեքենայի անվճար սպասարկում
Անահիտ․
Բարև։ Խնդրում եմ պատասխանեք․ ընկերությունը վաճառում է ավտոմեքենա։ Հետագայում կատարում ենք ավտոպահեստամասերի սպասարկում անվճար։ Օրենքով նշվում է, որ տվյալ դեպքում անհատույց ապրանքը չի հարկվում, իսկ էլ․ փաստաթուղթ պե՞տք է գրվի, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Էլեկտրոնային դրամարկղային գիրք
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Էլեկտրոնային դրամարկղային գրքի հետ կապված․ հունվարից ՍՊԸ-ն ունեցել է ՀԴՄ-ով գործարքներ, ունի գրանցված էլեկտրոնային դրամարկղային գիրք, սակայն չեն կատարվել որևէ գրանցումներ, այդյո՞ք դա խախտում չէ, և ինչպե՞ս կարող եմ ուղղել և ինչպե՞ս կատարեմ հետագա գրանցումները։ Եվ ես նաև նայել եմ դրամակղային գրքի ամիսը և սեղմել որոնել կոճակը, եթե ոչինչ չկա, դա նշանակու՞մ է, որ ոչ մի գրանցում նախկինում չի եղել։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս հիմնավորել առցանց իրացումը
Իրինա․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է՝ ինտերնետային կայքից վաճառք է իրականացվում ավիատոմսերի, իրավաբական անձանց դեպքում դուրս եմ գրում հաշիվ վավերագիր Բ սերիայի, իսկ ֆիզ․ անձանց դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորեմ իմ իրացումը: Յուրաքանչյուր ֆիզ․ անձի անունով հ/ա դուրս գրելը ինչքանո՞վ է ճիշտ կամ ռացիոնալ։

Wildberries հարթակում վաճառողի հարկեր 2025թ․
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, հունվարի 1-ից շրջհարկի դրույքաչափը 10 տոկոս դառնալու հետ կապված է հարցս։ Վայլդբերիզ հարթակում վաճառող եմ, ապրանքն էլ Չինաստանից գնում եմ, ուղարկում ռուսական պահեստ։ Ոնց հասկանում եմ՝ մի հատ էլ գնման գնից 20 տոկոս եկամտային հարկ պիտի վճարե՞մ։ Իսկ հետո էդ գնման գին + 20 տոկոս եկամտային հարկ ինձ համար նվազեցվող ծախս կդիտարկվի՞։ Գնման ակտին ամենաշատը կարող եմ կցել ֆիզիկական անձով ձեռքբերման էլեկտրոնային գնում ու բանկային քարտի քաղվածք, որը հաստատի իմ գնումը։
Վերջին մեկնաբանություններ