
Շրջանառության հարկ – ի՞նչ է այն իրենից ներկայացնում
Շրջանառության հարկը հարկման հատուկ համակարգ է: Այն փոխարինում է շահութահարկին և ԱԱՀ-ին։ Համարվում է, որ նրա կառուցվածքում շահութահարկի բաժինը կազմում է մոտ 40 %, իսկ ԱԱՀ-ինը՝ 60 %։
Ոչ բոլոր գործունեության տեսակները կարող են աշխատել շրջանառության հարկի համակարգում։ Շրջանառության հարկի կիրառման դեպքում գործում են մի շարք գործունեությունների սահմանափակումներ (ՀՕ 254-րդ հոդված), ինչպես նաև 115 միլիոն դրամ տարեկան շրջանառության շեմ, որը հաճախ անվանում են ԱԱՀ-ի շեմ։ Հարկ է նշել, որ կարևոր սահմանափակումներից է փոխկապակցված լինելը, երբ․
- ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին
- ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը պատկանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 20 տոկոս և ավելի փայաբաժինը
- ֆիզ․ անձինք և կազմակերպությունները կարող են փոխկապակցված համարվել նաև հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ
Ինչպե՞ս համարվել շրջանառության հարկ վճարող
Եթե մնացած բոլոր պայմաններին բավարարում եք, ապա կարող եք համարվել շրջանառության հարկ վճարող՝ ներկայացնելով շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ՊԵԿ-ի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Հայտարարությունը անհրաժեշտ է ներկայացնել․
- պետ․ ռեգիստրում գրանցում ստանալուց հետո մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ, եթե կազմակերպությունը կամ ԱՁ-ն նոր են գրանցվել
- յուրաքանչյուր տարվա համար մինչև այդ տարվա փետրվարի 20-ը ներառյալ՝ գործող կազմակերպության կամ ԱՁ դեպքում
- միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ
- գործունեությունը դադարեցրած ԱՁ կամ կազմակերպության դեպքում՝ մինչև գործունեությունը վերսկսելու օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ
Շրջանառության հարկի դրույքաչափերը
Տարբեր գործունեությունների համար սահմանված են շրջանառության հարկի տարբեր դրույքաչափեր․
- Առևտրական գործունեություն (առք ու վաճառք) – 10% (կատարված ծախսերի 9.5% նվազեցման հնարավորությամբ)
- Երկրորդային հումքի առք ու վաճառք – 5%
- Թերթերի օտարում խմբագրությունների կողմից – 1.5%
- Արտադրական գործունեություն – 7% (կատարված ծախսերի 5% նվազեցման հնարավորությամբ)
- Վարձակալական վճար, տոկոսներ, ռոյալթի – 10%
- Հանրային սննդի ոլորտ – 12% (սահմանված ծախսերի 9% նվազեցման հնարավորությամբ)
- Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտն – 20%
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտ (Կառավարության սահմանած ցանկ) – 1%
- Այլ ակտիվների, ներառյալ անշարժ գույքի օտարում – 10%
- Այլ գործունեություն – 10% (սահմանված ծախսերի 6% նվազեցման հնարավորությամբ)
Շրջանառության հարկից կատարվող նվազեցումների հաշվարկը մանրամասն նկարագրված է Հարկային օրենսգրքի հոդված 258-ում։
Շրջանառության հարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում շրջանառության հարկի հաշվարկ – հաշվետվություններ։ Շրջանառության հարկի վճարման վերջնաժամկետ է համարվում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։
Շրջանառության հարկ 2026
Հոդվածը հրապարակելու պահի դրությամբ շրջանառության հարկի համակարգը կարգավորող դրույթներում 2026թ․ համար փոփոխություններ նախատեսված չեն։
Այս հոդվածը պատրաստվել է՝ նպատակ ունենալով ընդհանուր պատկերացում կազմել շրջանառության հարկի վերաբերյալ։ Կարևոր է գործունեություն սկսելուց առաջ խորհրդակցել հաշվապահի հետ։


