ՀՄ վրա կատարած ծախսեր

Մելանյա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Հիմնական միջոցների վրա կատարված ո՞ր ծախսերն են համարվում ընթացիկ, որը` կապիտալ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ՀՄ վրա կատարած ծախսեր

  1. Հարգելի Մելանյա, Ձեր հարցի պատասխանը կարող կգտնեք “Շահութահարկի հաշվարկի մասին հրահանգում”;
    “5.3. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հիմնական միջոցի վրա կատարված ծախսերի գծով հետևյալ սկզբունքով.
    ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով, իսկ վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
    բ) հիմնական միջոցի (այդ թվում` վարձակալված) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված ռեզիդենտների համար.
    գ) հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են տվյալ ամսվա 1-ի դրությամբ այդ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին (մնացորդային արժեքին` հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքի և ամորտիզացիոն մասհանումների տարբերություն` հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները) և այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է սույն հրահանգի 5.2 կետի «ե» ենթակետին համապատասխան, ընդ որում`
    – եթե կապիտալ բնույթի ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը, ապա այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է ամորտիզացիոն մնացորդային ժամկետում.
    Օրինակ 1. Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 7,2 մլն դրամ, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 4,8 մլն դրամ և հաշվեկշռային (մնացորդային) արժեքը` 2,4 մլն դրամ (7,2-4,8): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 3 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004 թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 1,8 մլն դրամի չափով:
    Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է 2004 թ. հուլիսի 1-ից հետո ընկած ամորտիզացիոն մնացորդային ժամկետում:
    2004 թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,2 մլն դրամ (7,2:3:12), իսկ դրանց հանրագումարը` 1,2 մլն դրամ (0,2×6): 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը կազմում է 1,2 մլն դրամ (2,4-1,2), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 6 ամիս:
    2004 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,5 մլն դրամ ((1,2+1,8):6), իսկ դրանց հանրագումարը` 3,0 մլն դրամ (0,5×6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 4,2 մլն դրամ (1,2+3,0):
    Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 3 տարում (սկզբնապես սահմանված ամորտիզացիոն (տվյալ դեպքում` նվազագույն) ժամկետում).
    – եթե կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը և հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է 5 տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է մնացորդային ամորտիզացիոն ժամկետում (բայց ոչ պակաս տվյալ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից).
    Օրինակ 2. Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 7,2 մլն դրամ, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 4,8 մլն դրամ և հաշվեկշռային (մնացորդային) արժեքը` 2,4 մլն դրամ (7,2-4,8): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 3 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004 թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 3,3 մլն դրամի չափով:
    Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:
    2004 թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,2 մլն դրամ (7,2:3:12), իսկ դրանց հանրագումարը` 1,2 մլն դրամ (0,2×6): 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը կազմում է 1,2 մլն դրամ (2,4-1,2), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 6 ամիս:
    2004 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,125 մլն դրամ ((1,2+3,3):3:12), իսկ դրանց հանրագումարը` 0,75 մլն դրամ (0,125×6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 1,95 մլն դրամ (1,2+0,75):
    2005-2006 թթ. համար տարեկան ամորտիզացիան կազմելու է 1,5 մլն դրամ ((1,2+3,3):3), իսկ 2007 թ. (հունվար-հունիս) համար` 0,75 մլն դրամ ((1,2+3,3):3:12×6):
    Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 5.5 տարում (մինչև կապիտալ բնույթի ծախսի կատարումը հաշվառված ամորտիզացիոն ժամկետի (2.5 տարի) և ամորտիզացիոն նվազագույն ժամկետի (3 տարի) հանրագումար):
    Նույն օրինակում, եթե հիմնական միջոցի սկզբնական ամորտիզացիոն ժամկետը ռեզիդենտի կողմից սահմանվեր 7 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետից ավել), ապա 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) ամորտիզացիոն մնացորդային ժամկետը կազմելու է 4.5 տարի (7-2.5) և հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 7 տարում (2.5+4.5):
    Նույն օրինակում, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ լրիվ ամորտիզացված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը կամորտիզացվեն 3 տարում (ամորտիզացիոն նվազագույն ժամկետում):
    – եթե կապիտալ բնույթի ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը և հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է 5 տարուց ոչ պակաս, ապա այդ հիմնական միջոցը ամորտիզացվում է մնացորդային ամորտիզացիոն ժամկետում (բայց ոչ պակաս, քան 5 տարվա ընթացքում).
    Օրինակ 3. Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 12,0 մլն դրամ, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 9,6 մլն դրամ և հաշվեկշռային արժեքը` 2,4 մլն դրամ (12,0-9,6): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 10 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004 թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 3,6 մլն դրամի չափով:
    Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է 5 տարվա ժամկետում:
    2004 թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,1 մլն դրամ (12,0:10:12), իսկ դրանց հանրագումարը` 0,6 մլն դրամ (0,1×6): 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի կատարումը) հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը կազմում է 1,8 մլն դրամ (2,4-0,6), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 1.5 տարի:
    2004 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,09 մլն դրամ ((1,8+3,6):5:12), իսկ դրանց հանրագումարը` 0,54 մլն դրամ (0,09×6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 1,14 մլն դրամ (0,6+0,54):
    2005-2008 թթ. համար տարեկան ամորտիզացիան կազմելու է 1,08 մլն դրամ ((1,8+3,6):5), իսկ 2009 թ. (հունվար-հունիս) համար` 0,54 մլն դրամ ((1,8+3,6):5:12×6):
    Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 13.5 տարում (մինչև կապիտալ բնույթի ծախսի կատարումը հաշվառված ամորտիզացիոն ժամկետի (8.5 տարի) և 5 տարվա հանրագումար):
    Նույն օրինակում 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ լրիվ ամորտիզացված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը կամորտիզացվեն 5 տարում:
    Օրինակ 4. Հիմնական միջոցի սկզբնական (ձեռքբերման) արժեքը կազմում է 12,0 մլն դրամ, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ամորտիզացիան կազմում է 2,4 մլն դրամ և հաշվեկշռային արժեքը` 9,6 մլն դրամ (12,0-2,4): Հիմնական միջոցի ամորտիզացիոն ժամկետը սահմանված է 10 տարի (ամորտիզացիոն նվազագույն ժամկետի չափով): Հիմնական միջոցի վրա կատարվել են կապիտալ բնույթի ծախսեր (2004 թ. հուլիսի 15-ին կազմված կատարողական ակտի հիման վրա) 9,9 մլն դրամի չափով:
    Տվյալ դեպքում հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ավելացվում են այդ հիմնական միջոցի 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքին և հիմնական միջոցը ամորտիզացվում է ամորտիզացիոն մնացորդային ժամկետում:
    2004 թ. հունվար-հունիս ամիսների համար հաշվարկված ամորտիզացիան ամսական կազմում է 0,1 մլն դրամ (12,0:10:12), իսկ դրանց հանրագումարը` 0,6 մլն դրամ (0,1×6): 2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ (մինչև կապիտալ բնույթի ծախսերի ճանաչումը) հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը կազմում է 9,0 մլն դրամ (9,6-0,6), իսկ ամորտիզացիոն մնացորդային ժամկետը` 7,5 տարի:
    2004 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ամորտիզացիան ամսական կազմելու է 0,21 մլն դրամ ((9,0+9,9):7,5:12), իսկ դրանց հանրագումարը` 1,26 մլն դրամ (0,21×6): Ընդամենը տարեկան ամորտիզացիան կազմում է 1,86 մլն դրամ (0,6+1,26):
    2005-2011 թթ. համար տարեկան ամորտիզացիան կազմելու է 2,52 մլն դրամ ((9,0+9,9):7,5):
    Այսպիսով` հիմնական միջոցը լրիվ ամորտիզացվում է 10 տարում (մինչև կապիտալ բնույթի ծախսի կատարումը հաշվառված ամորտիզացիոն ժամկետի (2.5 տարի) և ամորտիզացիոն մնացորդային ժամկետի (7.5 տարի) հանրագումար, որը հավասար է սկզբնապես սահմանված ամորտիզացիոն (տվյալ դեպքում` նվազագույն) ժամկետին).
    Նույն օրինակում, 2004 թ. հունվարի 1-ի դրությամբ լրիվ ամորտիզացված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը կամորտիզացվեն 5 տարում:
    դ) վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն հրահանգի 5.2 կետի «ե» ենթակետին համապատասխան (այդ հիմնական միջոցի մնացորդային ամորտիզացիոն ժամկետում), եթե վարձակալված հիմնական միջոցի վրա այդ ծախսերի կատարման պարտականությունը նորմատիվ ակտով կամ պայմանագրով կրում է վարձակալը, ընդ որում` վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդը չի նվազեցվում վարձակալի համախառն եկամտից:
    Այն հիմնական միջոցների (մասնավորապես` հողամասերի) վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը, որոնց համար ամորտիզացիոն մասհանումների կատարումը օրենսդրությամբ նախատեսված չէ, ամորտիզացվում են սույն հրահանգի 5.2 կետի «ե» ենթակետին համապատասխան` այլ հիմնական միջոցների համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետից ելնելով:
    Շահութահարկի հաշվարկման նպատակով հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների և (կամ) չափերի հիման վրա:
    Սույն կետի կիրառման առումով անհատույց օգտագործմամբ վերցված (ամրակցված) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը (ընթացիկ, կապիտալ) փոխառուի մոտ հաշվի են առնվում վարձակալի համար վարձակալված հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի (ընթացիկ, կապիտալ) համար սահմանված կարգով:”

  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    11 ապրիլի 2000 թվականի N 161
    քաղ. Երևան

    ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՎԱՐՁԱԿԱԼՎԱԾ) ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐՆ ԸՍՏ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ԲՆՈՒՅԹԻ ՏԱՐԲԵՐԱԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
    (Վերնագիրը լրաց. 01.07.04 N 1042-Ն)

    «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
    Սահմանել, որ օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող համարվող հարկատուների շահութահարկը որոշելիս`
    ա) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են կապիտալ ծախսեր, եթե դրանց արդյունքում վերակառուցման, վերազինման, արդիականացման, հիմնանորոգման կամ ընդլայնման միջոցով վերափոխվում է հիմնական միջոցների վիճակը և (կամ) տվյալ հիմնական միջոցի վրա հաշվետու տարվա ընթացքում կատարված ծախսերի մեծությունը գերազանցում է այդ հիմնական միջոցի սկզբնական արժեքի (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատված արժեքի) 10 տոկոսը` այդ չափը գերազանցող մասով.
    բ) հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը համարվում են ընթացիկ ծախսեր, եթե դրանք սույն որոշման «ա» կետի համաձայն չեն համարվում կապիտալ ծախսեր:
    (Որոշումը խմբ. 01.07.04 N 1042-Ն, լրաց. 07.08.08 N 1015-Ն)

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Սարգսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *