
ԱՁ տարեկան սոցիալական վճարը որպես ծախս
Մարգարիտա․
Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատիրոջ տարեկան սոցիալական վճարը շահութահարկով ծա՞խս է համարվում։

Հրշեջ ծառայությունը որպես միկրոձեռնարկատիրություն
Հասմիկ․
Ա Ձ - ի գործունեությունը հրշեջ ծառայություն է, դասակարգիչը O 84 25 1, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրական սուբեկտ։ Շնորհակալություն։

Արդյո՞ք աշխատանքը համարվում է վնասակար
Նարինե․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ էլեկտրիկի աշխատանքը համարվու՞մ է վնասակար։

Դոմենային անվան ձեռքբերում
Տաթևիկ․
Բարև Ձեզ, կօգնե՞ք հասկանալ՝ դոմենային անվան ձեռքբերումն իրենից ի՞նչ է ներկայացնում: Դոմենն ձեռք է բերվել փորձնական միայն մեկ տարի ժամկետով, եկամուտ չի գեներացրել: Հիմա սա արտոնագրի տրամադրման բաժանորդագրային ծառայությու՞ն է, ոչ նյութական ակտիվի վարձակալությու՞ն, թե՞ այլ բան: Իսկ եթե երկարաժամկետ լիներ, ի՞նչ կհամարվեր:

Շահաբաժնից պահված եկամտային հարկ
Ռոզա․
Բարև Ձեզ, բազմաչարչար կոլեգաներ։
Հարց հետևյալն է՝ Եկամտային հարկի այլ եկամուտներ բաժնում 010 կոդի տակ գրանցված շահաբաժիններից պահված եկամտային հարկը ծախս դիտվու՞մ է, թե՞ ոչ, շրջ հարկի հաշվետվության ծախսային բաժնում:

Էլեկտրամոբիլի ներմուծում երրորդ երկրից
Հասմիկ․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ձեռք է բերել երրորդ երկրից էլեկտրամոբիլ։ Ձեռք բերման գինը կազմել է 19 900 000 ՀՀ դրամ (հաշիվ արանքագիր, տրանսպորտի տեղափոխման ծախս, բնապահպանական հարկ, մաքատուրք, բրոքերի գումար), հիմա ուզում ենք վաճառել ՌԴ ֆիզ.անձի: Մեքենան գրանցված է, ձևակերպվել է որպես հիմնական միջոց: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ, ինչպե՞ս պետք է ԱԱՀ-ի հաշվետվությունը ներկայացնեմ (արտահանում ու քանի %)։

Վերջնահաշվարկ բացակայող փաստաթղթերի պարագայում
Գոհարիկ․
Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր օգնությունը՝ աշխատողը աշխատել է 1997թ. մինչև 2025թ. փետրվարի 1-ը: Արձակուրդ է գնացել 2023թ. և 2024թ համար: Որոշ տարիներից աշխատավարձի հիմքերը (աշխատավարձի հաշվարկային և վճարային թերթիկնեը, աշխատավարձի գիրքը, աշխատավարձային քարտերը) բացակայում են, այսինքն՝ կան տարիներ 12 ամսվա փոխարեն կա 6 ամսվա, 8 ամսվա կամ 11 ամսվա հիմքերը: Ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի 20 տարվա վերջնահաշվարկը և բացակա փաստաթղթերի ամիսների հաշվարկը:

Ինտերնետ հասանելիության ծառայության մատուցում
Լիլի․
Բարև Ձեզ։ Խնդում եմ օգնել հետևյալ հարցում՝ միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող Ա/Ձ, որը զբաղվում է Ինտերնետ հասանելիության ծառայություն լարային կապի միջոցով (դասակարգիչը՝ J61.10.3), կարո՞ղ է 2025-ին աշխատել միկրո համակարգում։ Շնորհակալություն։

Արդյո՞ք գործունեությունը համարվում է ԱԱՀ 0% դրույքաչափով հարկվող
Ռուբեն․
Ողջույն բոլորին, ՀՀ ՍՊԸ-ն աշխատուժի ապահովման ծառայություն է մատուցում բացառապես Եվրոպական ընկերությունների։ Ավելի մանրամասն՝ այն իրականացնում է բարձր որակավորման կադրերի փնտրում և տվյալ աշխատանքի համար գործի ընդունում, բայց պատասխանատու չէ գործի կատարման համար։ Կարո՞ղ եմ ընկերության գործունեությունը հարկեր ԱԱՀ 0% դրույքաչափով։

Արդյո՞ք անձը համարվում է ՀՀ ռեզիդենտ
Մարիա․
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու համար Դուք պետք է հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվեք Հայաստանում և (կամ) Ձեր կենսական շահերի կենտրոնը գտնվի Հայաստանում, այսինքն, Ձեր ընտանիքը, տունը կամ բնակարանը, անձնական կամ ընտանիքի հիմնական գույքը, մասնագիտական կամ այլ գործունեության վայրը պետք է գտնվի Հայաստանում։
Ինձ մոտ շփոթմունք է առաջացնում "և/կամ կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում" հատվածը։
Եթե ես և ամուսինս արդեն 5 տարի է չենք եղել ՀՀ-ում, սակայն ունենք ավանդ, և բնակարան ՀՀ-ում, մեր ծնողները ևս բնակվում են ՀՀ-ում, մենք համարվու՞մ ենք ռեզիդենտ, թե՞ ոչ։
Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ այս սահմանումը։
Շնորհակալություն,
Մարիա

ՀԿ գործունեության դադարեցում և լուծարում
Գրիգոր․
Բարև Ձեզ։ Չէի՞ք հուշի՝ ՀԿ գործունեությունը դադարեցնելու քայլերի հաջորդականությունը որն է, ու ժողովի որոշման օրինակ կարո՞ղ եք տրամադրել, որով լուծարվում է կառույցը։

Քաղաքացիաիրավական պայմանագրի փոփոխություն
Արևիկ․
Բարև Ձեզ։ Եթե քաղաքացիաիրավական պայմանագիրը կնքվել է 1 տարով, սակայն երկրորդ ամսից պատվիրատուի ցանկությամբ գումարի չափի ավելացում պետք է կատարվի, կարելի՞ է արդյոք համաձայնագրով պայմանագրի տվյալ ենթակետում փոփոխություն կատարել։

ԲՏ ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեություն
Արման․
Նորաբաց ԱՁ եմ, աշխատողներ չունեմ, զբաղվում եմ ԲՏ ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեությամբ (ցանկը դեռ վերջնական հաստատված չէ), շրջանառության հարկի դաշտում, ֆրիլանս տարբերակով։
Շատ քիչ տեղեկություն կա ընդհանրապես, բայց որքանով հասկացա ներկայացնում եմ հետևյալ հաշվետվությունները․
- 201 ձև - ամեն տարի մինչև փետրվարի 20-ը
- 240 ձև - ամեն տարի մինչև ապրիլի 20-ը (լրացվում է միայն 107 կետը, տարվա համար վճարվում է 12 * 5 000 = 60 000 դրամ)
- 244 ձև - ամեն տարի մինչև ապրիլի 20-ը (լրացվում է միայն 8-րդ կետը, տարվա համար վճարվում է 12 * 5 000 = 60 000 դրամ)
- 286 ձև - եռամսյակը մեկ, մինչև հաջորդ ամսվա 20-ը (վճարվում է շրջանառության 1%-ը)
- Ըստ տարեկան շրջանառության ամեն տարի մինչև ապրիլի 20-ը վճարվում է դրոշմանիշային վճար (ըստ ամենայնի 24 000 դրամ (2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում))
Բոլոր հարկատեսակները վճարվում են պետական գանձապետարանի միասնական հաշվեհամարին՝ 900008000490 Դրոշմանիշային վճարը վճարվում է 900005001186 հաշվեհամարին Կարելի է վճարել ԱՁ հաշվեհամարից, իսկ դրա բացակայության դեպքում ցանկացած հաշվեհամարից նշելով ՀՎՀՀ-ն։ Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ամեն ինչ ճիշտ եմ հասկացել, կա՞ն այլ հաշվետվություններ կամ վճարումներ։

ԱՁ աշխատելու է որպես ՏՏ ոլորտի ռեկրուտեր
Ալինա․
Բարև Ձեզ, խնդրում եմ շատ օգնել առաջին քայլերը ճիշտ կատարել, որ խնդիրներ չառաջանան: Այսօր, մոտենալով հարմար Հայփոստ, բացել եմ ԱՁ (07/02/2025), որից հետո գնացել եմ հարկային և գրանցվել որպես հարկատու։ Ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ 62.01.0: Աշխատելու եմ որպես ՏՏ ռեկրուտեր (IT recruiter) տանից, իմ համակարգչով, Եվրոպական կազմակերպությունում: Այս քայլերից հետո ուրիշ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է հարկայինը իմանում, որ ես իրականում ՏՏ ոլորտում եմ, որպեսզի հարկվեմ 1% կամ 5%: Նախապես շնորհակալություն:

Հյուրանոցային ծառայության մատուցում ֆիզ. անձի սեփական բնակարանում
Անտոն․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք․
1. ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձն իր սեփական բնակարանում կարո՞ղ է որպես զբոսաշրջային տուն մատուցել հյուրանոցային ծառայություն՝ անցնելով միկրոձեռնարկատիրության դաշտ։
2. Արդյո՞ք այդ ծառայության համար նա տրամադրելո՞ւ է ՀԴՄ կտրոն։ Ինչպե՞ս են հաշվառվում ստացվող եկամուտները։
3. Նախաճաշի տրամադրումը և այդ բնակարանում մնալը պարտադի՞ր պայման է։

Նկարչության դասերը որպես միկրոձեռնարկատիրություն
Իրինա․
Բարև ձեզ։ Նկարչություն դասավանդող ֆիզիկական անձը կարո՞ղ է միկրոձեռնարկատեր համարվել։

Դրամաշնորհի ձևակերպումներ
Նարե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ձևակերպումների հարցում` ստացվել է դրամաշնորհ, տրվել է դտ 253 կտ541 ձևակերպումը, գումարի փոխարկումը դտ 252 կտ 253, փոխարժեքի տարբերությունը դտ725 կտ 253։ Գիտեմ, որ դրամաշնորհի գումարը ծախսելիս պետք է տրվի դտ 541 կտ 628 ձևակերպումը, իսկ դրամաշնորհից առաջացած ԱԱՀ-ն ինչպե՞ս պետք է ձևակերպել։

Ստուգում կազմակերպության լուծարման ժամանակ
Մադլենա․
Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:

Անհատույց տրամադրված երաշխիքային ապրանքի ԱԱՀ
Անահիտ․
Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ մենք աշխատում ենք ԱԱՀ-ով։ Պայմանագրում նշված է, որ պետք է անհատույց ավտոպահեստամասերը տրամադրենք, քանի որ ա/մեքենա ենք վաճառել։ Ես պե՞տք հարկային հաշիվ գրեմ ինքնարժեքի 80% -ը և 20% ԱԱՀ։ Ենթադրենք 10 000 դրամ է, գրեմ 8000*20%=1600 և նշեմ անհատույց հարկային հաշվում։
ՀՕ62 ՝ 7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0 դրամ, իսկ իրական արժեքից էական ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը` առանց ԱԱՀ-ի: Այս հոդվածը շփոթեցնում է։ Խնդրում եմ ինձ ճիշտ կողմնորոշեք, շատ շնորհակալ եմ։

Գյուղմթերքի ձեռքբերում գյուղացուց
Ռոզա․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։
Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ, որը 2025թ-ից աշխատում է շրջհարկի դաշտում և բանջարեղենի խանութ է, գյուղացուց ձեռք է բերել բանջարանա-բոստանային գյուղմթերք, ունի երկկողմանի գնման ակտ և համայնքապետարանի տեղեկանքը, որ իրոք տվյալ գյուղացին ունի հող և աճեցնում է գյուղմթերք: Արդյո՞ք գ/ա կդիտվի որպես ծախս:
Վերջին մեկնաբանություններ