Մայրության նպաստ

Մայրության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք

Մայրության նպաստի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև չաշխատող մայրերը, որոնց համար, սակայն, մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Մայրության նպաստ ու՞մ կողմից է նշանակվում և հաշվարկվում

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների համաձայն, որն ընդունվել է 2025թ. մարտի 27-ին, այսուհետ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները նշանակում և հաշվարկում է ՀՀ կառավարության լիազորած պետական մարմինը՝ հիմք ընդունելով էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալները՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու վերաբերյալ, ինչպես նաև՝ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայում առկա տվյալները՝ անձի՝ վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու, հաշվարկային ժամանակահատվածում վճարված աշխատավարձի կամ ստացված եկամուտների վերաբերյալ, և այլն:

Մայրության նպաստ – հաշվարկման կարգը

Վարձու աշխատողի և ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձից (եկամտից):

Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում օրենքով սահմանված նպաստը, ինչպես նաև եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները (հավելավճարներ, հավելումներ, պարգևավճարներ, նպաստներ, արձակուրդային վճարներ և այլն):

Նույն վարձու աշխատողի համար հաջորդ մայրության նպաստը հաշվարկելու դեպքում հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:

Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, տասներկուսի բաժանելու միջոցով: Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված շրջանառության հարկի համակարգի շրջանակում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի՝ շահութահարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ ընդունվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:

Եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Եթե վարձու աշխատողին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկը, ապա վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի տասնհինգապատիկից: Սահմանված չափը գերազանցող գումարից վարձու աշխատողի գործատուն մայրության նպաստը կարող է վճարել իր միջոցների հաշվին: Տվյալ դեպքում մայրության նպաստ նշանակելու (հաշվարկելու) և գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից:

Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ համատեղությամբ աշխատող կամ միաժամանակ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ հանդիսացող վարձու աշխատողի մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքով սահմանված եկամտում հաշվի են առնվում (գումարվում են)՝

1) վարձու աշխատողի գործատուների կողմից հաշվարկային ժամանակահատվածի համար վարձու աշխատողին վճարված եկամուտները.

2) ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա՝ օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը, բացառությամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների, կամ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու տարվան նախորդող տարվա՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված շրջանառության հարկի համակարգի շրջանակում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի՝ շահութահարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար որպես շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտը՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:

Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով: Բարդ ծննդաբերության և միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքերում մայրության նպաստը հաշվարկվում է համապատասխանաբար 155 և 180 օրվա համար:

Մայրության նպաստից պահվում է եկամտային հարկ, իսկ սոցիալական վճարի պարտավորություն չի առաջանում:

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նրա հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում, ու հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու առաջին օրվա դրությամբ նա ունի Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառում:

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է հղիության և ծննդաբերության (ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու) վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները) էլեկտրոնային առողջապահության համակարգից ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

Չաշխատող անձին տրվող մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հիսուն տոկոսը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) և բազմապատկվում 140-ով (հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):

Մայրության նպաստը լիազոր մարմինը վճարում է առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետից ոչ ուշ, անկանխիկ եղանակով՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի ընտրած բանկի միջոցով՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Օրինակ № 1

Վարձու աշխատողը աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակով, նրա ամսական աշխատավարձը կազմում է 51 334 դրամ, և նա չունի այլ գործատուի կողմից վճարված եկամուտ հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում: Աշխատել է յոթ ամիս, և նրա միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

51 334 * 7 = 359 338 / 12 = 29 945 դրամ

Հետևաբար՝ մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

46 875 / 30.4 = 1 542 դրամ (միջին օրական աշխատավարձ)

1 542 * 140 = 215 880 դրամ, որից պահվում է 20 % եկամտային հարկ՝ 43 176 դրամ

Վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 172 704 դրամ:

Օրինակ № 2

Վարձու աշխատողի աշխատավարձը կազմում է 150 000 դրամ: Կազմակերպությունում աշխատել է տասը ամիս, որոնց ընթացքում նրա համար հաշվարկվել է արձակուրդային վճար՝ 71 429 դրամ, մեկ անգամ ստացել է պարգևավճար պայմանագրային աշխատավարձի չափով: Հաշվառման ենթակա տասներկու ամիսների ընթացքում ստացել է եկամուտ այլ գործատուի կողմից՝ երկու ամիս ամսական 120 000 դրամի չափով:

(150 000 * 9) + 75 000 (արձակուրդի ամսվա աշխատավարձը) + 71 429 + 150 000 + (120 000 * 2) = 1 886 429 դրամ

1 886 429 / 12 = 157 202 / 30.4 = 5 171 դրամ (միջին օրական աշխատավարձ)

5 171 * 140 = 723 940 դրամ, որից պահվում է 20 % եկամտային հարկ՝ 144 788 դրամ: Վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 579 152 դրամ:

Կիսվել՝
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները

[…] սահմանված կարգով տեղը աշխատող աշխատակիցը պետք է մայրության նպաստ ստանա 140 օրվա համար, որի ժամկետն է ապրիլի վերջ, և ֆիզում […]