
Ինքնահաշվի դուրսգրում
Հրանուշ․
Բարև Ձեզ։ Եթե Ռումինիայում գտնվող ընկերությունը մատուցում է ՀՀ-ում գտնվող ընկերությանը (ԱԱՀ-ով աշխատող) խորհրդատվական ծառայություններ, հաշիվ-ապրանքագրերի հիման վրա կատարվում է վճարում տվյալ ընկերությանը։ Նման դեպքում ՀՀ-ում գտնվող ընկերությունը պե՞տք է դուրս գրի ինքնահաշիվ, և խնդրում եմ հուշել նման ծառայության տեսակը հարկվելու՞ է արդյոք ՀՀ-ում շահութահարկով, և եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով։ Նախապես շնորհակալություն։

Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Նարեկ.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ոչ ռեզիդենտին բեռնափոխադրման համար վճարումներ է կատարել։ Բեռնափոխադրման համար ոչ ռեզիդենտի գրված ինվոյսում առանձնացված չէ ՀՀ սահմանի բեռնափոխադրումը։ Այս դեպքում պե՞տք է արդյոք ներկայացնել 209 համարի հաշվետվությունը (Հաշվարկ՝ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին):

Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Նարեկ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը օտարերկրյա ԱՄՆ կազմակերպությունից գնել է ծառայություն, որի դիմաց վճարել է 1000 ԱՄՆ դոլար և ստացել է հաշիվ սեպտեմբեր ամսում։ Ոչ ռեզիդենտից ծառայություն գնելուց ինչքան որ տեղյակ եմ, պետք է հաշվարկել և վճարել ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Կխնդրեմ մեկնաբանել, ինչքա՞ն գումարի նկատմամբ հաշվարկել շահութահարկը, ինչպե՞ս դուրս գրել ինքնահաշիվ և ինչքա՞ն գումարով։

Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Նելլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապաներ։ Խնդրում եմ օգնեք, օնլայն ebay-ից ապրանք ենք գնել, վճարումը եղել է ebay-ին, հետո առանձին ինվոյս ա եկել առաքման, առաքողը եղել է ապրանքի տերը։ Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Շնոհակալություն։

Ռեզիդենտության տեղեկանք
Լանա.
Բարև Ձեզ։ Եթե ոչ ռեզիդենտը ռեզիդենտության տեղեկանք է ներկայացնում, արդյո՞ք կազմակերպությունն ազատվում է հարկային գործակալի պարտականություններից՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարումից: Եթե դժվար չէ՝ խնդրում եմ նաև հիմքերը նշել:

Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հստակեցնել հարցը։ A Ֆիրման, որը հանդիսանուն է Ֆրանսիայի ռեզիդենտ կազմակերպություն, մեզ վաճառել է ապրանք և հենց ինքն էլ իրակացրել է բեռնափոխադրումը մինչև ՀՀ։ Ներմուծման ապրանքային հայտարագրում A-ն արտահանողն է, մենք ստացողը։ Առկա է Invoice, որտեղ առանձին տողով նաև նշված է A-ի կողմից կատարվելիք Shipping: Իմ կարծիքով ՀՀ ՀՕ 108-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին կետի ա և բ կոնտեքստում է գործարքը և ոչ ռեզիդենտի շ․հ․ չի առաջանա, բայց ավագ կոլեգաս պնդում է, որ պետք է անպայման առաջացնել։

Ծառայության մատուցման վայր
Արթուր.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում նախագիծ Եվրոպական կազմակերպությունից, այնուհետև վաճառում է Ռուսական կազմակերպությանը։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Ռուսական ընկերությունը ծառայություն է մատուցել ՀՀ ընկերության IT ոլորտում: Առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ այդ ծառայաությունից, եթե մատուցման վայրը ՌԴ-ն է: Կանխավ շնորհակալություն։

Ծառայության մատուցման վայր
Արթուր.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում ֆիլմի ցուցադրման իրավունք ոչ ռեզիդենտ կազմակերպությունից։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ արդյոք ինքնահաշիվ գրելու խնդիր կա, թե՞ ոչ։
Եվս մեկ հարց. Արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել:

ՏՏ ոլորտի Ա/Ձ
Աննա․
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ ԱՁ աշխատում է շրջհարկով, ՏՏ ոլորտում։ Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրի, մատուցման ծառայությունը ԱՄՆ է եղել և արդյո՞ք պետք է վճարել ոչ ռեզիդենտի հարկ՝ եռամսյակային կտրվածքով, և հաշվետվություն ոչ ռեզիդենտի։

Հաշվապահական ձևակերպումներ
Էլինա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
կազմակերպությունը ստացել է գովազդային ծառայություն ոչ ռեզիդենտից 3 000 դոլարի չափով։ Ծառայության արժեքը չի ներառել ոչ ռեզիդենտի շահութահարկը։ Այսպիսով 3 000 փոխանցվել է ծառայության դիմաց, իսկ ինքնահաշիվը դուրս է գրվել 3 600 *488,77փոխարժեք + ԱԱՀ։ Խնդրում եմ ուղղել/մեկնաբանել ձևակերպումները։
Ծառայության պարտքի ձևավորում
Դտ 712- 1 759 572 դր
Կտ 521- $3600
Վճարում
Դտ 521 - $3000
Կտ- 253- $3000
ԱԱՀ
Դտ 261- 351 914,4 դր
Կտ 5243 - 351 914,4 դր
Դտ 226- 351 914,4 դր
Կտ 261- 351 914,4 դր
Եվ հարցը՝ ինչպե՞ս նկարագրել ոչ ռեզիդենտի շահ. հարկը
դտ 521- $ 600
կտ 5241 – $600* վճարման օրվա փոխարժեք, 521 -524 թղթակցությունը նկարագրված չէ հաշվային պլանում, բայց հանդիպում եմ այս կայքում՝ մեկնաբանություններերում,
թե՞ դտ- 521- $ 600
կտ 542- $ 600 *վճարման օրվա փոխարժեք։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Ոչ ռեզիդենտը ծառայություն է մատուցել
Լանա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին՝ ոչ ռեզիդենտը, որը Գերմանիայի հանրապետության ռեզիդենտն է համարվում, ծառայություն է մատուցել մեր կազմակերպության համար ՀՀ-ում և ներկայացրել է ռեզիդենտության մասին տեղեկանք: Հարց՝ 1. Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից որպես հարկային գործակալ, որը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, պե՞տք է արդյոք պահել հարկ և դուրս գրել ինքնահաշիվ, թե՞ ոչ։ 2. Հարկային գործակալը շրջհարկով աշխատելու դեպքում պե՞տք է արդյոք ոչ ռեզիդենտից հարկի պահում կատարի, եթե ծառայություն մատուցող ոչ ռեզիդենտը ռեզիդենտության տեղեկանք չի ներկայացնում, կամ այն երկրի ռեզիդենտն է հանդիսանում, որի հետ ՀՀ համաձայնագիր չունի:

Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, կառաջանա՞ արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկ, եթե պայմանագրով ապրանքը առաքվի մինչև պատվիրատուի պահեստ։

Գովազդի տեղադրում Ֆեյսբուքում
Ռիտա․
Բարև Ձեզ: Ֆեյսբուքյան էջում գովազդ տեղադրելիս առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Եվ ծախսը ինչպե՞ս կարելի է հիմնավորել։

Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Նելլի․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը գործուղման համար օնլայն ավիատոմս է գնում, արդյոք առաջանու՞մ է ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Շնորհակալություն։


Ինքնահաշիվ կանխավճարների դիմաց
Հրանուշ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ոչ ռեզիդենտների կողմից դուրս գրված կանխավճարային հաշիվների հիման վրա դուրս գրվու՞մ է ինքնահաշիվ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել, օրենքի ո՞ր հոդվածով է այն կարգավորվում։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ-ն հարկային գործակալ
Ռուզաննա.
Միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող ԱՁ-ն արդյո՞ք հանդիսանում է հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարման դեպքում:

Հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված գումարի մասին
Սյուզի․
Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ 209 հաշվետվությունը` հաշվարկ ոչ ռեզիդենտին վճարված շահութահարկի գումարի մասին, ո՞ր դեպքում և ո՞ր հարկման ռեժիմում աշխատող կազմակերպություններն են հանձնում այս հաշվետվությունը։

Ձևակերպումներ ՀԾ-ով
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը ՀԾ-ով։
Կազմակերպությունը ստացել է ծառայություն ԱՄՆ-ի ռեզիդենտ կազմակերպությունից։ Համապատասխանաբար ձևավորվում է ոչ ռեզիդենտի շահութահարկ և ԱԱՀ, դուրս է գրվել հաշիվ մատակարարի անունից, որը ինվոյսինգում երևում է` հա՛մ դուրս գրվածներում, հա՛մ ստացածներում։
ՀԾ-ում ցույց են տվել ձևավորված պարտավորությունս հետևյալ կերպ.
Դտ - 7126 Կտ- 52131 3 000$ /որից՝ 2 400$ ծառայության արժեք և ոչ ռեզ. շահութահարկ 600$/:
Ցույց եմ տալիս ոչ ռեզ. շահութահարկը՝ դտ - 52131 կտ - 5241 600$՝ դրամով:
Հարց՝ ինվոյսինգում երևացող հաշիվը դուրս գրվածում և ստացածում ինչպե՞ս եմ ցույց տալիս ՀԾ-ում, ինչպե՞ս եմ ցույց տալիս ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ