
Wildberries հարթակում վաճառողի հարկեր 2025թ․
Անահիտ․
Հարգելի հաշվապահներ, հունվարի 1-ից շրջհարկի դրույքաչափը 10 տոկոս դառնալու հետ կապված է հարցս։ Վայլդբերիզ հարթակում վաճառող եմ, ապրանքն էլ Չինաստանից գնում եմ, ուղարկում ռուսական պահեստ։ Ոնց հասկանում եմ՝ մի հատ էլ գնման գնից 20 տոկոս եկամտային հարկ պիտի վճարե՞մ։ Իսկ հետո էդ գնման գին + 20 տոկոս եկամտային հարկ ինձ համար նվազեցվող ծախս կդիտարկվի՞։ Գնման ակտին ամենաշատը կարող եմ կցել ֆիզիկական անձով ձեռքբերման էլեկտրոնային գնում ու բանկային քարտի քաղվածք, որը հաստատի իմ գնումը։

Եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձից ձեռքբերում ունենալու դեպքում
Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, համաձայն 392-ն որոշման 2025թ-ի հունվարի 1-ից հարկային գործակալները ֆիզ․ անձանցից ապրանքների ձեռքբերման դեպքում արդեն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրեն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվող հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթեր: Իսկ համաձայն 150 հոդվածի 13-րդ կետի հարկային գործակալների կողմից եկամտային հարկի 20% չի վճարվում, եթե առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված` վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր:
Հարց․ 2025թ-ի հունվարի 1-ից էլեկտրոնային եղանակով դուրս գրված փաստաթղթի առկայության դեպքում հարկային գործակալը արդյո՞ք կունենա որևէ պարտավորություն եկամտային հարկի գծով:

Եկամտային հարկ 20 % շրջանառության հարկ վճարող հարկային գործակալների համար
Հայկ․
Բարև Ձեզ։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները եթե հաշվարկային փաստաթղթով կամ ՀԴՄ-ով ձեռքբերում չեն կատարում, պե՞տք է 20 տոկոս եկամտային հարկ վճարեն։ 2025 թվականից շրջանառության հարկ վճարողները պե՞տք է պահեն պահեստի մնացորդ։ Կխնդրեի օրենքի հղումը ուղարկեք։

Հարկեր չհիմնավորված ձեռքբերումների մասով
Դավիթ․
Բարև Ձեզ, ԱՁ աշխատում է առևտրով Երևան քաղաքում, հետևաբար շրջհարկով։ Որ խնդրեմ կասե՞ք՝ չհիմնավորված փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների համար ի՞նչ հարկեր են վճարվելու։

Եկամտային հարկ 2025 թ-ին շուկայից ձեռքբերումների դեպքում
Գագիկ․
Հարգելի հաշվապահներ, առք ու վաճառքով զբաղվող շրջանառության հարկ վճարողները շուկայից ձեռք բերված ապրանքների համար եկամտային հարկ հաշվարկելու՞ են արդյոք 2025թ-ին:

Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ
Սոնա․
Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունը վերլուծական ծառայություն է մատուցում ՀՀ ռեզիդենտ կազմակերպությանը: Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ, քանի որ Մեծ Բրիտանիան գտնվում է կրկնակի հարկման ցուցակում:

Արդյո՞ք կազմակերպությունը հանդիսանում է հարկային գործակալ
Արտակ․
Բարև Ձեզ, կխնդրեի օգնել հետևյալ հարցում․ Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում միկրոձեռնարկատիրության դաշտում, առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողից (Ռուսաստան և ունի ոչ ռեզիդենտության տեղեկանք) ձեռք է բերում ծառայություն՝ Ռոյալթի, որի դիմաց յուրաքանչյուր ամիս պարտավորվում է փոխանցել 12 500 ռուսական ռուբլի։ Արդյո՞ք այս դեպքում Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունը գրելու է ինքնահաշիվ, հանդիսանու՞մ է արդյոք հարկային գործակալ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկման և վճարման համար։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս և ո՞վ է հաշվարկում և վճարում ոչ ռեզիդենտի շահութահարկը։

Մեքենայի վարձակալություն
Նունե․
Միկրոձեռնրկատերը կամ շրջ. հարկով աշխատողը հիմնադիրից անհատույց մեքենա կարո՞ղ է վարձակալել, հարկեր կաառաջանա՞ն:

Մեքենայի վաճառք
Արսեն․
Բարև Ձեզ։ Որքանով որ պարզեցի՝ մեքենա վաճառելիս ձեռք բերումից 365 օր առաջ և հետո եկամտային հարկի վճարման կարգը չի գործում, պետք է առաջնորդվել ՀՕ 150 հոդվածի 9-րդ կետով՝ այսինքն 10 տոկոս եկամտային հարկ և գործում է դրամարկղային մեթոդը՝ այսինքն եթե վճարվում է մաս մաս, եկամտային հարկը նույնպես վճարվում է մասերով։ Այսպե՞ս է արդյոք, և մյուս հարցը, եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է մեքենա և առք ու վաճառքի պայմանագրում նշված է մեքենայի արժեքը պայմանական 1 մլն դրամ, ապա վաճառողին վճարվում է 909 000 դրամ, իսկ եկամտային հարկը կազմում է 91 000, թե՞ պետք է վճարվի 1 մլն, իսկ հարկը 100 000։ Շնորհակալություն։

Ձեռքբերում ֆիզ. անձից
Գոռ․
Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձից կազմակերպությունը գնել է ապրանք, գնման ակտով այս պարագայում տվյալ փաստաթուղթը համարվու՞մ է հիմք շահութահարկով ծախսագրման համար, և եկամտային հարկը ո՞ր կետով է հաշվարկվում։

Ավտոմեքենայի ձեռքբերում
Սասուն․
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել մեքենա 4 000 000 դրամ արժեքով։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ կարգով է ձեռք բերվում իրավաբանական համարանիշը, ֆիզանձից գնելու դեպքում ինչպե՞ս է վճարվում մեքենայի գումարը, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Եկամտային հարկ գյուղացուց ձեռքբերում ունենալու ժամանակ
Իրինա․
Եթե հիմնադրամը դրամաշնորհային ծրագրի շրջանակում, աջակցության ծրագիր իրականացնելու նպատակով գյուղացուց գնել է մթերատու կենդանի, գյուղատնտեսական արտադրանք, արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ։ Եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով է հարկվում։

Իրավաբանական անձը ֆիզ. անձից բնակարան է գնում
Հերմինե․
Բարև ձեզ։ Եթե իրավաբանական անձը ֆիզ անձից բանակարան է գնում, ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում։

ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով
Ադելինա․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է բանջարեղենի վաճառքով, որոնց մի մասը ձեռք է բերվելու գյուղացիներից, մի մասը սեփական ջերմոցից, մյուս մասը լինելու է փաստաթղթավորված ձեռքբերում։ Ինչպե՞ս պետք է վարվի հաշվապահությունը։ Ինչպե՞ս պետք է լրացվի շրջհարկի հաշվետվությունը։

Վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Ֆիզիկական անձը 2023թ-ին անշարժ գույք է վարձակալության տվել կազմակերպությանը փոքր գումարով։ Կազմակերպությունը որպես հարկային գործակալ հաշվարկել է եկամտային հարկը և վճարել։ Սակայն վարձակալության պայմանագիրը պետական գրանցում չունի, ֆիզ. անձն էլ հայտարարություն չի տվել, բայց ներկայացրել է ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր։ Խնդրում եմ ասեք` այս դեպքում ֆիզ. անձին տուգանք սպառնու՞մ է։

Արդյո՞ք պետք է գրել ինքնահաշիվ
Եթե ՀՀ ռեզիդենտը մարքեթինգային ծառայություն է ստացել Դուբայի ռեզիդենտ կազմակերպությունից, այս դեպքում նշված ծառայության համար ինքնահաշիվ պե՞տք է գրվի, թե՞ ոչ, և ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն
Եվա․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը իրականացնում է ավտոյուղերի, քսայուղերի, ապակիների մաքրող միջոցների արտադրություն, և արտադրության մեջ օգտագործում է այնպիսի նյութեր, որոնք փաստաթղթով չի ստացել, հարկ առաջանու՞մ է դրանից, կամ դրանք ուղղակի կոմպլեկտավորման մեջ չենք ներառում, չէ՞։

Եկամտային հարկ շուկայից ձեռքբերման դեպքում
Վերոնիկա․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ ձեռք է բերում ապրանք վաճառքի համար փաստաթղթով, ապա հարկվում է 1,5%, իսկ եթե 2-րդային շուկայից է ձեռք բերում ապրանք, քանի՞ տոկոս է հարկվում։

Տարածքի վարձակալություն
Հայկ․
Բարև Ձեզ։ Ընկերությունը ֆիզ․ անձից վարձակալության է վերցրել տարածք 400 000 ՀՀ դրամով։ Պայմանագրում նշված է, որ այդ գումարից վարձակալը պահում է եկամտային հարկը, իսկ մնացածը վճարում է վարձատուին։
1․Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումները։
2․ Շահութահարկով որքա՞ն գումարը կարող եմ ծախս ճանաչել։

Գյուղատնտեսական արտադրանք
Աննա․
Բարի օր, հարգելի կոլեգաներ։ Պանիր արտադրող ընկերությունը ձեռք է բերում կաթ գյուղացիներից՝ պայմանագրով, ակտով և տեղականքով։ Հարց՝ այս պարագայում կաթը համարվու՞մ է գյուղատնտեսական արտադրանք և ազատվու՞մ է եկամտային հարկից։
Վերջին մեկնաբանություններ