Архив по категории: Հարց ու պատասխան

Июн 29 2020

Արդյո՞ք Ա/Ձ-ն պետք է եկամտային հարկ վճարի ամսական կտրվածքով

Լուսինե.

Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն գրանցված է մարզում, իսկ նա գործունեություն է ուզում ծավալել Երևանում, արդյո՞ք պետք է եկամտային հարկ մուծի ամսական կտրվածքով։ Եվս մեկ հարց. աշխատողի սոց․ վճարը ինչպե՞ս է հաշվարկվում։

Июн 29 2020

Համակարգչային տեխնիկան հիմնական միջոց է, թե՞ արագամաշ առարկա

Սաթեն.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք պատասխանել․ գնել եմ համակարգչի մկնիկ 5 000 դրամ և ստեղմնաշար 25 000 դրամ։ Դրանք պե՞տք է դիտեմ որպես հիմ. միջոց թե՞ արագամաշ առարկա։
Պե՞տք է դասեմ մինչև 50 000 դրամ արժողությամբ հմ-ի դասում և ծախսագրեմ նույն պահին 713-111, թե՞ դիտեմ որպես համակարգչային տեխնիկա և մաշվածք հաշվեմ 1 տարի։

Июн 29 2020

Ա/Ձ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել

Gevorg.

Բարև Ձեզ։ Ասացեք խնդրեմ` 95․12․0 տնտեսական գործունեության դասակարգիչով գրանցված (գրանցումը կատարվել է 18.06.2020թ.-ին) Անհատ ձեռնարկատերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնել։ Շնորհակալություն

Июн 27 2020

Ուսման 5 տարիները հաշվու՞մ են որպես ստաժ

Հրաչ․

Բարև Ձեզ։ Ունեմ 13 տարվա ստաժ, 5 տարի էլ սովորել եմ ԲՈՒՀ ում, բայց չեմ ծառայել։ Ուսման 5 տարիները հաշվու՞մ են որպես ստաժ։

Июн 27 2020

Արդյո՞ք սոց․ վճար վճարող աշխատողի համար հաշվարկվում է աշխատանքային ստաժ

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ մի հարցում. միկրոձեռնարկատիրությամբ գործող կազմակերպության աշխատողի համար ամսական 5 000 դրամ եկամտային հարկ է փոխանցվում և 2.5% էլ նպատակային սոց․ վճար։ Ուզում եմ հասկանալ, եթե աշխատողի համար նպատակային սոց․ վճար է փոխանցվում, այդ դեպքում ինչու՞ աշխատանքային ստաժ չի համարվում։

Июн 27 2020

Արդյո՞ք սխալ կատարված վերջնահաշվարկը ենթակա է վերադարձման

Նառա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ եթե սխալ է ավել վերջնահաշվարկը կատարվել և ավել է փոխանցվել, արդյո՞ք այն ենթակա է վերադարձման գործատուին։
Շնորհակալություն։

Июн 27 2020

Ինչպե՞ս է հաշվարկվելու արձակուրդային վճարը

Մերի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցին: Աշխատողը (ուսուցիչ) վերադարձել է ֆիզ. արձակուրդից աշխատանքի իր դիմումի հիման վրա /մայիսի 4-ին 2020թ./, աշխատել է 2 ամիս, ինչպե՞ս է հաշվարկվելու արձակուրդայինը (արձակուրդ են գնալու հուլիսի 1-ից), եթե ֆիզ. է գնացել 2017թ.-ից՝ առաջին, և 2018թ.-ին՝ երկրորդ անգամ, ու դեռ երեխայի երկու տարին չի լրացել (18.12.2020թ. նոր է լրանում):

  1. Միջին աշխատավարձը ինչպե՞ս հաշվել:
  2. Քանի՞ արձակուրդային օր վճարել:

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:

Июн 27 2020

Մայրության նպաստի հաշվարկ

Անի․

Բարև ձեզ։ Իմ գործունեությունը հունվար ամսից փոխվել է միկրոձեռնարկատիրականի, 2015-2019թ֊ից հանդիսացել եմ արտոնագրային հարկ վճարող, իմ գրանցված աշխատողը (2016-ից) պետք է գնա ֆիզ արձակուրդ, կուզեի իմանալ՝ որքա՞ն նպաստ է նա ստանալու։

Июн 27 2020

Ինքնազբաղված անձը առցանց մարքեթինգային ծառայություններ է ցանկանում մատուցել

Նինա․

Բարև Ձեզ:
1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։
2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։
Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։
Նախապես շնորհակալություն:

Июн 27 2020

Մայրության նպաստի հաշվարկ կազմակերպության լուծարման դեպքում

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ։ Եթե հղիության 6-րդ ամսում կազմակերպությունը լուծարվում է, աշխատողը չի՞ օգտվում նպաստից, պետության կողմից կա՞ արդյոք որևէ փոխհատուցում և եթե այո, ապա ի՞նչ կարգով։ Նախապես շնորհակալ եմ։

Июн 26 2020

Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տրվի ԱՊՊԱ-ի փոխհատուցման դեպքում

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում պետք է տրվի ՍՊԸ-ին ԱՊՊԱ-ի փոխհատուցման դեպքում:

Июн 26 2020

ՍՊԸ-ն շահաբաժինների վճարման որոշում է ընդունել

Hayk.

Բարև Ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն 2020թ. հունիսին որոշում է ընդունել շահաբաժինների վճարման: Այդ որոշման հիման վրա պետք է 2020թ. հունիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ` Բաժին II-ում ներկայացնեմ շահաբաժնի և եկամտային հարկի չափը։ Իսկ կարո՞ղ եմ արդյոք վճարումը կատարել 2020թ․ դեկտեմբերին՝ կանխիկ եղանակով։ Կա՞ որևէ օրենսդրական սահմանափակում։ Նախապես շնորհակալություն։

Июн 26 2020

Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում

Արաքսյա.

Ա/Ձ-ն բացվել է 1 ամիս առաջ, և շրջանառության հարկով աշխատելու համար չեն հասցրել ուղարկել հայտարարություն, և ավտոմատ կերպով հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Ցանկանում եմ լուծարել Ա/Ձ-ն և նորը բացել (նշեմ, որ որևէ գործունեություն չեմ ծավալել): Բայց այս պահին իմ տարածքային բաժնից գտնվում եմ շատ հեռու։ Կցանկանայի իմանալ՝ որևէ այլ տարբերակ կա՞: Որքա՞ն կտևի լուծարման գործընթացը, և լուծարելուց անմիջապես հետո կարո՞ղ եմ նորը բացել, թե՞ ոչ։

Июн 26 2020

Վերջնահաշվարկ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք վերջնահաշվարկի հարցում:
Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 12.05.2020թ.-ին և ազատվել 23.06.2020թ.-ին: Ի՞նչ սկզբունքով եմ հաշվարկելու վերջնահաշվարկը:
Կանխավ շնորհակալություն։

Июн 26 2020

ԱԱՀ հաշվարկը ավտոմատ կերպով ճիշտ չի լրացվում

Սեդա․

Բարև Ձեզ։
ԱԱՀ-ի 260-ն համարի հաշվետվությունը լրացնելիս ավտոմատ կերպով թվերը ճիշտ չի լրացվում, ի՞նչ անեմ այդ դեպքում, ու՞մ դիմեմ:

Июн 26 2020

Ե՞րբ կարող է աշխատողը իր հաշվին արձակուրդ վերցնել

Astghik.

Բարև Ձեզ: Կա՞ նվազագույն ժամանակահատված, որից սկսած աշխատողը կարող է իր հաշվին արձակուրդ վերցնել:

Июн 26 2020

Արձակուրդայինը հաշվարկելու դեպքում

Անի.

Բարև Ձեզ: Արձակուրդայինը հաշվարկելիս 12 ամիս, եթե հետ ենք գնում, և աշխատողը 2 ամիսը գտնվել է արձակուդում.
1․ ընդամենը ԱՎՈՒՄ-ին մասնակցու՞մ են այդ 2 ամիսները,
2․ ընդամենը ԱՎՈՒՄ բաժանվու՞մ է 12-ի, թե՞ այն ամիսիների վրա, որոնք մասնակից ամիսներն են:
Շնորհակալություն:

Июн 25 2020

Անձը ցանկանում է ՀԴՄ սարք ձեռքբերել

Mari.

Բարև Ձեզ։ ՀԴՄ սարքեր ունե՞ք, ուզում եմ ձեռքբերել։

Июн 25 2020

Ինչպե՞ս պետք է կատարվի խոզաբուծությամբ զբաղվող կազմակերպության հաշվապահական հաշվառումը

Հենրիխ․

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակրեպությունը զբաղվում է խոզերի բուծմամբ, միսը մորթելով և վաճառեկով: Ինչպե՞ս պետք է կատարվի հաշվապահական հաշվառումը: Տվյալ ոլորտումում ի՞նչ է հանդիսանում մայր խոզը, արտադրանքը, կերը և այլն: Ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպումներ։

Июн 25 2020

Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը

Անի․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողն աշխատել է 1 տարի 6 ամիս և նոր պետք է առաջին անգամ գնա արձակուրդ (իր ցանկությամբ է արձակուրդն ուշ տրամադրվել): Արդյո՞ք օրենքի խախտում է համարվում արձակուրդի ուշ տրամադրումը:

Июн 25 2020

Ազատ գրաֆիկով աշխատանքի ձևակերպում տեղեկագրում

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք ինձ օգնել։ Աշխատաժամանակի տեղեկագրում ազատ գրաֆիկով աշխատողի ժամերի քանակը ո՞նց կարելի է նշել, որ ճիշտ լինի։

Июн 25 2020

Բյուլետենի հաշվարկ

Հրաչյա.

Բարև ձեզ։ Հունիսի 9-ից մինչև 30-ը բյուլետենի մեջ եմ լինելու։ Կեղտոտ աշխատավարձս 320 000 է, որքա՞ն եմ վարձատրվելու։

Июн 25 2020

Ինչպե՞ս հաշվարկել մայրության նպաստը

Inna.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվարկել մայրության նպաստը: Աշխատողի աշխատավարձը կազմում է 55 454 դրամ, աշխատում է 2020 հունվարի 8-ից:

Июн 25 2020

Ի՞նչ գումար է պետությունը տրամադրելու ֆիզ․ արձակուրդի դեպքում

Աննա․

Բարև Ձեզ։ Ես ունեմ Ա/Ձ, որը միկրոձեռնարկատիրությամբ է զբաղվում (գեղեցկության սրահ) և ունեմ 1 աշխատող: Շուտով ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Կասե՞ք ինչ գումար է պետությունը ինձ տրամադրելու: Սրահը շարունակելու է աշխատել։

Июн 25 2020

Արդյո՞ք տնօրենն ու հաշվապահը ևս պետք է վճարվեն 2/3-ով

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկը հունիսին 2 շաբաթ գտնվել է հարկադիր պարապուրդում և վճարվելու է 2/3-ով, արդյո՞ք տնօրենն ու հաշվապահը ևս պետք է վճարվեն 2/3-ով։

Июн 25 2020

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքը կհամարվի ստաժ

Վահան․

Բարև Ձեզ։
4 տարի 10 ամիս է աշխատում եմ պետական ԲՈՒՀ-ում որպես դասախոս (հիմնական աշխատող եմ), դրանից առաջ 4 ամիս կրկին իմ մասնագիտությամբ աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, սակայն քաղաքացիաիրավական պայմանագրով։ Այժմ աշխատանքս փոխելու համար 5 տարվա մասնագիտական ստաժ է պահանջվում։ Հարցս հետևյալն է՝ 4 ամիս իմ մասնագիտությամբ, բայց քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատածս ժամանակը մասնագիտական աշխատանքային ստաժ համարվու՞մ է։

Июн 25 2020

Արդյո՞ք հասնում է արձակուրդային

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Եթե ընդունվել եմ աշխատանքի 2020թ. փետրվարի 3-ից ուսումնական հաստատությունում, հիմնական աշխատող եմ, ինձ հասնու՞մ է արձակուրդային։ Շնորհակալ եմ նախապես։

Июн 24 2020

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալ հաշվապահական ձևակերպումներ.
– Հաշվարկային հաշվից մարվել է բյուջեի պարտքը:
– Ապրանքների վաճառքից եկամտի դուրսգրումը ֆինանսական արդյունքին:
– Կազմակերպությունը տրված կանխավճարների դիմաց մատակարարից ակտիվներ չի ստանում, այդ դեպքում մատակարարի կողմից կատարվում է հետվերադարձ միջոցների գծով:
– Հիմնադիրների կողմից դրամական միջոցների ներդրումը կանոնադրական կապիտալում:
– Ոչ նյութական ակտիվի վրա կատարված հետագա ծախսումների տեղափոխումը հաշվեկշռային հաշիվ:

Июн 24 2020

ԵԱՏՄ երկրներից ներմուծվող կոսմետիկան ենթակա՞ է հարկման

Ժաննա.

Ողջույն։ ԵԱՏՄ երկրներից ներկրվող կոսմետիկան ենթակա՞ է հարկման։

Июн 24 2020

ՀԿ հաշվառման կազմակերպում

Բարև Ձեզ։
1․ Եթե ցանկանում եմ մասնակցել դրամաշնորհային ծրագրի, որտե՞ղ դիմեմ
2․ Դրամարկղի գիրք պարտադի՞ր է, թե՞ ոչ
3․ Եթե անում եմ վճարովի սեմինարներ և գումար վաստակում, ո՞նց եմ ցույց տալու, ո՞նց հաշվառեմ
4․ Կարող եմ վճարովի երեխաների խմբակ ունենալ, հաշվառումը էլի հաշի՞վ եմ գրում և քանի՞ տոկոս եմ հարկվում
5․ Աշխատողին 1 ժամը 600 դրամ լա՞վ է, չէ՞
Շատ շնորհակալ եմ։

Июн 24 2020

Ինչպե՞ս հաշվապահորեն  ձևակերպել կանոնադրական կապիտալի նվազումը

Ինչպե՞ս հաշվապահորեն ձևակերպել կանոնադրական կապիտալի նվազումը բաժնետոմսերի մարումից հետո:

Июн 24 2020

6 ամիս աշխատած աշխատողը քանի՞ օրով իրավունք ունի արձակուրդ ձևակերպել

Mane.

Բարև Ձեզ: Աշխատելուց 6 ամիս անց տեղյակ եմ, որ աշխատողը իրավունք ունի արձակուրդ ձևակերպել, բայց քանի՞ օրով։ Ես աշխատելուց 6 ամիս հետո օգտագործել եմ ինձ հասանելիք 20 աշխատանքային օրից 10-ը, այժմ ազատման դիմում եմ գրել և ինձ նշում են, որ մնացած 10 օրը չեմ կարող օգտագործել, քանի որ 12 ամիսը չի լրացել աշխատանքիս։ Խնդրում եմ օգնեք հասկանալ։

Июн 24 2020

Ինչպե՞ս պետք է դուրս գրել կանխիկ վճարման հաշիվ վավերագիր

Վահագն.

Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս պետք է դուրս գրի կանխիկ վճարման հաշիվ վավերագիր: Գնորդ ֆիրման շրջհարկով աշխատող ՍՊԸ է, որը վճարելու է կանխիկ:

Июн 24 2020

Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել փոխառությունից

Կարինա.

Բարև ձեզ: Կազմակերպության բանկային հաշվեհամարները և դրամարկղային գիրքը արգելանքի տակ են։
Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել՝ տնօրենին (ով նաև հիմնադիր է) տրված փոխառությունից փոխմարում անելով։

Июн 24 2020

Հանքարդյունաբերությամբ զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահություն

Ռիտա.

Բարի երեկո: Խնդրում եմ օգնել հանքարդյունաբերությամբ (քարի արդյունահանում) զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահության կազմակերպման գործում: Նախապես շնորհակալ եմ:

Июн 24 2020

Ինչքա՞ն կկազմի ամսական եկամտահարկը

Anna.

Բարև Ձեզ։ Ամուսինս մասնագիտությամբ քարտաշ է և հիմա ցանկանում է Ա/Ձ բացել իր անունով։ Ամսական շարժը կազմում է 300 000-350 000 դրամ։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի եկամտահարկը ամսական և արդյո՞ք այդ գումարը բավարար է Ա/Ձ-ի համար։ Խնդրում եմ ասել` ինչ փաստաթղթեր են հարկավոր գրանցվելու համար:

Июн 24 2020

Շահաբաժինների 5 % հարկման մասին օրենքի հոդված

Հայկ.

Բարև ձեզ: Խնդրեմ, կհուշե՞ք՝ շահաբաժինների 5 % հարկման մասին օրենքի հոդվածը 2018թ. հունվարի 1-ի՞ց է մտել ուժի մեջ: Այսինքն՝ եթե 2017թ. հունիսին հայտարարագրվել են, իսկ դեկտեմբերին վճարվել են նախորդ տարիների կուտակված շահաբաժինները, ապա, կարծեմ, հարկման ենթակա չեն: Կխնդրեմ օրենքի հղում անել:

Июн 24 2020

Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել

Արփինե.

Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն ունի փաստաթղթերով ձեռքբերված և ներմուծված ապրանք և փոխում է գործունեության հասցեն, որը նշվել է հաշիվների մեջ, որպես առաքվող ապրանքների նշանակման վայր։ Պե՞տք է արդյոք տեղափոխման փաստաթուղթ գրել նոր հասցե տեղափոխելու և վաճառք իրականացնելու համար։ Նախապես շնորհակալ եմ։

Июн 23 2020

Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը

Վաչե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք` ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադիր է հաշվապահի առկայությունը թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը:

Июн 23 2020

Էլեկտրոնային ստորագրություն

Բարև Ձեզ: Հարկայինի հաշվետվությունները և այլ փաստաթղթերը ստորագրում էի տնօրենի էլ. ստորագրությամբ, այսուհետ իմ քարտով պետք է ստորագրեմ: Ակտիվացրել եմ ստորագրությունը, հարկայինում ինչ-որ տեղ պե՞տք է ներկայացնեմ, որ ստորագրողը փոխվել է: Ինչ-որ տեղեկանքի, դիմումի ձև կա՞: Զանգում եմ թեժ գիժ` արձագանք չկա:

Июн 23 2020

Ինչպե՞ս կատարել ԱՁ-ի կասեցում, եթե կա չկատարված պարտավորություն

Եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցին: Որպես ԱՁ ունենք դատական կարգով շահած գործ (գումարի բռնագանձում): ԱՁ-ն ցանկանում ենք կասեցնել: Ցանկանում եմ հասկանալ` ԱՁ-ի կասեցման դեպքում տվյալ պարտավորությունը դառնու՞մ է անձնային և գումարի բռնագանձում տեղի է ունենում, թե՞ ԱՁ-ն կասեցնելու դեպքում դատարանի որոշումը ևս չեղարկվում է: Ուղակի այս պահին ԱՁ-ն այլևս ոչ մի գործունեություն չի իրականացնում:

Июн 23 2020

Երեխայի խնամքի համար արձակուրդի հրաման

Ողջույն: Աշխատողի համար մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ ձևակերպելու դեպքում հրաման տրվու՞մ է: Եթե տրվում է` խնդրում եմ կարո՞ղ եք ինձ հրամանի օրինակելի ձև ուղարկեք (arpinesoc շնիկ mail.ru):
Կանխավ շնորհակալություն:

Июн 23 2020

ՍՊԸ-ն կարո՞ղ է գործունեություն ծավալել որպես միկրոձեռնարկատեր

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն, որը ներմուծում է քսայուղեր ՌԴ-ից, կարո՞ղ է մյուս տարի դառնալ միկրոձեռնարկատեր, եթե այժմ աշխատում է շրջհարկով, և տարեկան շրջանառությունը չի գերազանցում 2 միլիոնը: Շնորհակալություն:

Июн 23 2020

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք

Sergey.

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք ապրիլ ամսին: Հայտարարագիր,հայտարարություն և ԱԱՀ-ի հաշվետվություն չի ներկայացվել: ՀՏ-ից եկել է ծանուցում, ո՞վ կարող է օգնել լրացնել նշված փաստաթղթերը:

Июн 23 2020

Ինչպե՞ս պետք է վարվի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն անհուսալի դեբիտորական և կրեդիտորկան պարտքերի մասով

Հայկ.

Բարև ձեզ: Շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն անհուսալի դեբիտորական և կրեդիտորկան պարտքերի մասով ինչպե՞ս պետք է վարվի, եթե վերագրում է համապատասխանաբար ծախսերին և եկամուտներին: Նկատի ունեմ՝ ի՞նչ հարկեր կառաջանան և ո՞ր հաշվետվության մեջ պետք է արտացոլվեն:

Июн 23 2020

Միկրոձեռնարկատիրությունը կարո՞ղ է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումից

Ռուզաննա.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկատիրություն և գործունեութուն է ծավալում հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք կարող է օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներորդ միջոցառումից:

Июн 23 2020

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Խաչատուր.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ լիզինգի ստացման ձևակերպումները վարձակալի մոտ: Օրինակ՝ ձեռք է բերել ավտոմեքենաներ, պայմանագրային արժեքը՝ 78 300 000 դրամ, իսկ հանձնման-ընդունման ակտով՝ 87 000 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ամեն ամիս բանկը մեզ հաշիվ է գրում՝ վարձավճար և տոկոս՝ 3 552 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն, որից 3 100 000 դրամը վարձավճար է, իսկ 452 000 դրամը՝ տոկոս: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումներ:

Июн 23 2020

Արդյո՞ք նպաստը պակասեցվում է եկամտային հարկից

Naira.

Բարև Ձեզ։ Եթե հաշվետու ժամանակահատվածի նպաստը վճարվել է մինչև հաշվետու ժամանակահատվածի համար ամփոփ եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելը, այսինքն` մինչև հաջորդ ամսվա քսանը, ապա եկամտային հարկից պակասեցվում է թե՞ ոչ:

Июн 23 2020

Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը

Ինգա.

Բարև Ձեզ: Ես հանդիսանում եմ կես դրույքով վարձու աշխատող (40 000 դրամ աշխատավարձով) և միաժամանակ հանդիսանում եմ Ա/Ձ, որը կապ չունի իմ գրանցված աշխատավայրի հետ: Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը:

Июн 23 2020

Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը

Vahan.

Բարև Ձեզ։ ԱՁ-ն գրանցվել է 2019թ-ի հոկտեմբեր ամսին, հարկվում է ԱԱՀ-ով։ ԱՁ-ն բացվել է մրցույթի` շահում ստանալու նպատակով, և ոչ մի գործունեություն չի իրականացրել։ Շահումը փոխանցվել է նվիրաբերության տեսքով, որից հետո ԱՁ-ն 2020-ի փետրվար ամսին կասեցրել է գործունեությունը։ Այդ ընթացքում ԱՁ-ն բացառապես ոչ մի վճար չի իրականացրել։ Ներկայացրել է 0-ական ԱԱՀ հաշվետվություններ, 0-ական շահույթ, 0-ական սոց. վճար։ Ի՞նչ վճարներ պետք է անի ԱՁ-ն։ Արդյո՞ք ԱԱՀ-ով պետք է հարկվի նշված շահումը։

Предыдущие сообщения «

» Более новые сообщения